«Բարեգործական գործունեությամբ չզբաղվենք, որովհետև դուք կաք ու գալո՞ւ եք». Վահան Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 18:58

«Եթե այդքան խորն են կատարվում ձեր քննարկումները, բացատրեք ինձ խնդրեմ, թե այդ ինչպե՞ս ձեր խորը քննարկումների ընդերքում ծնվեց այդ պայծառ միտքը՝ Վարդան Օսկանյանին հնարավորություն տալ, որ պաշտպանվի: Իրավաբան չկա՞ր ձեր մեջ` ասեր, որ մարդը պարտավոր չի ապացուցել իր անմեղությունը»,- ԱԺ-ում Վարդան Օսկանյանի գործով քննարկման ժամանակ հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

ՀՅԴ-ական պատգամավորը խոսեց «Օգնիր եղբորդ» նախաձեռնության մասին` նշելով, որ բարեգործական օգնությունը կուտակվում է իր հաշվի վրա: «Այս մարդիկ աշխատում են, կազմակերպություն գրանցված չկա, նվիրաբերություններն ու բեռը կուտակվում է իմ հաշվի վրա, որովհետև ես չեմ կարող Հալեպի բլոկ պոստերն անցնել ու հարցեր լուծել՝ փոխանցումով: Բայց հիմա ես արդեն շատ լուրջ մտահոգված եմ՝ ինչո՞ւ այս ամենի ինչի տակ մտա, վաղը «Օգնիր եղբորդ» ծրագրի համար միջնորդությամբ կմտնեն իմ դեմ, ու դուք կգնաք, կքվեարկեք»,- մտահոգություն հայտնեց նա:

Պատգամավորը խնդրեց պարզաբանել` արդյոք հնարավո՞ր է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հարցում էլ իր դեմ միջնորդագիր ներկայացնեն:  «Ասեք իմանանք, որ հասարակական ու բարեգործական գործունեությամբ չզբաղվենք, որովհետև դուք կաք ու գալո՞ւ եք»,-հարցրեց  պատգամավորը:

Այնուհետև նա նկատեց, որ ծայրահեղությունը հասել է այն աստիճանի, որ որոշ մարդիկ Վարդան Օսկանյանին մեղադրում են  Ղարաբաղը ծախելու և այլնի մեջ. «Ու դա խոսում են մարդիկ, ում ժամանակ պատգամավորներին ձերբակալելուց առաջ ծեծում էին։ Հիմա իհարկե առաջադիմել ենք, ուղղակի ձերբակալում են առանց ծեծելու»,-ասաց Հովհաննիսյանը` նկատի ունենալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` Վարդան Օսկանյանի դեմ ուղղված մեղադրանքները։

Նա նաև նկատեց, որ շատ կցանկանար, եթե բոլոր պատգամավորները, ինչպես Վ.Օսկանյանը, մանրամասնորեն իրենց հնարավորությունների ու գումարների մասին պատմելու խիզախությունն ունենային։ «Կարո՞ղ եք։ Չե՛ք կարող, որովհետև շատերին տեղում կկալանավորեն առանց անձեռնմխելիության»,-ասաց նա։

Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply