«Մենք մեր գործընկերոջը չենք հանձնելու». Աղվան Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 18:28

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ելույթ ունենալով Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու` գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ, հայտարարեց. «Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը անհնար է չորակել իբրև քաղաքական հետապնդում: Միջնորդության` «հանրորեն վտանգավոր արարք», «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» արտահայտություններին չեմ էլ անդրադառնում»:

Աղվան Վարդանյանին հետաքրքրում է. ի՞նչ է անելու խորհրդարանը, ինչպե՞ս է այս գործը ազդելու մեր պետականության ընթացքի վրա, ի՞նչ ազդակներ է փոխանցվելու Հայաստանի քաղաքացիներին: «Արդյո՞ք, հանձնելով Օսկանյանին, մենք դժվար կայացող մեր պետականության հիմքերի մեջ նոր ական չենք դնում: Անկախ տարբեր ուժերի քաղաքական դիրքորոշումից` մարդը տասը տարի բարեխղճորեն կատարել է բարձրաստիճան պետական գործչի իր պարտականությունները և հարգանք ու հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում: Իրավականորեն այսքան անհիմն մեղադրանքների պարագայում ի՞նչ արձագանք ու հակազդեցություն ենք ունենալու` նախորդը դեռ ամբողջովին չմարսած: Սրանով մենք քաղաքական հաշվեհարդարները պարբերաբար կրկնելու նախադեպեր չե՞նք ստեղծում»,-հարց բարձրացրեց Վարդանյանը,-կյանքը շարունակվելու է, և տարիներ շարունակ ամեն մեկս առանձին մեր մեջ մտածելու ենք` ճի՞շտ ենք պահել մեզ Օսկանյանին հանձնելիս, մեր պետությանը ամոթը չէ՞, որ պարկեշտ, վաստակ ունեցող մարդուն այս վիճակի մեջ ենք դրել…Առջևում նախագահական ընտրություններն են: Այս քայլով մենք նվազեցնելու՞, թե՞ ավելացնելու ենք քաղաքական ու հասարակական լարվածությունը, հանդուրժողականությա՞ն, թե՞ անհանդուրժողականության մթնոլորտ ենք ստեղծելու, մեր քաղքացիների մոտ մեծացնելու՞, թե՞ վերացնելու ենք վստահության վերջին փշրանքները իշխանության և Հայաստանի ապագայի հանդեպ»:

Աղվան Վարդանյանի խոսքով, Դաշնակցության խմբակցության համար այս հարցերի պատասխանը հստակ է. «Մենք մեր գործընկերոջը չենք հանձնելու»:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply