Առանցքում` երեխայի կրթական կարիքների և կրթության իրավունքի ապահովումը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 18:18

Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի նախաձեռնությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել խորհրդի անդամների hետ: Հանդիպման առիթը Եվրոպային Խորհրդի` Հայաստանի հետ իրականացվող 2012-14 թթ. գործողությունների ազգային ծրագրի կրթության հատվածում հատուկ կրթության իրավունք ունեցող երեխաներին վերաբերող նոր ծրագրի քննարկումն էր: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախաձեռնությամբ` հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի հետ համատեղ: Խորհրդի անդամներին, մասնավորապես, հետաքրքրում էր նշված ծրագրի շրջանակում խորհրդի դերակատարությունը, ծրագրի նպատակները, ինչպես նաև իրականացման մեխանիզմերը: “ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կարևորում է հատուկ կրթության ոլորտում իրականացվող գործընթացները, այդ թվում, երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության կանխարգելման համատեքստում: Ոլորտն ունի հավելյալ աջակցության կարիք. այդ է պատճառը, որ նախարարությունը ԵԽ ազգային գործողությունների ծրագրում առաջարկել է ներառել նաև նշված ոլորտը: Վերջին երկու տարիների ընթացքում, այդ թվում նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական խորհրդի շնորհիվ, զգալիորեն նվազել են դժգոհությունները հատուկ կրթության համակարգից, սակայն դա չի նշանակում, որ պետք է բավարարվել ձեռքբերվածով: Գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ, որպեսզի և ոչ մի րոպե զգոնությունը չկորչի”,-նշել է նախարարը և հավելել, որ վերոնշյալ ծրագրով հիմք է դրվում համագործակցության նոր հարթակի` խորհրդի անդամներին կոչ անելով արդեն իսկ սկսել մտածել ծրագրի մեխանիզմների իրականացման շուրջ:
Նախարարը հանդիպման մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ որոշակի փոփոխություններ են նախատեսվում “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքում, որտեղ մեծ բաղադրիչ է կազմում ներառական կրթության ընդլայնումը և առհասարակ, ըստ նախարարի, նոր օրենքի հիմնաքարը երեխայի իրավունքներն են և կրթության կազմակերպումը` ըստ երեխայի կրթական կարիքների և կրթության իրավունքի իրականացման: Նախարարն ընդգծել է, որ նշված նախագծի վերաբերյալ կլինեն հանրային լսումներ և քննարկումներ, որին կմասնակցեն և առաջարկություններով ու դիտողություններով հանդես կգան նաև հանրային սեկտորի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները նաև ահազանգ են հնչեցրել մարզային ենթակայության երկու հատուկ դպրոցներում շենքային պայմանների անկատարության վերաբերյալ: Նախարարը խոստացել է քննարկել խնդիրը և արդյունքների մասին տեղեկացնել նաև խորհրդի անդամներին:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply