ԲՀԿ-ն չի մասնակցի քառօրյային, սակայն խստորեն կհսկի Օսկանյանի դեմ միջնորդության քվեարկությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 17:45

«Մենք հասկացանք, որ մեր գլխավոր դատախազությունը խիստ հանձնառու է «Սիվիլիթասի» շահերը պաշտպանելու գործում: Հույս ունենք, որ պարոն Հանթսմանն ու «Սիվիլիթասի» հիմնադրամն առաջիկայում շնորհակալական ուղերձ կհղեն մեր իրավապահ մարմիններին` իրենց հոգսերը հոգալու և իրենց շահերը` անկախ իրենց միջնորդության, իրենց դիմումի և իրենց բողոքի, այդքան ջանադրորեն պաշտպանելու համար»,-այսպես սկսեց իր ելույթը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է միջնորդությանը, ապա նա հարկ չհամարեց քննարկել այն` նշելով, որ դա էր պատճառը, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները որևէ հարց չուղղեցին գլխավոր դատախազին:

«Ի սկզբանե պարզ է` միջնորդությունը իրավական հիմնավորումներ չունի, և այն իր մեջ բացառապես քաղաքական կոմպոնենտ է պարունակում` ուղղված ոչ միայն ԲՀԿ ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, այլև ԲՀԿ-ի դեմ,-ասաց նա,- շատ հստակ ձևակերպվեց` գումարը տեղում է, բողոքող չկա, ավելին, նա, ով պիտի բողոքեր, հստակ մատնանշել է, որ թողնում է ծախսերը Վարդան Օսկանյանի բացարձակ հայեցողությանը»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, ԲՀԿ-ի դեմ քաղաքական դրդապատճառներով վերաբերմունքը սկսվել է ԲՀԿ-ի վերջին համագումարից հետո, որից հետո կուսակցությունը պարբերաբար ականատես է եղել նման գործելաոճի:

Նա նաև տեղեկացրեց, որ Օսկանյանի դեմ կատարվող գործողությունների մասին կտեղեկացվի միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին` մասնավորապես վաղը ինքն ու իր գործընկերը կխոսեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում. «ԲՀԿ խմբակցությունն այս քննարկումից հետո չի մասնակցելու այս քառօրյայի որևէ քննարկմանը, և խմբակցության պատգամավորները իրենց ելույթներից հետո կլքեն նիստերի դահլիճը»,-հայտարարեց նա:

Միաժամանակ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ դա չի նշանակում, որ իրենք չեն լինելու տարածքում և չեն հսկելու քվեարկությունը: Այնուհետև նա կոչ արեց խորհրդարանական քաղաքական ուժերին, որոնք դեմ են այս միջնորդությանը, չմասնակցել քվեարկությանը. «Դրանով դուք կլեգիտիմացնեք այս ֆարսը»,-ամփոփեց նա:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply