Կառավարությունում հյուրընկալվել էր Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 1, 2012 17:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին:
Ողջունելով հյուրերին` հանրապետության վարչապետը նշել է. «Մենք կարևորում ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը: Ուրախ ենք, որ այցելել եք Երևան, ինչը մեզ հնարավորություն կտա քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և բացահայտել այնպիսի ուղղություններ, որտեղ կարող ենք խորացնել մեր հարաբերությունները»: Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական 20-ամյա բազմաբնույթ համագործակցության ընթացքից: Նա ընդգծել է, որ Եվրամիության երկրների շարքում Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, որի ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ իրականացվել են ամենամեծածավալ ծրագրերը` բնապահպանության, էներգետիկայի, կառավարման, ֆինանսական համակարգի և ենթակառուցվածքների ոլորտներում: Վարչապետ Սարգսյանն արդյունավետ է համարել համատեղ իրականացված ծրագրերը և շեշտել, որ գերմանական փորձն օրինակելի է մյուս երկրների համար` համատեղ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու առումով:
Վոլֆգանգ Թիրզեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստան-Գերմանիա փոխհարաբերությունների խորացման ներուժի առկայությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ առևտրատնտեսական կապերն ընդլայնելու հարցում` ողջունելով հանքահումքային արդյունաբերության ոլորտում երկկողմ արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում գերմանական տարբեր կազմակերպությունների գործունեությունը: Նա տեղեկացրել է, որ գերմանական «Commerzbank»-ի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այս տարի Ֆրանկֆուրտում անցկացվելու է համատեղ գործարար համաժողով` կոնկրետ ներդրողների հետ կոնկրետ բիզնես ծրագրեր քննարկելու նպատակով:
Անդրադառնալով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին` կառավարության ղեկավարը կարևորել է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի` որպես Ասոցացման համաձայնագրի կարևորագույն բաղադրիչի շուրջ Եվրամիության հետ բանակցությունների մեկնարկը և մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ: Որպես առաջնահերթ արդյունք` վարչապետն առանձնացրել է սննդի անվտանգության, մտավոր սեփականության պաշտպանության, մաքսազերծման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում եվրոպական լավագույն չափանիշների ներդրումը, որոնք կնպաստեն տնտեսության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը: Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն, ըստ Տիգրան Սարգսյանի, կենսական նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համար, քանի որ հնարավորություն է տալու մուտք գործել եվրոպական շուկա: Նա բարձր է գնահատել Եվրոպական միության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply