Ոստիկանությունը բացահայտել է որսագողության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 1, 2012 14:22
Օրերս զանգվածային լրատվության միջոցներն անդրադարձել էին սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարված ապօրինի որսագողության դեպքին:
Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի որսագողության դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ:
Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքներն անհապաղ սկսվեցին և առաջին իսկ օրվանից ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին, հանցագործությունը բացահայտվեց:
Որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է:
Նա սեպտեմբերի սկզբներին Կաքավաբերդին կից տարածքում ճոպաններով ծուղակ էր պատրաստել ու մոտը եղած զենքով գիշերով սպանել թակարդն ընկած արջին, իսկ օրեր անց համարյա նույն տեղամասում նրա զոհն էր դարձել նաև բեզոարյան այծը:
Նորիկ Սարգսյանը խոստովանել է, որ շուրջ մեկ տարի զբաղվում է արգելված որսով և որսամսի վաճառքով:
Սարգսյանի կացարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են որսորդական երկփողանի հրացան և կարաբին, որսորդական այլ պիտույքներ, արջի յուղ և այլն:
Կատարվում են համապատասխան փորձարարական գործողություններ, ճշտվում են դեպքի հանգամանքներն ու հասցված վնասի չափը:
Քննությունը շարունակվում է:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply