Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավարը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2012 13:00

Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի հետ:
Ողջունելով Բունդեսթագի փոխնախագահին Հայաստանի խորհրդարանում՝ Արտակ Դավթյանը նշեց, որ հայկական կողմը շատ բարձր է գնահատում հայ-գերմանական հարաբերությունները, եւ նման հադիպումները հարկավոր է օգտագործել` անդրադառնալու համագործակցության ծավալուն հնարավորություններին տարբեր ոլորտներում:
Նա հույս հայտնեց, որ Վոլֆգանգ Թիրզեի այցը Հայաստան, որի առիթը Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակն է, նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական կապերին, իսկ դրանց հիմքում առաջնային կլինի Ազգային ժողով-Բունդեսթագ փոխգործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը եւս կարեւորեց երկու երկրների միջեւ համագործակցության մեծ ներուժը՝ անդրադառնալով նաեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնություններ կյանքի կոչելու հնարավորություններին:
Կողմերն անդրադարձան ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացմանը, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Գերմանիայի հնարավոր դերակատարությանը, քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Արտակ Դավթյանը գերմանացի հյուրին տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերը հայտարարված է Գերմանիայի ամիս, որը կնշանավորվի մի շարք միջոցառումներով:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply