ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Պաշտոնական, Օրվա լուր | | September 29, 2012 18:35

     Սեպտեմբերի 27-28-ին Հայաստանի Հանրապետության  և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով Բեռլին ժամանեց  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը: Գերմանական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անթիե Լեենդերթսեն:

     ԳԴՀ արտաքին գերատեսչությունում կայացած  քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար և հյուպատոսական հարցեր: Փոխնախարար Մնացականյանը գերմանական կողմին ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների ընթացքը:

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում Ռամիլ Սաֆարովի ներման ու հերոսացման հարցին: ՀՀ ԱԳ փոխնախարարն այդ կապակցությամբ ներկայացրեց հայկական կողմի մոտեցումները:

Երկուստեք կարևորվեցին քաղաքական  խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:

Այցի շրջանակներում  Բեռլինում փոխնախարար Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ վարչապետի աշխատակազմի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վարչության տարածաշրջանային բաժնի վարիչ դոկտոր Քրիստոֆ Իսրանգի և ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի հետ: ԱԳ նախարարի տեղակալ Մնացականյանը Բեռլինի Գիտություն և քաղաքականություն հիմնադրամի (SWP) կենտրոնակայանում հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բանախոսությամբ, որին հետևեցին քննարկումներ:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply