108 տարի անց ճշմարտությունը բացահայտվեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | սեպտեմբերի 29, 2012 16:58

Թուրքական «Radikal»-ը հետաքրքիր տեղեկություն է հրապարակել այն մասին, թե ինչպես 108 տարի առաջ թուրքական Քասթամոնու քաղաքից մի զինվոր պատերազմ է գնացել և քանի որ հետ չի վերադարձել, նրան Եմենում զոհված են համարել: Սակայն վերջերս պարզ է դարձել, որ նա չի մահացել, այլ ամուսնանալով Եմենում, մինչև 1964 թվականը ապրել է այդ երկրում:
Այսպես 1904թ. Քասթամոնուի Աքդողան գյուղից Հաքը Մուհամեդ, Իսմայիլ և Օսման եղբայրները Եմեն պատերազմի են գնացել, և նրանցից Օսմանը պատերազմում զոհվել է, իսկ Իսմայիլը տուն է վերադարձել: Եվ քանի որ երկար ժամանակ Հաքը Մուհամեդից ոչ մի լուր չի եղել, ի վերջո օսմանյան իշխանությունները զինվորի ընտանիքին նրա զոհվելու մասին նամակ են ուղարկել:
Սակայն այս զինվորը իրականում մահացած չի լինում, այլ թշնամու ձեռքը գերի է ընկնում: Մի գիշեր էլ նրան հաջողվում է գերությունից փախչել և մակույկով հասնել Տանզանիայի մերձակա Զանզիբար երկիր, որտեղ մուսուլմաններ էին ապրում:
Հաք Մուհամեդը որոշ ժամանակ անց Եմեն է գնում: Այստեղ մի օմանցի կնոջ հետ է ծանոթանում և ամուսնանալով նրա հետ վեց երեխա է ունենում: Այդ գյուղում նրան «Թուրքի» ազգանունն են տալիս: Հաքը Մուհամեդը զավակներին և կնոջը իր կյանքի պատմությունն էր պատմում և միշտ կարոտով էր հիշում իր հայրենի գյուղն ու հարազատներին: Այդպես էլ նա 1964թ. հայրենիքի կարոտով մահանում է:
Հաքը Մուհամեդը մահից առաջ իր զավակներին խնդրել էր, որպեսզի իրեն Քասթամոնի գյուղում թաղեն: Եվ ահա նրա դուստրը`Մունիրան, տարիներ անց կատարել է հոր ցանկությունը. հոր գերեզմանից վերցրած հողը բերել և թուրքական դրոշով թաղել նրա հայրենի գյուղում`Աքդողանում:
«Տարիներ շարունակ ասել եմ, որ թուրք եմ: Հայրս պատմել է մեզ այդ մասին: Մարդիկ ինձ ասում էին, թե դու թուրք չես, ինչու ես քեզ թուրք անվանում: Սակայն ես այսօր շատ երջանիկ եմ, աղջիկս էլ կողքիս է, ինձ հետ եկել է, որ ընտանիքիս գտնեմ: Փառք Աստծո. որ ընտանիքիս ու հարազատներիս այստեղ գտա: Հորս մահից 48 տարի անց նրան այստեղ հետ եմ բերել»,-ասել է Մունիրան:

Դիտվել է 1240 անգամ:

Leave a Reply