Լավն ու վատը՝ կողք-կողքի

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 26, 2010 10:33

Հայաստանի հավաքականը դարձավ բրոնզե մեդալակիր `անցած հանգստյան օրերին Երեւանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում: Նախորդ տարի Ֆրանսիայում նույնպես հայ ըմբիշները բրոնզ ստացան:

Ուժեղագույն ճանաչվեց Իրանի հավաքականը, որը եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասավ Թուրքիայի ընտրանու նկատմամբ:Հայաստանին 4:3 պարտվելով 4-րդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը, 5-րդը Վրաստանը, ապա հաջորդեցին Կուբան, Հունգարիան, Սկանդինավյան երկրները: Որպես պարգեւ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված հավաքականները ստացան,  համապատասխանաբար, 50 հազար, 30 հազար 20 հազար դոլար: Մասնակից մյուս երկրների ներկայացուցիչներին հանձնվեց  5 հազարական դոլար:

«Պերեբորշչիլի»

Կազմակերպիչների գլխավոր խնդին էր` լավ տպավորություն թողնել: Իսկ դրա համար կարեւոր էր, որ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը  շուքով անցնի: Նման դեպքերում առաջնային է նաեւ, որ մարզասրահը լեցուն լինի հանդիսականներով, առավել ևս, որ այդ արարողությանը ներկա էր գտնվելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց կազմակերպիչները, նոր բան չգտնելով, դիմել էին հին մեթոդին: Եվ ավտոբուսներով դահլիճ էին բերել Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունների սովորողների ու զինծառայողների: Այնպես որ, Մարզահամերգային համալիրում բացման հանդիսավոր արարողությունը սկսելուց մեկ ժամ առաջ արդեն գրեթե բոլոր  նստատեղերը զբաղեցված էին համազգեստավոր երիտասարդներով: Այն տպավորությունն էր, թե Կուբայում, կամ  էլ Չինաստանում ես,  կամ էլ` Հայաստանում կրկին կոմունիստական վարչակարգ է հաստատվել:

Երեւում է  կազմակերպիչները շատ էին երկյուղել, որ դահլիճի նստատեղերը կարող են ազատ մնալ և պատվիրել էին, որ Երեւանի հանրակրթական դպրոցների ուսուցիչներն էլ իրենց աշակերտներին առաջնորդեն մարզահամերգային համալիր: Եվ ստացվել էր այնպես, որ  կրկնակի շատ մարդ էր հավաքվել, քան  թույլ էր տալիս  մարզասրահի հնարավորությունը:

Մրցաշարի բացման արարողությունը  պետք է կայանար  շաբաթ օրը ժամը 15:30-ին: Սակայն մեկ ժամ առաջ արդեն մարզահամերգայինի մուտքը փակ էր և հանդիսականների մուտքն արգելված: Հարյուրավոր մարզասերներ ու վաստակաշատ մասնագետներ ստիպված իջնում էին աստիճաններով և գլխիկոր հեռանում: Մի ուսուցչուհի, որը մի քանի տասնյակ երեխաների էր բերել մեծ ըմբշամարտ դիտելու, ուղղակի զայրացած էր և  չէր իմանում, թե իր վրդովմունքն ինչպես  արտահայտի ու շարունակ կրկնում էր` «Սա խայտառակություն է»: Նույն վիճակում էին նաեւ մայրաքաղաքի այլ դպրոցների նրա գործընկերները, ովքեր  չգիտեին, թե կատարվածի համար ինչ բացատրություն տան իրենց հետ եկած աշակերտներին: Իսկ մրցաշարն այդպես էլ  չդիտած  ու վրդովվածների թվում էր շախմատի հանրապետական դպրոցի  տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Ժորա Բաղդասարյանը, այդ գերատեսչության այլ աշխատողներ:

Շենք  մտնելուց հետո էլ հնարավոր չէր դահլիճ մուտք գործել, քանի որ բոլոր նստատեղերը զբաղեցված էին, փակվել էին դահլիճի բոլոր դռները: Եվ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Արմեն Նազարյանն ապարդյուն փորձում էր համոզել դուռը պահող ոստիկաններին, որ իր ազգականներին ներս թողնեն: Ոստիկաններն այդպես էլ անդրդվելի մնացին, ասելով, որ հրահանգ են ստացել,  որ ոտքի վրա կանգնած մարդ չթողնեն:

Ռազմական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, զինծառայողները տարբեր սեկցիաներ էին «պաշարել»: Ամենամեծ սեկցիայում շուրջ տասը մետր երկարություն ունեցող ցուցապաստառ էր, որի վրա գրված էր` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»:

Երբ երկրի նախագահը  բացման արարողությունից հետո, մի քանի գոտեմարտ դիտելով  հեռացավ, այդ սեկցիան ամբողջովին դատարկվեց, եւ չկար ոչ միայն ցուցապաստառը, այլ թեկուզ մեկ համազգեստավոր:

Ինչպե՞ս անցավ բացումը

Միջացառումը  սկսվեց ուշացումով, բոլորը սպասում էին, թե երբ կժամանի երկրի նախագահը: Միայն ուշադիր նայելու դեպքում կարելի էր նկատել, որ մարզասրահի վերնամասում, բարձրադիր առաստաղից կախված օղակի մեջ մի  մարզուհի էր սպասողական  անհարմար դիրք ընդունել: Եվ այդպես նա մնաց  մոտ մեկ ժամ:

Հերթով իրենց երկրների դրոշներով մարզասրահ մտան ստուգատեսի մասնակից երկրների` Հայաստանի, Կուբայի, Վրաստանի Հունգարիայի, Սկանդինավյան երկրների, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի հավաքականները: Թիմերի ներկայացուցիչներին դիմավորեցին ծափողջույններով, միայն սուլոցներ հնչեցին, երբ մրցագորգի վրա տեղ զբաղեցրին Թուրքիայի պատվիրակները: Իսկ օդում կախված մարզուհին, թերևս, շատ ուժեր էր ներդրել, որպեսզի այդ  դիրքում մնա  ու, երբ  հերթը հասավ նախատեսված համարի կատարմանը, նա պարզապես ալարկոտ մի քանի պտույտ կատարեց օդում եւ ցած իջավ, հավանաբար` շատ հոգնել էր:

Հետո բեմում հայտնվեցին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի  (ՖԻԼԱ) նախագահ Ռաֆայել Մարտինետին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Հովհաննես Սոֆոյանը:

Թուրքերն ընդդեմ ռուսների

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկար չմնաց: Հավանաբար պատճառն այն էր, որ Հայաստանի ներկայացուցիչներն ավելի ուշ էին մրցագորգ դուրս գալու: Բանն այն է, որ A մրցագորգի վրա ուժերն էին չափում Իրանի եւ Սկանդինավյան երկրների, իսկ B մրցագորգի վրա` Ռուսաստանի եւ Թուրքիայի հավաքականները:

Ռուսաստանի հավաքականը մրցագորգ էր դուրս բերել թիմի երկրորդ մարզիչը` օլիմպիական խաղերի չեմպիոն Մնացական Իսկանդարյանը: Նրա թիմի կազմում մրցամարտին մասնակցում էին  3 հայ ըմբիշներ: Նրանցից հաղթեց միայն Միհրան Հարությունյանը (66 կգ): Մեր մյուս հայրենակիցները` Արմեն Գրիգորյանը և Մաքսիմ Սաֆարյանը հանդես էին գալիս 84 կգ և 120 կգ քաշային կարգերում ու անհաջողության մատնվեցին: Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչներն անսպասելիորեն պարտվեցին 2:5 հաշվով: Իսկանդարյանը հայտնեց, որ խանգարել է փորձի պակասը: Նա նաև նշեց, որ ապրիլին ինքը Բաքու է ուղեւորվելու եւ հավաքականի կազմում ամենայն հավանականությամբ կլինեն մոսկվացիներ Հարությունյանը եւ Գրիգորյանը: Իսկ Ռուսաստանի ներկայացուցիչների առջեւ խնդիր է դրվելու Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունում տիրանալ առնվազն 3 ոսկե մեդալի:

Անդրկուլիսյան խաղեր

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն անթաքույց հայտնեց, որ մրցավարությունից դժգոհ է. ամեն բան արվել է, որ եզրափակչում չհանդիպեն Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, որ ավելորդ լարվածություն չառաջանա: Մինչդեռ, Հայաստանի ընտրանին կարող էր պայքարել ուժեղագույնի կոչմանն արժանանալու համար, սակայն բավարարվեց ընդամենը 3-րդ տեղով: Հայաստանի ներկայացուցիչները միեւնույն 7:0 հաշվով առավելության հասան Սկանդինավյան երկրների եւ Կուբայի հավաքականների նկատմամբ, սակայն 3:4 հաշվով պարտվեցին իրանցի ըմբիշներին: Ջուլֆալակյանն այն կարծիքին է, որ Իրանի հավաքականի հետ մրցամարտի ժամանակ մրցավարները կողմնակալ վերաբերմունք են դրսեւորել, երբ մրցագորգի վրա հանդես են եկել 60 կգ և 66 կգ քաշային ըմբիշները եւ մերոնցից խլել են հաղթանակները: Եվ եթե այդ հանդիպումներից թեկուզ մեկը Հայաստանի ներկայացուցչի օգտին գրանցվեր, մերոնք կհաղթեին: Դրանից հետո Հայաստանի հավաքականին մի բան էր մնում՝  մարզասերների առջեւ ամոթով չմնալու համար հաղթել Ռուսաստանի հավաքականին: Վերջինս ուժեղ կազմ ուներ. թիմի պատիվն էին պաշտպանում օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոնները: Մրցամարտում վճռորոշ եղավ Յուրի Պատրիկեևի տարած հաղթանակն իր նախկին թիմակցի` Ռուսաստանի հավաքականի գերծանր քաշային կարգում նոր առաջատար Ալեքսանդր Անյուխինի նկատմամբ: Ռուսները ստիպված էին հանգրվանել 4-րդ հորիզոնականում:

Դիտվել է 1624 անգամ:
Print Friendly

Leave a Reply