Արմեն ՆԱԶԱՐՅԱՆ. «Նախկինում հաղթելն ավելի դժվար էր»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 26, 2010 10:25

Անկախի հարցազրույցը Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, բրոնզե մեդալակիր Արմեն Նազարյանի հետ

-Աշխատում եմ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ըմբշամարտի թիմերից մեկի տնօրենն եմ: Բուլղարիայում ըմբշամարտն այնպիսի մակարդակ չունի, ինչպիսին Հայաստանում է, եւ ձգտում ենք այն բարձրացնել: ՈՒրախ եմ, որ Հայաստանում ըմբշամարտը բարձր հիմքերի վրա է և այս մարզաձեւի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ծանրորդները, բռնցքամարտիկները կարողանում են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճել: Կավելացնեի նաեւ շախմատիստներին, ովքեր հաղթում են համաշխարհային օլիմպիադաներում: Իսկ Հայաստանի ըմբիշներից առաջիկայում `2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերից էլ մեծ սպասելիքներ ունենք:

– Ինքդ ես հեռացել ակտիվ սպորտի՞ց:

– Պաշտոնապես չեմ թողել: Մինչեւ տարեվերջ այդ հարցը կորոշվի: Ինձ միայն օլիմպիական խաղերի է անհրաժեշտ մասնակցել, այլ կարգի մրցումներում հանդես գալը հետաքրքիր չէ:

– Իսկ տարիքդ չի՞ խանգարի առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելու:

– Այժմ 35 տարեկան եմ, իսկ Լոնդոնում եթե հանդես գամ, կլինեմ 37 տարեկան: Այնպես որ, ամեն բան նորմալ է:

– Տեսակետ կա, որ այժմ բոլոր մարզաձեւերում էլ անկում է նկատվում եւ աստիճանաբար դրանք կորցնում են իրենց գրավչությունը:

– Հունահռոմեական ոճի ըմբշամարտն այդքան էլ շատ սիրահարներ չունի: Լավ է, որ Հայաստանում էլ հանդիսատեսները մարզասրահ են այցելում եւ փորձում են քաջալերել մարզիկներին: Հատկապես, դա երիտասարդ ըմբիշներին շատ է ոգեւորում :

– Հունահռոմեական ոճի ըմբշամարտում հաղթելն առա՞ջ  էր դժվար , թե՞ այժմ:

– Նախկինում ավելի դժվար էր: Այժմ կանոնները փոխվել են: Բայց հաջողության հասնելու համար պետք է պարապել: Ոչ մի բան հեշտորեն չի տրվում: Իսկ նախկինում դժվար էր այն առումով, որ ուշադրությունն էր պակասում: Հնարավոր է, որ մարզիկին չդիմավորեին եւ այլն:

– Մրցակցին  գլորումը  դու հեշտորեն էիր անում, ինչո՞ւ են  մարզիկներն այժմ դժվարանում:

– Պարզապես, այժմ շատ կարճ ժամանակ է տրամադրվում ըմբիշներին: Բացի այդ, բոլոր հակառակորդներն  իրար հետ շատ  մրցամարտեր են անցկացնում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, արդեն միմյանց գաղտնիքները գիտեն, կարողանում են պաշտպանվել:

– Հայաստանի հավաքականում այժմ լեգեոնականներ կան: Ինչպե՞ս  ես գնահատում այդ մարզիկների հնարավորությունները:

– Ճիշտ  քայլ է արվել: Այդ մարզիկների օրինակով Հայաստանում այդ քաշային կարգերում չեպիոններ կաճեն: Իսկ Դենիս Ֆորովը, Յուրի Պատրիկեեւը, իրոք, բարձրակարգ ըմբիշներ են: Դա ճիշտ քայլ է: Ինքս Բուլղարիա եմ գնացել որպես օլիմպիական  խաղերի պատրաստի չեմպիոն: Ես կրկին օլիմպիական ոսկե մեդալի եմ տիրացել, բայց ինձնից հետո այդ երկրում չեմպիոններ են աճել: Այդպես է, երբ մի թիմում չեմպիոն է հայտնվում, նա իր ետեւից մյուսներին է տանում:

– Հայաստանում ինչքան ժամանակ կմնա՞ս:

– Մեկ շաբաթ:

-Ի՞նչ ծրագրեր ունես այս տարի:

– Եվրոպայի առաջնությունն Ադրբեջանում է, չեմ գնա: Բայց Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությունում կլինեմ:

– Իսկ աշակերտներ ունե՞ս:

– 2-3 լավ ըմբիշներ կան, ովքեր Եվրոպայի առաջնությունից մեդալներ կբերեն:

Դիտվել է 2275 անգամ:
Print Friendly

Leave a Reply