«RVVZ» հիմնադրամի նպատակն է ոչ թե ձուկ որսալ մարդկանց համար, այլ կարթ տալ նրանց` ձուկ որսալու

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2012 19:05

Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել «RVVZ» հիմնադրամի ներկայացուցիչները` հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանի գլխավորությամբ: Վերջինս, խոսելով հիմնադրամի մասին, ասաց, որ RVVZ» հիմնադրամի գործունեության հիմքում սոցիալական ձեռներեցության մոդելն է: Սոցիալական ձեռներեցությունը նոր մոտեցում է Հայաստանի համար: Ծրագրերի հիմքում ընկած է ֆինանսական պլանավորման այնպիսի մեխանիզմ, որի նպատակն է կապիտալ ներդրումների միջոցով ապահովել շահույթ չհետապնդող ծրագրերի կայունությունը և ինքնաֆինանսավորումը:
“Զարգացման այս մոդելը թույլ է տալիս մի քանի անգամ բազմապատկել կատարված ներդրումների արդյունավետությունը, որի շնորհիվ շղթայական ռեակցիայով նոր հնարավորություններ են ստեղծվում համայնքների զարգացման համար՝ նոր աշխատատեղեր են բացվում և առողջ մրցակցության ու բիզնեսի վարման նոր չափորոշիչներ սահմանվում: «RVVZ» հիմնադրամի նպատակն է նաև ցուցադրել պետական և մասնավոր ոլորտների համագործակցության հաջողված և օրինակելի ձևաչափ: Սա լուրջ պատասխանատվություն է, սակայն միևնույն ժամանակ ոգեշնչող և հեռանկարային՝ տնտեսական առաջընթացի և «հայկական աշխարհի» զարգացման տեսանկյունից»,- ասաց է «RVVZ» հիմնադրամի գործադիր տնօրենը:
Հիշեցնենք, որ հիմնադրամը պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանին և նրա ընտանիքին: RVVZ» հիմնադրամը մեկ հովանոցի տակ միավորում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից նախաձեռնված այնպիսի ծրագրեր, ինչպես «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը, «Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտու զարգացումը, Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծումը, ինչպես նաև 20-ից ավելի փոքր ու մեծ այլ ծրագրեր:
Արտակ Մելքոնյանը նշեց, նաև, որ իրենք ակտիվորեն համագործակցում են Հայաստանի կառավարության ինչպես նաև մի շարք ընկերությունների ու դոնոր կազմակերպությունների հետ, և իրենց նպատակն է համախմբել ինչպես պետական ատյանները, այնպես էլ հայ բիզնեսմեններին, բարերարներին, ֆինանսական դոնորներին ու ներդրողներին. “Այդպիսով մենք ստանում ենք ավելի մեծ արդյունք, որը, կարելի է ասել, բազմակի անգամ ավելի մեծ է, քան որ լինում է ավանդական բարեգործության ժամանակ:
“Մեր նպատակն է ոչ թե ձուկ որսալ մարդկանց համար, այլ նրանց տալ կարթ, որպեսզի իրենք այդ ձուկը բռնեն”,- հավելեց Ա. Մելքոնյանը:
Վահե Մակարյան

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply