Ուզո՞ւմ եք լինել նորաձև` առանց մեծ ջանքեր ու դրամ ծախսելու. շարֆ կրեք

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 2, 2010 9:50

Անցյալ ամռանը փողոցներում հաճախ կարելի էր հանդիպել կիսամերկ, սակայն խոշոր շարֆեր կրող աղջիկների, ովքեր դիմանում էին երևանյան տապին` հանուն նորաձևության: Դե ինչ, աղջիկներ, այս ձմեռ նորաձևության այդ միտումին հետևեք ոչ թե տառապելով, այլ ընդհակառակը` հարմարավետության ու ջերմության հրաշալի զգացումով:

Այս ձմեռ նորաձև հագուստի կարևորագույն մաս են կազմում շարֆերն ու թիկնոցները: Ամենակարևոր միտումը. դրանք պետք է լինեն հնարավորինս խոշոր և տաք` զարդարված պոմպոններով (գնդաձև զարդարանք) և ծոպերով:

Շատ նորաձև են, հատկապես, պոմպոններով ու ծոպերով զարդարված մորթե շարֆերը: Ի դեպ, պարտադիր չէ, որ մորթին լինի բնական:

Նորաձև են նաև գործվածքից շարֆերը. դրանք կարող են լինել ինչպես եռանկյունաձև, խոշոր, երկարավուն ծոպերով, այնպես էլ  ուղղանկյուն, երկար: Նորույթ են վզի հատվածում հավաքված կլոր շարֆերը, որոնք շրջանաձև ծածկում են դեկոլտեն:

Սեզոնի ամենանորաձև միտումներից է երկար շարֆը` համակցված խոշոր ուլունքներով կամ ուլունքավոր վզնոցներով:

Վանդակավոր շարֆեր. սրանք երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը: Հատկապես այս տարի վանդակավոր շարֆերը կտոնեն իրենց հաղթարշավը:

Շատ նորաձև են նաև մորթե կամ գործվածքից, խոշոր, եռանկյունաձև ու ծոպավոր թիկնոցները, որոնցով ոչ թե պետք է փաթափվել ու կուչ գալ, այլ անփութորեն գցել ուսերին կամ թեևերին: Դրանք շատ գեղեցիկ կդիտվեն, հատկապես, երեկոյան զգեստի հետ:

Շարֆերը կշարունակեն մնալ հագուստի կարևորագույն աքսեսուարներից մեկը նաև գարնանն ու ամռանը և անգամ ամենահասարակ ու պարզ հագուստին միանգամայն այլ էֆեկտ կհաղորդեն:

Նորաձև գույներն են կարմիրն ու վարդագույնը, ոսկեգույնն ու կապույտը, ավելի չեզոք գույներ նախընտրողներին դիզայներներն առաջարկում են մուգ կամ բաց մոխրագույնը:

Դիտվել է 2797 անգամ:
Print Friendly

Leave a Reply