Թեժ քննարկում հանքարդյունաբերական ոլորտի շրջանակներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2012 17:47

Այսօր  “Ելակետ” մամուլի ակումբում տեղի ունեցավ քնարկում “սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում” թեմայով, որն անցավ բավականին բուռն բանավեճային մթնոլորտում:

Քննարկմանը հրավիրված էին հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ`«Վալլեքս» խմբի ընկերություններ, Քրոնիմետ Մայնինգ ԲԸ, «Ֆորչն Ռիզորսիս» (Fortune Resources) ընկերություն և այլն, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոն, «Հակոբյան» բնապահպանական կենտրոն, բնապահպաններ, ակտիվիստներ և լրագրողներ:

Հանքարդյունաբերության ոլորտից, սակայն, ոչ բոլորն էին, որ ներկա էին: Առաջին րոպեներին միակ ներկայացուցիչը “Վալլեքս” ընկերության մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանն էր, սակայն քիչ ավելի ուշ միացավ Քրոնիմետ Մայնինգ ԲԸ- ներկայացուցիչ Դավիթ Ղալթախչյան` թեթևացնելով բնապահպանների կողմից ուղղված հարցերին պատասխանելու ծանր բեռը Վ. Ավագյանի ուսերից: Իսկ  այդ բեռը, ինչպես զգացվեց, բավականին ծանր էր Ավագյանի համար, քանզի հանքի շահագործման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների վերաբերյալ հարցերի, դժգոհությունների ու մեղադրանքների տարափը հիմնականում ուղղված էր հենց “Վալլեքս” գրուպին, որը, ինչպես հայտնի է, շահագործում է Թեղուտի հանքավայրը, ինչն էլ բավականին լուրջ բողոքի ալիք էր բարձրացրել բնապահպանների կողմից:

Քննարկման կազմակերպիչները դիմել էին նաև Թեղուտի պաշտպանության խմբի քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին, սակայն նրանք պատասխան նամակով էին ներկայացրել  թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, որում ասվում էր, որ մասնավոր ընկերությունների հետ իրենք ոչինչ չեն քննարկում, քանի որ նրանց հետաքրքրությունների շրջանակը միայն շահույթն է:

Քննարկման մասնակիցերը վերհանեցին մի շարք խնդիրներ, որոնց առաջացման պատճառը նրանք տեսնում էին հենց հանքերի շահագործման մեջ: Խնդիրները հիմնականում վերաբերում էին շրջակա միջավայրի` օդի, ջրի աղտոտվածությանն ու բնությանը հասված էական վնասին, ինչպես նաև մարդկային աշխատուժի գնահատմանը, շահագործման հետևանքով հարակից տարածքներում գյուղատնտեսության զարգացմանը չնպաստելն ու նույնիսկ խանգարելը և դրանով իսկ որոշ սոցիալական խնդիրների լուծման փոխարեն հակառակ արդյունք ստանալը: Խոսվեց նաև եկամուտների մասին` առանձնապես նշելով այն փաստը, որ եթե գյուղատնտեսությունն ապահովում է մեր երկրի ՀՆԱ-ի 60%-ը, ապա հանքարդյունաբերությունը ընդամենը 23%-ը, քանզի դրանից ստացված եկամուտների զգալի մասը չի մնում երկրի ներսում:

Այս բոլոր մեղադրական բնույթի հարցերը հիմնականում ուղղված էին “Վալլքեքս”-ի ներկայացուցիչ Վ. Ավագյանին, որոնց էլ վերջինս փորձեց պատասխանել օրենսդրական ոլորտից մեջբերումներով` նշելով, որ հանքի շահագործման համար իրենք ստացել են տարբեր գերատեսչությունների կողմից համաձայնություն, քանզի ստացել են փորձագիտական ընկերությունների կողմից եզրակացություն, որ  հանքը շահագործման իրենց ներկայացրած նախագիծը խստիվ համապատասխանում է բնապահպանական և անվտանգության միջազգային չափանիշներին, դեռ մի բան էլ ավելին:

ՀՀ ԳԱԱ էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն էլ իր խոսքում  նշեց, որ և բողոքող և պատասխանատու կողմը խուսափում է իրական մասնագետների ծառայություններից օգտվել, ինչն էլ հենց կարող է բազմաթիվ խնդիրների լուծումներ տալ:

Բանախոսներից Արման Վերմիշյանն էլ հարց ուղղեց Վահրամ Ավագյանին, թե որքան է իրենք ընկերությունում աշխատող հանքափորների միջին աշխատավարձը, որին Ավագյանը այդպես էլ չպատասխանեց` պատճառաբանությամբ, որ աշխատավարձը ֆիքսված չէ իրենց մոտ և կախված է տվյալ աշխատողի որակներից: Սակայն Վահրամի նման պատասխանը ստիպեց Վերմիշյանին ենթադրել, որ “Վալլեքս”-ի ներկայացուցիչն ուղղակի խուսափում է պատասխանել հարցին, փոխարենը իրենց գլխին փիլիսոփայության դասախոսություն է կարդում:

Ի վերջո, նույն հարցին քիչ թե շատ գոհացնող պատասխան տվեց “Քրոնիմետ Մայնինգ” ԲԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Ղալթախչյանը` հայտնելով, որ Զանգեզուրույմ գտնվող իրենց կոմղից շահագործման  ենթակա հանքում աշխատող հանքափորների միջին աշխատավարձը կազմում է 280 հազար դրամ:

Բանախոսներից մեկը քննարկման մասնակիցներին հորդորեց քննարկումը կազմակերպել այնպես, որ վերջում գան ինչ-որ մի ելակետի, սակայն, ինչպես երևաց, “Ելակետ” ակումբում նրանց այդպես էլ որևէ հստակ ելակետի գալ չհաջողվեց:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply