«Բոլոր հետազոտությունները վկայում են, որ հանցագործությունների թվաքանակի աճի և հեռուստատեսության միջև կապ կա». Վ. Միրաքյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 17:35
Սեպտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանում «Հեռուստատեսության դերը հանցավորության աճի հարցում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հիմանական քննարկումը ծավալվեց հետևյալ հարցերի շուրջ` բռնության քարոզումը հայկական հեռուստատեսությամբ, Հեռուստատեսության դերն ու նշանակությունը ՀՀ բնակչության շրջանում, հեռուստատեսության ու հանցավորության միջև կապի վերաբերյալ արտասահմանյան ու տեղական հետազոտությունները:
ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները ներկայացրեցին քրեաբանական հետազոտություններ, որոնց նպատակը հեռուստաեթերի քրեածին ռիսկերը ի հայտ բերելն ու դրանք վերլուծելն է եղել:
Հոգեբան Աստղիկ Սերոբյանը, օրինակ, ներկայացրեց տվյալներ, որոնք վեր են հանում հասարակության վերաբերմունքը հեռուստասերիալների նկատմամբ. պարզվում է`
հարցվողների զգալի մասը դիտում է հայկական սերիալներ, սակայն միաժամանակ, որպես հեռուստաեթերի բացասական կողմ, նշում է սերիալների առատությունը: Փորձագետը եզրակացնում է, որ հասարակությունը ստիպված է դիտում սերիալներ, քանի որ գրեթե այլընտրանք գրեթե չունի:
Ինչպե՞ս են գնահատում հարցվողները հայկական հեռուստասերիալները: Պատասխանների ամենամեծ տոկոսը կազմող տարբերակները եղել են ` սովորեցնում են ոչ պարկեշտ բառապաշար, աղավաղում են բարոյական նորմերը, հակադաստիարակչական են:
Որպես հայկական հեռուստատեսության բացասական կողմ նշվել է ոչ միայն սերիալների առատությունը, այլև գովազդի, ինչպես նաև գրական խոսքի պակասը, փողոցային կամ ժարգոնային խոսքի առատությունը: «Ինչպիսի՞ հաղորդումներ կուզենայիք, որ հեռուստաեթերում լինեին» հարցին հարցվողները պատասխանել են` պատմական, նոր և որակյալ ֆիլմեր, երաժշտական, մշակութային, առողջապահական:
Հետազոտությունների ընթացքում քանակական վերլուծությունից բացի, իրականացվել է մի քանի հեռուստասերիալի որակական վերլուծություն` «Որոգայթ», «Կյանքի գինը 2», «Ոստիկաններ» և «Եղբայրներ»: Հետազոտության հիմնական նպատակն է եղել պարզել, թե հանցագործության ո՞ր տեսակներն են գերակշռում թվարկված հեռուստասերիալներում: Օրինակ, «Որոգայթում» ցույց է տրվել, որ ֆիլմի կերպարները հաջողության հասնելու, փող աշխատելու համար դիմում են անօրինական միջոցների` սպանել, թալանել, զավթել, առջանգել և այլն, և հանցավոր կյանքը ներկայացված է եղել շատ ռոմանտիկ ձևով: «Ոստիկանները» հեռուստասերիալը նախատեսված է եղել ոստիկանության դերը բարձրացնելու նպատակով, սակայն ժամանակի ընթացքում վերափոխվել է կրիմինալի մասին սերիալի: Հեռուստասերիալում ցույց է տրվում, որ քրեական հեղինակությունները գրեթե անձեռնմխելի են, կատարում են բազմաթիվ հանցագործություններ և մնում անպատիժ, քանի որ ոստիկանությանը ոչ մի կերպ չի հաջողվում հանցանշաններ գտնել նրանց դեմ:
«Եղբայրներ» հեռուստասերիալից վերլուծելով ընդամենը 20 մաս` պարզել են, որ դրանցում առկա է սպանության 3, զինված հարձակման 1 , բռնաբարության 1, առևանգման 8, ֆիզիկական բռնւթյան գործադրման 18 (խոշտանգում, ծեծ), ազատությունից զրկելու և պատանդ պահելու` 3, գողության` 1, շորթման ` 1 տեսարան:
Բյուրոյի քրեաբան Երեմիա Ասատրյանը, վերլուծելով դեռահասների վրա հեռուստատեսության թողած ազդեցությանը, եզրակացնում է, որ հայկական հեռուստատեսությունը պարբերաբար խախտում է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը: Ըստ նրա, օրենքի պահանջը չկատարելու պատճառներից մեկն էլ այն է, որ գործող օրենսդրությամբ այն ապահովելու որևէ արդյունավետ մեխանիզմ նախատեսված չէ: «Վերլուծելով մեր սերիալները` ստացվում է, որ հաջողության կարելի է հասնել միայն հակաիրավական, հանցավոր վարքագծի միջոցով: Միգուցե մեր իրականության մեջ նման ձևով հաջողության հասնելու դեպքերը թույլատրելիից շատ են, բայց եթե դա պարբերաբար ցուցադրվում է նաև հեռուստատեսությամբ, կարծես թե պաշտոնապես խրախուսվում է»,-ասաց նա:
Քրեաբանը բերեց նաև կայացած և զարգացած երկրներում ԶԼՄ-ների գործունեության նկատմամբ որոշակի վերահսկողություն իրականացնող մարմինների օրինակներ. ԱՄՆ-ում` Կապի դաշնային հանձնաժողովը, Գերմանիայում` Երիտասարդության համար վնասակար հեռուստատեսային և կինոարտադրանքի ստուգման դաշնային գերատեսչությունը և այլն: «ԱՄՆ-ում բավականին կոշտ օրենսդրություն է գործում, և Կապի դաշնային հանձնաժողոը կարող է ուղղակի արգելել որևէ ֆիլմի կամ որևէ հեռուստաարտադրանքի ցուցադրությունը, հակառակ դեպքում մի քանի հարյուր հազարի հասնող տուգանք կիրառել»,-նշեց նա:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը անթույլատրելի է համարում հեռուստատեսությամբ ցուցադրվող բացասական երևույթները, միաժամանակ նշում է, որ կողմ չէ պայքարի կտրուկ մեխանիզմներին` թույլատրել կամ արգելել: «Պետք է լինի խոսքի ազատություն, պետք է լինեն բազմատեսակ հաղորդումներ և սերիալներ, պարզապես պետք է կատարել գիտական, մասնագիտական վերլուծություններ և ոչ թե կարծիքներ արտահայտել` առանց համապատասխան հետազոտությունների տիրապետելու»: Նրա խոսքով, իրենց քրեաբանական հետազոտությունները համապատասխան առաջարկների տեսքով տրամադրվել են և´ ոստիկանությանը, և´ մի շարք այլ պետական կառույցների:
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների բաժնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը ներկայացնելով միջազգային բավականին հարուստ փորձը` նշեց, որ մենք ընդամենը այն տեղայնացնելու խնդիր ունենք: «Կան հստակ տեսություններ, ըստ որոնց հեռուստատեսությունը վարքի կրկնօրինակում է առաջացնում: Դա հաստատված է, և քննարկման ենթակա չէ»,-ասաց նա:
Վահրամ Միրաքյանը համամիտ չէ այն կարծիքին, որ հեռուստատեսության հիմնական ֆունկցիաները տեղեկատվականն ու ժամանցայինն են. «Հեռուստատեսությունն ինչ ֆունկցիա էլ, որ կատարի, միևնույնն է` դաստիարակչական ազդեցություն ունենում է: Ինչ վերաբերում է հայկական հեռուստատեսությանը, ապա բոլոր հետազոտությունները վկայում են, որ հանցագործությունների թվաքանակի աճի և հեռուստատեսության միջև կապ կա»:
Գիտաշխատողը գիտի, որ գաղափարական միջավայրը չի կարող ձևավորվել առանց ազդեցության այնպիսի միջոցի, ինչպիսին հեռուստատեսությունն է, սակայն ցավով արձանագրում է, որ մեր իրականության մեջ ներկայումս հեռուստատեսության այդ կարևոր առաքելությունն օգտագործվում է վատագույն կերպով` դառնալով ազգային անվտանգության գլխավոր վտանգներից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
