«Դիմահարդարումն արվեստ է, որը պահանջում է ճաշակ, երևակայություն և նկարչական հմտություն»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 2, 2010 9:59

Դիմահարդարումը պետք է ընդգծի դեմքի առավելությունները և կոծկի թերությունները. սա է դիմահարդարման ոսկե կանոնը: Սակայն շատ հաճախ հակառակն է պատահում. կանայք, չտիրապետելով դիմահարդարման կանոններին, ոչ միայն փչացնում են դեմքի բնական գեղեցկությունը, այլև ավելի տեսանելի են դարձնում թերությունները: Դիմահարդար Վարդուհի Շողիկյանը, ով աշխատում է նաև կինոյի բնագավառում` որպես գրիմարար, հայ կանանց շրջանում դիմահարդարման ամենալուրջ խնդիրը համարում է այն, որ նրանք չեն տարբերում դիմահարդարման երեք տեսակները` առօրյա, գործարար և երեկոյան դիմահարդարումները: Նա ներկայացնում է դրանց առանձնահատկությունները` հորդորելով պահպանել յուրաքանչյուրի կանոնները: -Առօրյա դիմահարդարման ժամանակ պետք է զերծ մնալ դեմքն ավելորդ գրիմով ծանրաբեռնելուց. դա ոչ թե գեղեցիկ է, այլ անբնական,-ասում է դիմահարդարը,-պետք է մի փոքր դիմափոշի քսել (եթե դեմքի մաշկը լավ վիճակում է, դա ևս ավելորդ է), շատ թեթև կարմրաներկով ներկել այտերը և թույլ ստվերաներկով` աչքերը: Շուրթերը կարելի է ներկել թույլ վարդագույն, մարմնագույն շրթներկով կամ անգույն, սակայն փայլուն, յուղային շրթներկով և այսքանով սահմանափակվել: Գործարար-աշխատանքային դիմահարդարման ժամանակ, ըստ դիմահարդարի, պետք է օգտագործել փափկեցնող, ապա տոնային քսուքներ, դիմափոշի, որը պետք է լինի մաշկի գույնին համապատասխան, կարմրաներկ, որը, ի տարբերություն առօրյայի, մի փոքր կարող է արտահայտիչ լինել, աչքերն ընդգծել աչքերի մատիտով կամ սուրմայով, սև, արծաթագույն, շագանակագույն կամ ոսկեգույն ստվերաներկով, բայց ոչ թե փայլփլուն, այլ անփայլ, տուշով մի փոքր խտացնել թարթիչները, շուրթերը շատ նրբորեն եզրագծել շուրթերի մատիտով, ապա ոչ վառ, բաց երանգով շրթներկ քսել: Միայն սպիտակ կամ կաթնագույն զգեստի հետ է խորհուրդ տրվում նուրբ, կարմիր շրթներկ քսել: Գործարար-աշխատանքային դիմահարդարումն, ըստ դիմահարդարի, կնոջից առավել մեծ պատասխանատվություն և ուշադրություն է պահանջում «Օրինակ, երբեմն մտնում ես խանութ և տեսնելով վաճառողուհու անճաշակ, ոչ հմուտ և ճչացող դիմահարդարումը, չես ուզում նրանից առևտուր անել, որովհետև այնպիսի տպավորություն է, որ նա ոչ թե վաճառողուհի է, այլ մարմնավաճառ»,-ասում է դիմահարդարը` հորդորելով հատկապես հասարակական սպասարկման ոլորտի աշխատողներին շատ զուսպ դիմահարդարումով աշխատանքի գնալ: Ինչ վերաբերում է երեկոյան դիմահարդարմանը, այստեղ, ըստ դիմահարդարի,  կարելի է տուրք տալ ազատությանն ու երևակայությանը, սակայն ամենակարևորը` չկորցնել չափի և ճաշակի զգացողությունը: «Երեկոյան դիմահարդարման մեջ կարևորը գույների ճիշտ ընտրությունն է,-ասում է նա,-ճիշտ է, այստեղ կարելի է ավելի համարձակ լինել, բայց որպեսզի չկորցնեք գունային ներդաշնակությունը, պետք է գույները համապատասխանեցնել մազերի, աչքերի, հագուստի գույներին: Քանի որ ռեստորաններում կամ տանը` հավաքույթների ժամանակ դահլիճի կամ սենյակի լուսավորությունը շատ ուժեղ է լինում, ինչը գույները ցրելու հատկություն ունի, ապա պետք է դիմահարդարումն ավելի մուգ ու ընդգծված լինի»: Ըստ դիմահարդարի, այս դեպքում տոնային քսուքն ու դիմափոշին պետք է մի տոն մուգ լինեն մաշկի գույնից, կարմրաներկը ևս պետք է ավելի մուգ լինի, աչքերի մատիտն ու սուրման ավելի հստակ ու մուգ պետք է գծվեն, իսկ տուշը` լինի երկարացնող ու խտացնող: Երեկոյան դիմահարդարման մեջ հանգիստ կարելի է օգտագործել փայլուն ստվերաներկեր, որոնք ջահերի լույսի տակ շատ գեղեցիկ տեսք են ունենում: Եթե առօրյա և գործնական դիմահարդարման մեջ խորհուրդ է տրվում հազվադեպ օգտագործել կարմիր շրթներկ, ապա այս դեպքում կարմիրը քաջալերվում է: Երեկոյան դիմահարդարման ժամանակ դիմահարդարը խորհուրդ է տալիս նաև լինել ոչ ստանդարտ և ավելի շատ տուրք տալ սեփական երևակայությանը: «Դիմահարդարումն արվեստ է, որը պահանջում է ճաշակ, երևակայություն և նկարչական հմտություն»,-կարծում է դիմահարդարը` օրինակ բերելով body-art-ը, որը համեմատաբար նոր ուղղություն է ժամանակակից դիմահարդարման մեջ և հնարավորոթյուն է տալիս երևակայության ու նկարչական տաղանդի շնորհիվ լինել անկրկնելի: «Որևէ հետաքրքիր միջոցառման, երեկույթի, տոնի առթիվ կարելի է դիմահարդարման պարագաների միջոցով դեմքի վրա սիմվոլիկ պատկերներ նկարել` սիրտ, ծաղիկ, աբստրակտ պատկերներ կամ որևէ հետաքրքիր, հեքիաթային կերպար ստեղծել: Դա ոչ միայն գեղեցիկ կդիտվի, այլև ձեր դիմահարդարումը միանգամից կտարբերվի սովորական դիմահարդարումից»: «Հայ կանանց շրջանում դիմահարդարման մյուս տարածված սխալն էլ, ըստ դիմահարդարի, այն է, որ շատերին թվում է, թե որքան շատ դիմահարդարվեն, այնքան կգեղեցկանան. «Ընդհակառակը. դիմահարդարումը պետք է լինի այնպիսին, որ չերևան տոնային քսուքը, կարմրաներկը, շրթունքների եզրագծերը: Եվ ընդհանրապես. ճիշտ դիմահարդարումն այն է, որ դեմքը գեղեցկանա` առանց արտահայտելու, թե ինչ պարագաներ են օգտագործվել: Թվում է, թե դա անհնար է, բայց ոչ: Պարզապես պետք է ձեռքը վարժեցնել դիմահարդարման պարագաներն ավելի քիչ և ավելի նուրբ օգտագործելուն»: Ձմեռային դիմահարդարում Ձմեռային դիմահարդարումն ունի մի շարք առանձնահատկություններ. քանի որ ձմռանը մաշկը հաճախ է թեփոտվում, պետք է ընտրել համապատասխան որակյալ պարագաներ: Քսուքները պետք է լինեն սիլիկոնի կամ մեղրամոմի հումքից, որը հարթեցնում ու փափկացնում է մաշկը: Գույներն ընտրելիս` պետք է հաշվի առնել ձմեռային ներկապնակը և դիմահարդարումը կատարել հիմնականում սառը, միատոն երանգներով: Տուշը պետք է լինի ջրակայուն, որպեսզի ձյունից չհալչի: Խիտ դիմափոշին պետք է փոխարինել փխրունով, որը կընդգծի դեմքի բնականությունը: Շրթներկը պետք է լինի յուղային. խոնավեցնող շրթներկից ձմռանը շուրթերը կարող են ճաքճքել: Այս ամենն ընդհանուր խորհուրդներ են, որոնց հաճախ կարելի է հանդիպել մասնագիտական կայքերում կամ ամսագրերում: Սակայն մեր դիմահարդարը համամիտ չէ ձմռանը սառը, միատոն երանգներ օգտագործելուն. «Ընդհակառակը, ձմռանը, հատկապես երբ մի փոքր երկար ես դրսում մնում, դեմքի մաշկը կապտում և գունազրկվում է, եթե դրան էլ գումարվեն նաև դիմահարդարման սառը, միատոն երանգները, ապա դեմքը կդառնա անկենդան ու տխուր,-կարծում է նա,-ուստի ես խորհուրդ եմ տալիս օգտագործել ոչ վառվռուն, սակայն տաք երանգներ` նուրբ վարդագույն շրթներկ, վարդագույն կարմրաներկ, ոսկեգույն ստվերաներկ»: Դիմահարդարման  տասը քայլերը 1. Դիմահարդարումից առաջ դեմքը լավ մաքրել լոսյոնով, կաթիկով կամ այլ մաքրող միջոցով 2.  սնուցող, խոնավեցնող կամ ցերեկային քսուք քսել և թողնել, որ քսուքն ամբողջությամբ ներծծվի 3. մատների հանգիստ շարժումով, դեմքը մերսելով քսել տոնային քսուքը (այն  պետք է քսել ոչ միայն դեմքին, այլև  վզին և եթե երանգը շատ է տարբերվում մաշկի երանգից, ապա նաև դեկոլտեի շրջանում) 4. դիմափոշի քսել 5. կարմրաներկ քսել 6. կարգի բերել հոնքերը` սանրել, կտրատել, եթե անհրաժեշտություն կա: Մատիտով ուղղել անհարթությունները, ձև տալ, մգացնել: 7. ստվերաներկ քսել 8. մատիտով կամ սուրմայով եզրագծել աչքերը 9. տուշով խտացնել և երկարացնել թարթիչները 10. եզրագծել շրթունքները և շրթներկ քսել: Հայտնի է, որ դիմահարդարման ժամանակ գույներն ընտրելիս, հիմնականում, հաշվի են առնվում հագուստի, ապա մաշկի, աչքերի, մազերի գույները: Օրինակ, կարմիր հագուստի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս թեթև դիմահարդարում անել, սև հագուստի հետ` խիստ դիմահարդարում, որը կհամապատասխանի մազերի, աչքերի գույներին: Սպիտակ հագուստի դեպքում խորհուրդ է տրվում ավելի վառ դիմահարդարում: Եթե մազերը բաց գույնի են, ապա պետք է օգտագործել շագանակագույն տուշ և ոչ թե սև: Եթե ստվերաներկը մուգ, վառ երանգի է, ապա պետք է ընտրել նույն գույնի, սակայն ավելի բաց երանգով շրթներկ: Դիմահարդարման ընթացքում շատ կարևոր է լույսը: Դիմահարդարումը պետք է կատարել լուսավոր վայրում. ամենալավ տարբերակը արևի լույսն է: Մութ տեղում կամ արհեստական ցերեկային լույսի ներքո կատարած դիմահարդարումը կարող է շատ կոպիտ երևալ դրսում` բնական լույսի տակ:

Դիտվել է 4817 անգամ:
Print Friendly

Leave a Reply