Ճիշտ եւ առողջ կերակուր` ըստ կենդանակերպի նշանների

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 2, 2010 9:55

Ավելորդ քաշից ազատվելու ցանկությունը չի թողնում մեզ երբեք, այդ թվում նաեւ ձմռանը: Սակայն, հենց ձմռանն այդ իրականացնելը դառնում է առավել դժվար. ցուրտ եղանակին սովելը եւ դիետա պահելը բավականին ծանր է, քանի որ օրգանիզմին ցրտին դիմակայելու համար շատ էներգիա է պետք: Եւ հաճախ օրգանիզմը սկսում է ձմռանը ստացած սնունդը «պաշարել», ինչի հետեւանքով քաշը միայն ավելանում է:

Սակայն, այս ամենը բոլորովին չի նշանակում, որ ձմռանն ավելորդ քաշից ազատվելն անհնար է: Աշխատեք հետեւել ձեր սննդակարգին եւ համապատասխանեցնել այն ձեր ծննդյան ամսվան եւ օրվան,  այսնքն` կենդանակերպի  նշանին: Զոդիակին համապատասխան սնվելը կօգնի ձեզ լինել առողջ, էներգիայով լի, եւ, ինչու չէ`ազատվել ավելորդ քաշից: Այս  խորհուրդները  կարող են ազատել ավելորդ քաշից`անկախ զոդիակի նշանից: Իսկ թե ինչքանով այն կօգնի կոնկրետ  նշանի տակ ծնվածին`  մասնագետները  լուրջ չեն համարում:

Խոյ – Խոյերը սովորաբար ուշադրություն չեն դարձնում այն բանի վրա, թե ինչ են ուտում, որտեղ եւ երբ: Այսպիսով, Խոյի առաջին խնդիրը կերակուր ընդունելու ռեժիմը կարգավորելն է: Եթե խոյը սկսի սնվել ավելի կանոնավոր, միայն դա արդեն բավական  կլինի ավելի առողջ լինելու եւ նիհարելու համար: Բացի այդ,Խոյին օգտակար են ձուկը, գարու եւ հնդկացորենի  ապուրները, պանրի եւ կաթնաշոռի բոլոր տեսակները:

Ցուլ – Ցուլին առաջին հերթին պետք է սովորել դանդաղ ուտել` կերակուրը լավ ծամել: Դա կօգնի նրանց մարսողական խնդիրներից խուսափել եւ նույնիսկ կանխել գիրությունը: Ցուլին օգտակար են բանջարեղենը` բազուկը, գազարը, կարտոֆիլը: Վահանաձև գեղձի լավ գործունեության համար չի խանգարի նաեւ յոդով հարուստ սնունդը, օրինակ, ձուկը:

Երկվորյակներ – Բավականին լավ է զարգացած ինքնապաշտպանության բնազդը, եւ եթե նրանք ունկնդրեն իրենց օրգանիզմի ձայնին եւ սնվեն նրա պահանջներին համապատասխան, ապա երբեք ոչ մի խնդիր չեն ունենա: Երկվորյակներին շատ օգտակար է սպիտակուցներով հարուստ սնունդը` ձու, պանիր, ընկույզ: Իսկ շաքարավազից եւ սուրճից լավ կլիներ հեռու մնալ:

Խեցգետին – Առաջին խնդիրը նրանց քաղցրի նկատմամբ սերն է: Ավելորդ քաշից ազատվել ցանկացող Խեցգետնին անհրաժեշտ է հրաժարվել խմորեղենից, ինչպես նաեւ լիկյորներից եւ գարեջրից եւ սնվել լավ պատրաստված, տնական կերակրով: Տապակած եւ աղի կերակուրը ցանկալի չէ: Ձուկը Խեցգետինների համար նույնպես շատ օգտակար կլինի:

Առյուծ – Ակտիվություն, ֆիզիկական աշխատանք` եւ Առյուծին ոչ մի դիետա հարկավոր չի լինի: Սակայն արժե հեռու մնալ յուղոտ կերակրից, մսից, ալկոհոլային խմիչքներից եւ խմորեղեններից: Կալիումով հարուստ սնունդը (թուզ, չամիչ, կարտոֆիլ, բադրիջան) առյուծի առողջությանը օգտակար կլինեն:

Կույս – Օգտակար են բուսակերությունը եւ կիսաեփ բանջարեղենները: Չամանը (թմինը) լավացնում է մարսողությունը եւ տեսողությունը: Բուսական յուղի օգտագործումը Կույսերի համար նույնպես ավելորդ չի լինի:

Կշեռք – Կարող են ուտել ալյուրով պատրաստված կերակուր եւ մակարոնեղեն, սակայն աղի քանակը հարկավոր է  նվազեցնել: Կշեռքների հիմնական ռացիոնը կարող են կազմել բրինձը, թարմ բանջարեղենն ու միրգը: Մարգարին եւ կաթ մեծ քանակությամբ օգտագործել չարժե:

Կարիճ – Հարկավոր է առաջին հերթին հրաժարվել ալկոհոլից, որը խանգարում է նրանց նյութափոխանակությանը եւ նպաստում ավելորդ քաշի ձեռք բերմանը: Կարիճին օգտակար են կաթը, տավարի լյարդը, հնդկացորենը:

Աղեղնավոր – Աղեղնավորին ցանկալի է հրաժարվել կենդանական կերակրից եւ կենդանական յուղերը փոխարինել բուսականով: Ոլոռը, լոբին ու սոյան Աղեղնավորի համար օգտակար կլինեն: Դիետա պահող Աղեղնավորին հարկավոր է զգույշ լինել, որպեսզի չվնասեն լյարդը:

Այծեղջյուր – Պետք է սովորել ուտելուց չխառնել սպիտակուցները, ածխաջրերն ու յուղերը: Միսը, կեֆիրը, մակարոնեղենը, հացը, բանջարեղենը (ոչ իրար հետ խառնած, իհարկե) Այծեղջյուրի հիմնական կերակուրներն են: Բացի այդ, Այծեղջյուրը միակ զոդիակի նշանն է, ում երբեմն կարելի է մի քիչ ալկոհոլ օգտագործել` առանց օրգանիզմին վնաս պատճառելու:

Ջրհոս – Ջրհոսներին խորհուրդ է տրվում քնելուց առաջ շատ  չուտել եւ սահմանափակել մսի օգտագործումը` սպիտակ միսը շաբաթական մեկ անգամ բավական է: Ձուկը չպետք է լինի շատ յուղոտ, շաքարավազն էլ լավ կլինի փոխարինել մեղրով: Կարագի փոխարեն ցանկալի է բուսական յուղեր օգտագործելը:

Ձկներ – Ձկներին ցանկալի է ավելի շատ չոր կերակուրներ օգտագործել, իսկ ապուրների քանակը, բացառությամբ որոշ տեսակների`քչացնել: Խմորեղեն  թույլատրվում է քիչ քանակությամբ: Մրգերը նույնպես շատ օգտակար կլինեն Ձկներին, մանավանդ խաղողը, նուռը եւ խնձորը: Ընկույզները եւ արեւածաղիկը նույնպես կարող են դառնալ Ձկների սննդի անբաժանելի մասը:

Դիտվել է 3679 անգամ:
Print Friendly

Leave a Reply