ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողները՝ Ազգային ժողովում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 28, 2012 15:53

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողների հետ:

Ողջունելով  ուսանողների այցը  խորհրդարան`  Էդուարդ Շարմազանովը նրանց հրավիրեց ազատ ու անկաշկանդ  զրույցի` նշելով, որ Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմին, մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդության հետ աշխատանքին:

«Երիտասարդությունը մեր ներկան է,  ոչ միայն ապագան: Եվ այն հասարակությունները, որոնք չեն գիտակցում սա, տխուր ապագա են ունենում: Մենք միշտ ցանկություն ունենք տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, երկրում տիրող վիճակը, քաղաքական կարեւորագույն հարցեր քննարկելու  մեր երիտասարդ գործընկերների հետ»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Նա տեղեկացրեց, որ արդեն չորրորդ տարին է, ինչ Ազգային ժողովում հանդիպումներ են կազմակերպվում տարբեր բուհերի ուսանողների, ավագ դպրոցի աշակերտների, հասարակական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումների եւ առհասարակ երիտասարդության հետ տարվող աշխատանքի մասին առավել մանրամասն ապագա իրավաբաններին ներկայացրեց ԱԺ նախագահի խորհրդական Սերգեյ Լոքյանը, ով եւս մասնակցում էր հանդիպմանը:  Խոսելով նաեւ Երիտասարդական խորհրդարանի կազմավորման արդեն մեկնարկած գործընթացից՝  ԱԺ նախագահի խորհրդականը կոչ արեց երիտասարդներին ակտիվ լինել եւ փորձել ներգրավվել այդ աշխատանքներում:

Այնուհետեւ ուսանողների ամենատարբեր հարցերին պատասխանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրանց մասնավորապես հետաքրքրում էին բուհերում պետպատվերով ուսուցման տեղերի, աշխատաշուկայի, տարբեր մասնագիտությունների պահանջարկի  հետ կապված հարցեր: Էդուարդ Շարմազանովը ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին հորդորեց քայլել ժամանակին համընթաց եւ լինել այն սերունդը, որը կսկսի այլ կերպ նայել մասնագիտության ընտրության հարցին, կառաջնորդվի իրական պահանջարկով եւ ոչ թե «նորաձեւությամբ»:

Ուսանողների խնդրանքով, ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին մասնավորապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական կապերին, Ադրբեջանի հակահայկական գործողություններին, անգամ՝ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանները միավորված տեսնելու երազանքին: Վերջին հարցի հետ կապված՝ Էդուարդ Շարմազանովը երիտասարդներին խորհուրդ տվեց երբեք չկորցնել երազանքը, լինել նպատակասլաց, քանի որ, ինչպես համոզված է ԱԺ փոխնախագահը, չկան պատեր, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր չլինի քանդել:

Դիտվել է 1729 անգամ:
Print Friendly

Leave a Reply