Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 28, 2012 15:50

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ:

Անդրադառնալով օրեր առաջ Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` Նաիրա  Զոհրաբյանը ափսոսանք հայտնեց, որ չնայած ԱՊՀ միջխորհրդարանական առաքելության տված դրական զեկույցին, ԵԱՀԿ-ն կրկին բացասական գնահատական է տվել Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Հանձնաժողովի նախագահի կարծիքով` շատ կարեւոր է, որ Բելառուսը` որպես հավասար գործընկեր, ներգրավված լինի Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: «Պետք է աշխատել, որ եվրոպական կառույցների եւ եվրոպական հանրության կապը Բելառուսի հետ չընդհատվի, ինչը, իրապես, շատ կարեւոր է Բելառուսում ժողովրդավարական զարգացումներ ապահովելու համար»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Կողմերը քննարկեցին նաեւ վերջին շրջանում եվրոպական կառույցների կողմից կիրառվող երկակի ստանդարտների խնդիրը: Նաիրա Զոհրաբյանը անընդունելի համարեց, որ նույն եվրոպական հանրությունը աչք է փակում Ադրբեջանում տեղի ունեցող խայտառակ հակաժողովրդավարական գործընթացների եւ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների` օրեցօր աճող թվի վրա` կիրառելով երկակի ստանդարտներ Արեւելյան գործընկերության անդամ տարբեր երկրների հանդեպ:

Զրուցակիցները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը, որ Բելառուսը հնարավորինս ակտիվորեն ներգրավվի համաեվրոպական գործընթացներում:

Կարեւորելով եվրոպական ինտեգրացիան` Ստեպան Սուխորենկոն նշեց, որ իրենց ցանկությունն է լինել հավասար գործընկեր:

 

Դիտվել է 1922 անգամ:
Print Friendly

Leave a Reply