Հալեպում հայազգի մայր եւ դուստր են զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 14:30
Հալեպի Սուլեյմանիա եւ Թելեֆոն Հաուայե փողոցների միջեւ գտնվող Գյուլբենկյան ազգային վարժարանի մոտակայքում սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թվում են եղել նաեւ հայուհի Մարիա Աղազարյանը եւ նրա տասնամյա դուստր Ջուլին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը:
«Հալեպի նորությունների լրատվական ցանց» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ զոհվել է նաեւ Մարիա Աղազարյանի ամուսինը` Ռայմուն Ֆահման, ով քրիստոնյա արաբ էր:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Գյուլբենկյան վարժարանի մոտակայքում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով չորս մարդ զոհվել է, տասնյակից ավելի մարդ էլ վիրավորվել է: Զոհվածների թվում էր նաեւ հայազգի Վարդան Մութաֆյանը: Վերջինս Դեր Զորի բնակիչ էր, սակայն ավելի ապահով լինելու համար տեղափոխվել էր Հալեպ: Մամլո խոսնակի խոսքով` վիրավորների թվում է նաեւ հայուհի Զարմիկ Նաջարյանը, ով այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր:






Facebook
Tweet This
Email This Post
