Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2012 13:00

Սեպտեմբերի 28-ին լրացավ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնելու վերջնաժամկետը: Ըստ այդմ, պատգամավորի հրաժարականը համարվեց ընդունված:

«Փաստինֆո» գործակալության տեղեկություններով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս հիմքով արդեն իսկ ստորագրել է Ռ.Հայրապետյանի պատգամավորական լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին ԱԺ արձանագրությունը և այն ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ԿԸՀ-ն Երևանի թ.1 ընտրատարածքում, որտեղից ընթացիկ տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր էր ընտրվել Ռ.Հայրապետյանը, կնշանակի լրացուցիչ ընտրություն:

Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով` մանդատը թափուր մնալուց հետո 80-օրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ Ռ.Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 4-ին, իսկ հուլիսի 3-ին երեկոյան տարածել էր հայտարարություն պատգամավորական մանդատից հրաժարվելու իր որոշման մասին՝ կապված իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի հետևանքով բուժծառայության մայոր, 35-ամյա Վահե Ավետյանի մահվան հետ:

Հրաժարականի դիմումը պաշտոնապես հրապարակվել է դիմումին հաջորդող` ԱԺ առաջիկա լիագումար նիստում` սեպտեմբերի 5-ին: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, դիմումը հրապարակվելուց 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պատգամավորը հետ չի վերցնում իր դիմումը, հրաժարականը համարվում է ընդունված:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply