ՏՏ ոլորտում Հայաստանն էապես գերազանցում է Ադրբեջանին. փորձագետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 12:06
Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զգալի առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Հայաստանում ՏՏ ոլորտը դինամիկ զարգացում է ապրում: «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում գյուտեր մշտապես արվում են, սակայն դրանք զարգացնելու համար ֆինանսական աջակցություն կարիք կա»,- ընդգծեց նա: Փորձագետի խոսքով, վերջին շրջանի հայտնի իրադարձությունները ցույց տվեցին Հայաստանում հաքերների բացակայության մասին խոսակցությունների սնանկությունը: «Հաքերային ներուժը շատ հաճախ թաքնված է լինում` դժվարացնելով ոլորտի իրական վիճակի մասին գնահատականներ տալը»,- ասաց նա: Մարտիրոսյանը բարձր է գնահատում ՏՏ ոլորտի հայ մասնագետների ընդունակությունները:
Հայաստանում տեղեկատվական ոլորտի զարգացմանը նպաստող գլխավոր խնդիրներից մասնագետն առանձնացնում է հարկային արտոնությունների տրամադրումը և կրթության կատարելագործումը: «Անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական ոլորտի մասնագետ կադրերի պատրաստման դպրոցներ»,- նշեց նա:
Խոսելով ՏՏ ոլորտում Ադրբեջանի պաշտպանվածության մակարդակի մասին՝ Մարտիրոսյանը նշեց, որ Ադրբեջանի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կազմակերպության հիմնական խնդիրներն են` պետական հատվածի պաշտպանությունը և կիբերվտանգների դեմ հանրության իրազեկման բարձրացումը: «Մեզ մոտ նմանատիպ կառույց գործում է 2009 թվականից, այն առավել կանոնակարգված է, քան Ադրբեջանում»,- ընդգծեց փորձագետը:
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իսրայելա-ադրբեջանական համագործակցությանը` Մարտիրոսյանը նշեց, որ դա իսրայելական արտադրանքի վաճառքի նպատակ է հետապնդում: «Իսրայելը փորձում է տեղեկատվական ոլորտի իր արտադրանքը սպառել Ադրբեջանում, քանի որ Թուրքիայում նրա սպառման շուկան արդեն փակվել է»,- նշեց նա: Մարտիրոսյանը քիչ հավանական համարեց Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական նշանակություն ունեցող կիբեր տեխնոլոգիաների վաճառքի հնարավորությունը:
2013 թ. սեպտեմբերի առաջին կեսին «սաֆարովյան» հայտնի իրադարձությունների պատճառով խիստ ակտիվացավ հայ-ադրբեջանական կիբեր պատերազմը: Երկու կողմերից կազմակերպվեցին հաքերային հարձակումներ՝ խափանելով տասնյակ լրատվական, պետական մարմինների և այլ կայքերի գործունեությունը: Հայկական կողմի առավելությունը եւ հայկական կայքերի պաշտպանական բարձր մակարդակը նկատելի էր:






Facebook
Tweet This
Email This Post
