Պատգամավորին որպես մեղադրյալ կարելի է ներգրավել միայն ԱԺ-ի համաձայնությամբ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | September 28, 2012 11:23

Ինչպես  ավելի վաղ տեղեկացրել էինք,  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Խափանման միջոցի հարց չի բարձրացվում:

Սա նշանակում է, որ ԱԺ-ն առաջիկա լիագումար նիստում քննարկելու է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը և կայացնելու է Վ.Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու կամ մերժելու մասին որոշում:

Նշենք, որ ԱԺ կանոկարգ-օրենքը արգելում է պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել` առանց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով ԱԺ-ի կողմից տրված համաձայնության: Նույնը վերաբերում է նաև պատգամավորի ձեռբակալությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համար համաձայնություն տալու կարգը սահմանված է ԱԺ կանոնակարգ-օրենքով: Ըստ այդմ, Գլխավոր դատախազի համապատասխան միջնորդագիրը ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է պատգամավորին և ապահովում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:

Ազգային ժողովում միջնորդագիրը քննարկվում է հարցերի քննարկման սովորական ընթացակարգով, հետևյալ տարբերությամբ՝ մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես են գալիս Գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են տրվել հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները: Մինչև 20 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդագրում նշված պատգամավորը և Գլխավոր դատախազը:

ԱԺ կանոնակարգը սահմանում է նաև, որ եթե հարցի քննարկումն սկսվելիս միջնորդագրում նշված պատգամավորը նիստին ներկա չէ, և նա իր բացակայության պատճառի մասին նախապես չի տեղեկացրել Ազգային ժողովի նախագահին կամ տեղեկացրել է, սակայն վերջինիս կողմից այն հարգելի չի համարվել, ապա տվյալ հարցն Ազգային ժողովում քննարկվում է առանց այդ պատգամավորի մասնակցության:

Պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին` առնվազն 66 պատգամավոր:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply