Գյումրեցիները վերին աստիճանի շատ են տխրել Վարդան Ղուկասյանի հեռանալու կապակցությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 27, 2012 17:51

“Ես մինչև նոյեմբերի 12-ը քաղաքապետ եմ, հետևաբար քաղաքի տոնը ես եմ կազմակերպելու ,-այս մասին այսօր ԱԺ միջանցքում լրագրողներին հայտարարեց Գյումրիի դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով ԱԺ էր եկել Հովիկ Աբրահամյանին հանդիպելու և նրան, ինչպես ինքը նշեց, հրավիրատոմս հանձնելու նպատակով:
“Անկախ”-ի հարցին, թե արդյոք գյումրեցիները շատ են տխրել, որ նա այլևս իրենց քաղաքապետը չի լինելու, Վարդան Ղուկասյանն հավաստիացրեց. “Շաաաաաատ, վերին աստիճանի, գնացեք իրենցից հարցրեք կասեն ինչքան”:
“Aravot.am”-ի լրագրողն էլ հետաքրքրվեց Ղուկասյանից, թե արդյո՞ք ճիշտ են այն խոսակցությունները, որ նա հսկայական պարտքեր ունի կուտակած, որոնք Սամվել Բալասանյանը չի պատրաստվում մարել, այս առոմով Վարդան Ղուկասյանն ասաց. “Ճիշտն ասած, հսկայական պարտքեր ասել դա մի քիչ սխալ է, բայց իրավահաջորդը դա պետք է անպայման…կտեսնեն, կնայեն, որ այդ պարտքերը եթե տեղին են, չեն կարող չվճարել: Դա՝ մեկ: Երկրորդ հերթին, երբ որ ես քաղաքապետ դարձա 99-ին, 400 մլն բյուջեի մեջ 300 մլն դրամը պարտք էինք, փակելով եկել ենք, կառուցել ենք: Ինչքան հիմա մեր բյուջեն է, այդ բյուջեով այդ քաղաքը պահելը շա՜տ մեծ դժվարությունների առաջ է կանգնելու յուրաքանչյուր քաղաքապետ: Դա հանրապետության երկրորդ քաղաքն է: Կարկատան՝ այսպես ասֆալտապատում անելու համար տարին 500 մլն դրամ է պետք, իսկ մենք կարողացանք սեփական եկամուտներն ավելացնել, դարձնել 2 մլրդի: ՀՀ-ում առաջինը Գյումրին էր, որ այդքան կարողացավ սեփական եկամուտներն ավելացնել: Եվ այսօր 3 մլրդ 200 մլն է, բայց այդքան դրամը առ ոչինչ է՝ Գյումրի քաղաքի պես հսկայական քաղաքը պահելու համար: Հիմա որ գաք հրապարակը տեսնեք՝ կարկատաններով է: Այստեղ այլ մոտեցում է պետք ցուցաբերվի”:
Ղուկասյանը հերքեց նաև այն խոսակցությունը, թե այդ պարտքերից միայն 450 մլն դրամը իր որդուն է պարտք. “Սխալվում եք, իմ որդին ընդհանրապես բիզնեսով, այդ հարցերով չի զբաղվում, ինքն իր սեփականությամբ է զբաղվում: Նա նաև ասֆալտապատման աշխատանքներ չի իրականացրել քաղաքում”:

Վահե Մակարյան

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply