Գյումրիի քաղաքապետի որդին Հայաստանից դուրս է գնացել արջ բռնելու՞

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 27, 2012 17:47

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այլևս պետական պաշտոն չի զբաղեցնելու և քաղաքապետի լիազորությունները վայր դնելուց հետո զբաղվելու է բիզնեսով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գյումրիի առայժմ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

“Անկախ”-ը հետաքրքրվեց, թե այսքան տարի պետական պաշտոն զբաղեցնելուց հետո արդյոք նա բիզնեսով զբաղվելու փորձ է ձեռք բերել, որ հիմա պատրաստվում է վստահորեն բիզնես անել, Վ. Ղուկասյանն ասաց. “Ես ամբողջ կյանքս բիզնեսով եմ զբաղվել՝ դպրոցից հետո: Որ նայեք իմ կենսագրականը, կտեսնեք, որ ես շատ մեեեեծ ֆերմեր եմ եղել, ֆերմերությամբ եմ զբաղվել, մինչև էսօր ֆերմաներ ունեմ, առաջին կոոպերատիվ “Սպարտակ”-ը ես եմ ստեղծել` գուլպա-նասկեղենի, տրիկոտաժի, հացի արտադրամասի”:

“Սպարտակ”-ի խոսքի վրա լրագրողները հետաքրքրվեցին, թե ուր է նրա որդին` Սպարտակ Ղուկասյանը, Վարդան Ղուկասյանն ասաց. “Սպարտակ Ղուկասյանը անպայման կգա”: Իսկ թե որտեղից կգա, Ղուկասյանը դժվարացավ պատասխանել. “Ես, ճիշտն ասած, հիմա չգիտեմ, թե որտեղից կգա, բայց որ անպայման կգա, էդ փաստ է”:

Անկախ”-ը հարցրեց` իսկ ինչու է գնացել երկրից դուրս նրա որդին, Ղուկասյանը պատասխանեց` “Արջ բռնելու”,  և խոստացավ, որ հենց բռնի մեզ տեղյակ կպահի:

Հիշեցնենք, որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով Սպարտակ Ղուկասյանին օգոստոսի 29-ին   մեղադրանք էր առաջադրվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը): Քանի որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել նրան հայտնաբերել, Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել էր հետախուզում:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply