Երևանի քաղաքապետը շնորհավորել է “Արծիվ մահապարտների” հատուկ նշանակության գումարտակի մարտիկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2012 16:24

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ՊՆ “Արծիվ մահապարտների” հատուկ նշանակության գումարտակի մարտիկների հետ: Շնորհավորելով “Արծիվ մահապարտների” հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Արցախյան ազատամարտի հաղթանակում նրանց ունեցած անուրանալի ավանդի համար. “Հայրենապաշտ մահապարտը մեր սերնդի հպարտությունն է: Մենք խոնարհվում ենք բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր գիտակցաբար գնացին մահվան հանուն հայրենիքի վաղվա օրվա: Մենք նաև գլուխ ենք խոնարհում բոլոր այն ծնողների առջև, ովքեր ծնել ու դաստիարակել են իրական հերոսներ”,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ այն ուշադրությունը, որն առկա է զոհված և վետերան ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ, այուհետ ևս լինելու է շարունակական:
ՀՀ ՊՆ “Արծիվ մահապարտների միություն” ՀԿ նախագահ Աստվածատուր Պետրոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին միությանն ու ազատամարտիկներին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար. “ Մեզ համար, որ պատվով կատարեցինք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ, չկա ավելի մեծ գնահատանք, քան այն, որ հիշում ու մեծարում են մեր ընկերներին: Մենք տեր ենք մահապարտի կոչմանը:
Երևանի քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը հաջողված է և արդյունավետ, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում”,- նշել է Աստվածատուր Պետրոսյանը:
Հանդիպման վերջում “Արծիվ մահապարտների” հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ գումարտակի մարտիկները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
“Արծիվ մահապարտների միություն” ՀԿ-ն էլ Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև ՀՀ ՊՆ “Արծիվ” հատուկ նշանակության զորագնդի 20-ամյակի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է “Արծիվ մահապարտ. Վազգեն Սարգսյան” շքանշանով: Քաղաքապետին շնորհվել է նաև “Արծիվ մահապարտների” միություն ՀԿ-ի պատվավոր անդամի կոչում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply