ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆ. Չգնահատված մեծություն, ում վաստակն այսօր էլ վերագրվում է ուրիշներին…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 29, 2012 13:00

Անտոն Երվանդի Քոչինյանը ծնվել է 1913 թ. հոկտեմբերի 10 (25)-ին Լոռու Վահագնի (Շահալի) գյուղում:

Նա մեր ժամանակների եզակի գործիչներից էր, որոնք բարձրագույն կրթություն չէին ստացել: Սակայն  դա չի խանգարել Ա. Քոչինյանին լուրջ հաջողությունների հասնելու կառավարման և ժողովրդական տնտեսության բնագավառներում: Նա նաև աչքի ընկավ որպես երկարակյաց ղեկավար` լինելով ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ շուրջ 13 տարի և 13 տարի էլ երկիրը ղեկավարեց  ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղա րի պաշտոնում: Նա լավ էր սերտել կառավարման դպրոցի դասերն ու ժամանակի վարչահրամայական ապարատի բարքերը:

Քոչինյանը 1935 թ.  ավարտել է Երևանի կոմունիստական գյուղատնտեսական դպրոցը և  1959 թ.` ԽՄԿԿ ԿԿ կից բարձրագույն կուսակցական դպրոցը: Առաջին քայլերն աշխատանքում կատարել է որպես լրագրող` աշխատելով Տավուշի և Վայոց ձորի տարածաշրջաններում: Շուտով նրա բնածին տաղանդն ու աշխատասիրությունը գնահատվում են և գլխապտույտ առաջընթաց ապահովում. 1939-1941 թթ. նա ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղարն էր:

1953 թ. Անտոն Քոչինյանը դարձավ Հայկ. ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ և որպես հանրապետության վարչապետ պաշտոնավարեց 13 տարի: 1966 թ. նա ընտրվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար և ևս 13 տարի ղեկավարեց երկիրն այդ պաշտոնում:

Նրա կառավարման տարիներն աչքի ընկան հանրապետության տնտեսական առաջընթացով: Անտոն Քոչինյանին է պատկանում Երևանի մետրոպոլիտենի կառուցման նախաձեռնության պատիվը, որը, սակայն, որքան էլ տարօրինակ է, այսօր կրում է մեկ այլ անձի` Կարեն Դեմիրճյանի անունը:

Մետրոպոլիտենի կառուցման թույլտվությունը Կրեմլից դժվարությամբ տրվեց: Երբ Հայաստան է ժամանում ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, նրան օդանավակայանում բնականաբար դիմավորում է Անտոն Երվանդիչը: Եվ ահա քաղաք գալու ճանապարհին խցանում է առաջանում (դա արհեստականորեն էր կազմակերպված, Քոչինյանի մտահաղացումն էր): Անտոն Երվանդիչը, մատնացույց անելով շարված ավտոմեքենաները, Բրեժնևին ասում է. «Քաղաքը շատ է մեծացել, առանց մետրոպոլիտենի այլևս հնարավոր չէ»: Նա հասավ նրան, որ միութենական կառավարությունն ամբողջովին իր վրա վերցրեց Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը:

Քոչինյանի ակտիվ մասնակցությամբ որոշում ընդունվեց կառուցելու Մեծամորի ատոմակայանը, որը ոչ միայն բավարարեց Հայաստանի էներգետիկ ռեսուրսների հարաճուն պահանջարկը և երկիրը, փաստորեն, էներգետիկ առումով անկախացրեց, այլև Հայաստանին էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն տվեց: Նրա կառավարման տարիների ծնունդն էին նաև Հայաստանի արդյունաբերական հսկաներից  Ալավերդու լեռնաքիմիական գործարանը և Կիրովականի քիմիական գործարանը: Կառուցվեցին արդյունաբերական հզոր կենտրոններ Հրազդանը, Չարենցավանը, արդյունաբերական գործարաններով զինվեցին ու կառուցապատվեցին Սևանը, Դիլիջանը: Կառուցվեցին Երևան-Սևան-Շորժա-Զոդ, Մասիս-Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթուղիները:

Նրա նախաձեռնությամբ կառուցվեցին նաև Սարդարապատի հուշահամալիրը, «Էրեբունի» թանգարանը, շատ ու շատ մշակութային օջախներ, ուսումնական հաստատություններ: Նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը: Նրա օրոք կառուցվեցին Գառնու ջրամբարը, Ապարանի ջրատարը, հազարավոր հեկտարներով այգիներ գցվեցին: Կառուցվեցին Երևան-Սևան մայրուղին, «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսիա» կինոթատրոնը, Մխչյանի պոմպակայանը, Կապան-Գորիս ավտոճանապարհը, Երևանի, Կիրովականի, Հրազդանի ջերմաէլեկտրակայանները, Որոտանի կասկադը, Տաթևի հիդրոէլեկտրակայանը: 1973 թ. նա  նախաձեռնեց «Զվարթնոց» օդանավակայանի ընդարձակման աշխատանքները, նաև` Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցման աշխատանքները, սակայն այդպես էլ չհասցրեց կյանքի կոչել:

1963 թ. նրա անմիջական նախաձեռնությամբ սկսվեց Արփա-Սևան 48-կիլոմետրանոց ջրատար թունելի կառուցումը: Պատմում են, որ թունելի շինարարության համար Ն. Խրուշչովի համաձայնությունը ստանալու նպատակով նա իշխանի որս էր կազմակերպել Սևանում նավի վրայից: Եվ երբ ԽՍՀՄ առաջնորդը կարթը գցել է ջուրը, ջրասուզակը նավի տակ նրա կարթին է ամրացրել նախապես որսած իշխանը: Եվ Ա. Քոչինյանը հիացած Ն. Խրուշչովին տեղում համոզում է սկսել Սևանա լճի փրկության ծրագիրը:

1965 թվականը հայ ազգային զարթոնքի տարի էր: Խորհրդային երկաթե վարագույրը պատռվեց. Երևանում հայ ժողովուրդը ոտքի կանգնեց` ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ օրերին պատասխանատու դիրքորոշում բռնեցին երկրի ղեկավարները` ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանը և Նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը` կանգնելով ժողովրդի կողքին: Հայաստանի ղեկավարությունն անգամ համարձակություն ունեցավ Կրեմլի առջև հարց բարձրացնելու Ցեղասպանության զոհերի հուշարձան-կոթող կառուցելու մասին: Անձամբ Անտոն Քոչինյանի ջանքերով առկա մի քանի տարբերակներից ընտրվեց հենց ներկայիս տարբերակը, որը նախապես հանված էր քննարկումից: Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին:

1966 թ. նա համարձակություն ունեցավ Կրեմլում բարձրացնելու Արցախը մայր հայրենիքին միավորելու հարցը: Խնդիրը լուծման փուլում էր, սակայն…

Մինչև պաշտոնավարման վերջը Անտոն Քոչինյանը Կրեմլի ղեկավարության աչքում մնաց որպես նացիոնալիստ գործիչ:

Անտոն Քոչինյանը սիրում էր իր երկիրը և ջանք չէր խնայում Հայաստանի բարգավաճման համար: Նա «կաբինետային» ղեկավարներից չէր: Նրա աշխատանքային օրը սկսվում էր վաղ առավոտյան և ավարտվում կեսգիշերն անց: Շատ էր ճամփորդում: Եղել է Հայաստանի բոլոր բնակավայրերում: Գիտեր ոչ միայն Հայաստանի բոլոր գյուղերի անունները, այլև դրանց աչքի ընկնող մարդկանց` շինականների, բանվորների, հողագործների, կթվորուհիների: Գիտեր շատերի կենսագրությունն ու անգամ ծագումը: Իր աշխատակիցներին միշտ կոչ էր անում դուրս գալ կաբինետից և շփվել հասարակ մարդկանց հետ: Ինքն էլ օրինակ էր ծառայում: Սիրով էր շփվում հասարակ մարդկանց, հատկապես` գյուղաբնակների հետ և երբեք չէր մերժում նրանց հետ մի կտոր հաց կիսելու առաջարկը:

1974 թ. պետական «անարյուն հեղաշրջմամբ» «ղեկավարման մեջ լուրջ թերությունների» պատճառաբանությամբ Անտոն Քոչինյանին գահընկեց արին: Եվ թափուր մնացած  աթոռը զբաղեցրեց Կարեն Դեմիրճյանը:

Պաշտոնանկությունից  հետո Քոչինյանին մեկուսացրին հասարակական աշխատանքներից, անգամ այլ աշխատանք չտվեցին: Նրա միակ սփոփանքը դարձան Ջրվեժի իր նորատունկ այգին և Հայաստանի պետական արխիվը, ուր հաճախ էր գնում` ընթերցելու իր ստորագրած փաստաթղթերը:

Անտոն Քոչինյանը մահացավ 1990 թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4364 անգամ:
Print Friendly

Leave a Reply