2011 թ. բյուջեի կատարողականի քննարկումը « հաղորդակցության նորագույն տեխնոլոգիաներով»
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | September 27, 2012 12:07
Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետ Սարգսյանը, իր ելույթում ներկայացնելով ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքները, կրկին խոսեց տնտեսական աճի մասին: Վարչապետն ընդգծեց, որ 2010-ի համեմատ` 2011 թվականը բավականին բեկումնային տարի էր, քանի որ էապես նվազեց գնաճի ցուցանիշը և Հայաստանն ունեցավ տնտեսական աճ, որը երկու անգամ ավելի բարձր էր նախորդ տարվա համեմատ:
Տիգրան Սարգսյանի խոսքով` անցած տարվա ընթացքում էապես հաջողվել է բարելավել նաև հարկահավաքման գործընթացը և հարկեր/ՀՆԱ ցուցանիշը` ստեղծելով հիմքեր, որ նաև 2012 թվականին ՀՀ կառավարությունը հնարավորություն ունենա շուրջ 0.6 տոկոսով ավելացնելու հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:
Այնուհետև ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դավիթ Հարությունյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին իշխանության պետական և դատական մարմիններին 2011 թ. հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:
ՀՀ ֆինանսների նախագահի տեղակալ, Հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետական մարմինների համար նախատեսված ֆինանսական միջոցները հաշվետու տարում վճարվել են ամբողջությամբ և ժամանակին: Ջանջուղազյանը չբացառեց նաև տնտեսումների փաստը` նշելով, որ առանձին դեպքերում, բյուջետային տեխնիկայով պայմանավորված, առկա տնտեսումներն ուղղվել են պահուստային ֆոնդ, որտեղից ֆինանսավորվել են նոր ծրագրեր:
Բավականին հետաքրքիր և փոքր-ինչ զավեշտալի բանավեճային մթնոլորտում անցան ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ մարզերին հատկացված ֆինանսական միջոցների և կատարված ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումն ու դրանց վերաբերյալ քննարկումները:
Մարզպետները թվերով ներկայացրին, թե իրենց ղեկավարած մարզերին որքան ֆինանսական միջոցներ են հատկացվել և ինչպիսի ծրագրեր են իրականացվել: Բոլոր մարզպետներն էլ պարտադիր ընդգծեցին, որ հատկացված միջոցներն ամբողջությամբ ծախսվել են, և բերեցին որոշ վիճակագրական տվյալներ կատարված աշխատանքների վերաբերյալ: Մարզպետների նման ձևաչափով ելույթները, սակայն, այնքան էլ չբավարարեցին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը պարզապես հարցախեղդ արեց բոլոր մարզպետներին` պահանջելով խոսել առարկայական և հաշվետվություն ներկայացնել կոնկրետ օրինակներով, թե որ խնդրի վրա որքան գումար է ծախսվել և դրանից ինչ է փոխվել: Փաշինյանը նաև վիճակագրական տվյալներ էր պահանջում մարզպետներից իրենց մարզերի աշակերտների, գյուղացիական տնտեսությունների և այլնի վերաբերյալ, ինչին, սակայն, մարզպետները այդ պահին չէին տիրապետում:
Գործընկերներին ստեղծված դժվարին իրադրությունից դուրս բերելու համար Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն իր ելույթը սկսեց թեմայից չշեղվելու կոչով և խորհուրդ տվեց նման տվյալներ ստանալու համար օգտվել կայքերից:
«Հարաբերվե՛ք էլեկտրոնային կայքերի միջոցով, մարզպետները պարտավոր չեն տիրապետել բոլոր վիճակագրական թվերին, և պարտադիր չէ` անգիր իմանան, թե որ համայնքում ինչ ծրագրեր են իրականացվել»,- ասաց Կովալենկո Շահգալդյանը, որին ի պատասխան Փաշինյանն արձագանքեց, որ չպետք է իրենց անընդհատ խորհուրդներ տալ այցելել կայքեր, քանի որ իրենք այդ կայքերի տեղը շատ լավ գիտեն:
«Վերահսկիչ պալատի նախագահից ու իրենց կայքից պրծանք, հիմա էլ հերթը մարզպետներինն է: Շատ մարզպետներ ինտերնետից տեղյակ չէին, որ մենք գիտեինք, թե կայքն ինչ է: Մեզ կայք ցույց մի տվեք, այլ Ազգային ժողովին հաշվետու եղեք»,- զայրացած նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
Հետաքրքիր դրվագներից զերծ չմնացին նաև համապատասխան գերատեսչություների կողմից հաշվետվությունների ներկայացումն ու քննարկումը Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած ընդհանուր հաշվետվությունից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարց ուղղեց ՀՀ գլխավոր գանձապետին` նկատելով, որ իրենք պարզել են, որ փաստորեն սննդամթերքի անվտանգության տեսչությունը գյուղատնտեսության նախարարությանը հաշվետու չէ. «Ինչ-որ մեկը պե՞տք է պատասխանի: Կարծես թե մեր անկախ հանրապետությունից անկախ վարչություն ենք ստեղծել. մեջտեղն ուտում են, կողքերը պտտվում»:
Ջանջուղազյանը, սակայն, դժվարացավ հստակ պատասխանել պատգամավորի հարցին, թե ի վերջո ում ենթակայության տակ է գործում այդ տեսչությունը, և փոխանակ այդ ընթացքում օգնության հասներ գյուղնախարար Սերգո Կարապետյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ական պատգամավորի տված հարցի պատասխանը, մնաց լուռ նստած և ոչինչ չասաց:
Իր ելույթում 2011-ի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սակայն, բավականին ծավալուն խոսեց ոլորտում կատարված աշխատանքների ու իրականացված ծրագրերի մասին: Նախարարը մասնավորապես նշեց, որ իրենք բավականին խոշոր ծրագիր են իրականացրել և ակտիվորեն պայքարել են մորեխների ու կրծողների դեմ: Ս. Կարապետյանի ելույթից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հարց ուղղեց նրան` նշելով, որ մենք թռչնամիս և ձու արտահանող երկիր ենք եղել, մինչդեռ հիմա ներկրում ենք: Նա խնդրեց մեկնաբանել, թե դա ինչի՞ հետ է կապված, որ հիմա չենք կարողանում բավարարել ներքին շուկան:
ՀՀԿ-ական պատգամավորի բարձրացրած հարցերին գյուղնախարարը ընդհանուր առմամբ չհակադարձեց` նշելով, որ թռչնի համար անկում ունեցել ենք մինչև 2010 թվականը: Սակայն ավելացրեց, որ անելիքներ դեռ շատ կան. «Մենք լուրջ անելիքներ ունենք, թռչնամսի մոտ 50 տոկոսը ներկրում ենք, որովհետև չենք կարողանում շուկան ապահովել, ինքնաբավ չենք»:
Այսքանով, սակայն, չավարտվեցին ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: Դեռ կան մի քանի մշտական հանձնաժողովներ, որոնք առաջիկա երեք օրերի ընթացքում հանդես կգան համատեղ նիստերով և կներկայացնեն իրենց հաշվետվությունները, որոնք էլ կամփոփվեն «Անկախ» շաբաթաթերթի հաջորդ համարում:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
