Հայկ Օրդյան. «Արմենիա» բառը լսելուց հետո, հասկացա, որ պետք է բեմ բարձրանամ»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 28, 2012 11:04

«Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հայկ Օրդյանը մի քանի օր է, ինչ վերադարձել է Աստանայից, որտեղ տեղի է ունեցել հեռուստատեսային փաստավավերագրական ֆիլմերի «ՏԵՖԻ-համագործակցություն» միջազգային փառատոնը: Նա ասում է, որ խստապահանջ ժյուրին մոտ տասը լավագույն ֆիլմերից ընտրել է Հայաստանը ներկայացնող հենց այս` «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է միջազգային «ՏԵՖԻ-համագործակցություն» փառատոնը: Անցած տարի այն տեղի է ունեցել Ոկրաինայի մայրաքաղաք Կիևում:

Փաստավավերագրական ֆիլմը Էդուարդ Ղազարյան հսկա մանրաքանդակագործի մասին փառատոնին է ներկայացրել Հայկական երկրորդ հեռուստաալիքը, որի ռեժիսոր Նունե Էլմասյանը փառատոնի միջազգային փորձագետների կազմի անդամ էր:

Պրն Օրդյան, նախ շնորհավորում ենք Ձեզ: Ո՞ր անվանակարգում հաղթեց ֆիլմը:

– Անչափ շնորհակալ եմ: Ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ այս մրցանակը մեր ամբողջ թիմի «Օրդֆիլմի» մրցանակն է, այն միայն իմը չէ: «ՏԵՖԻ-համագործակցություն» փառատոնի ժամանակ մեզ տրվեց «Լավագույն փաստավավերագրական ֆիլմ» անվանակարգը, որը կարող եմ ասել` մեր առաջին հաջողությունն է:

Հայ մանրաքանդակագործության լեգենդար հիմնադրի մասին պատմող  ֆիլմը երկար տարիների արդյունք է: Հայկական 2-րդ հեռուստաալիքի օպերատոր և ֆիլմի համահեղինակ Հարություն Տոլանյանը դեռ խորհրդային տարիներին ճանաչում էր մեծ վարպետին և ավելի քան չորս տարի պարբերաբար նկարահանել է նրան:

Ֆինանսական աջակցություն ստացա՞ք:

– Մենք  ֆինանսներ չէինք կարողանում գտնել, որովհետև փաստավավերագրական ֆիլմերը մեր երկրում այնքան էլ մեծ պահանջարկ չունեն: Բայց լսելով, որ Հարութը նման նախաձեռնություն ունի, ասացի, որ մենք մեր ուժերով կիրականացնենք այն, առանց ֆինանսական աջակցության: Սա այն դեպքն էր, երբ նյութը կարևոր էր, հայ մանրաքանդակագործության հիմնադրի մասին  ֆիլմ նկարահանելը կարևոր և նշանակալի էր առաջին հերթին մեր սերունդների համար: Փաստավավերագրական ֆիլմը մեծանուն վարպետի մասին պատմող թերևս միակ ու վերջին վկայությունն է:

Պրն Օրդյան, պատմեք խնդրեմ փառատոնի անցուդարձից, մշակութասերների արձագանքներից

– Անկեղծ ասած, ես զարմացել էի, երբ ֆիլմի ավարտից հետո դահլիճում պարզապես չէին դադարում ծափահարությունները. դա ամենակարևոր գնահատականն էր ինձ համար: Ցավոք, չկարողացա ներկա գտնվել ֆիլմի ցուցադրմանը փառատոնի ընթացքում, որովհետև հասկացա, որ ամեն մի շշուկ, ամեն մի արձագանք, ինձ վրա խոր ազդեցություն է թողնելու: Հետո, երբ ցուցադրությունն ավարտվեց, դահլիճից լսեցի ծափահարությունները: Բայց ասեմ, որ  մասնագիտական շրջանակներում քննարկումների ընթացքում ընդգծվեց մի հետաքրքիր փաստ. հանդիսատեսին գրավել է ոչ միայն  ֆիլմի հետաքրքրական, արտասովոր, յուրօրինակ կերպարը, այլև` մատուցման յուրահատուկ ձևն ու ռեժիսորական լուծումները:

Վերջին օրը, երբ հաղթողների անունները հայտարարելիս լսեցի «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը», չէի գիտակցում, որ մեր մասին է խոսքը, միայն «Արմենիա» բառը լսելուց հետո, հասկացա, որ պետք է բեմ բարձրանամ»:

Ասացիք, որ սա միայն ձեր հաղթանակը չէ

– Փառատոնին մասնակից փորձագետները հաշվի են առել ֆիլմի յուրաքանչյուր դետալը` սկսած օպերատորական աշխատանքից (օպերատոր` Հարություն Տոլանյան) վերջացրած երաժշտությամբ, որը հատուկ ֆիլմի համար գրել է կոմպոզիտոր Դավիթ Դավթյանը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր թեկուզ իրենց չնչին մասնիկն են ունեցել ֆիլմի կայացման գործում:

Կարծում եմ` սա սա միակ մրցանակը չէ, որ սպասում եք: Այլ ծրագրեր ունե՞ք:

– Փառատոնից վերադարձա ոչ միայն խորհրդանշական արձանիկով ու պատվոգրով, այլև բազմաթիվ փաստաթղթերով: «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմը հեռարձակման իրավունք ձեռք բերելու համար ցանկություն են հայտնել ռուսական «Կուլտուրա» և «TBC» հեռուստաընկերությունները:

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 Հ.Գ.- Հիշեցնենք, որ ֆիլմի հայկական պրեմիերան տեղի է ունեցել 2012 թ. մայիսին` Էդուարդ Ղազարյանի մահից կարճ ժամանակ անց: Էդուարդ Ղազարյանը Լոնդոնի արվեստների ակադեմիայի կողմից 2002-ին ճանաչվել է «Տարվա մարդ», չորս անգամ գրանցվել  ռուսական «Դիվո» ռեկորդների գրքում:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply