Թուրքիան ուզում է ամեն ինչ միանգամից ունենալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 2, 2012 13:00

Օրերս, Ադրբեջանի անմարդկային գործողություններից բացի, շատ են հնչում այն հարցերը, թե ինչպիսին է Թուրքիայի այսօրվա արտաքին քաղաքականությունը, ինչ դեր է կատարում Թուրքիան Մերձավոր Արևելքում, ինչ է «մեղմ  քաղաքականությունը» և Մերձավոր Արևելքում «թուրքական մոդելը»: Դրանց շուրջ փորձեցինք զրուցել տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար,  քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ, ըստ որի` Թուրքիայի առջև, մյուս երկրների պես, ծառացած են տարբեր մարտահրավերներ, և նա իրեն հեռու է պահում հեղափոխական անկարգություններից,  հատկապես` Մերձավոր Արևելքում: «Այսօրվա Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարությունը զարգացրել է հենց ինքը` Ահմեդ Դավութօղլուն:  Հետաքրքրականն այն է, որ  ռազմավարությունը` իրականացման իմաստով, և արտաքին քաղաքականության Դավութօղլուի պատկերացումները հիմնված են վերացական իդեալների վրա` առաջնորդվելով  «զրո խնդիր հարևանների հետ», «մենք պետք է սիրենք միմյանց»  կարգախոսներով», – ասում է քաղաքագետը` ավելացնելով, որ դա վերաբերում է նաև  տնտեսական բարգավաճմանն ու կայունությանը, մասամբ նաև` թուրքական արտաքին քաղաքականության վտանգավոր միտման` չափազանց ինքնավստահության,  ագրեսիվ և պնդող քաղաքականության վրա` ստեղծելով նոր, ավելի ինքնավստահ ինքնակառավարման պատկեր: «Դավութօղլուի հետ իմ հերթական հանդիպումից հասկանալի դարձավ, որ նա ճանաչում է հայկական Ցեղասպանությունը: Իսկ դա արդեն խոսում է ավելի մեծ հնարավորությունների մասին (Հայաստանի համար), քան մենք պատկերացնում ենք»,- հավելում է Ռ. Կիրակոսյանը:  Նրա կարծիքով` Դավութօղլուն այսօր ավելի թույլ է, քան այն ժամանակ, երբ դեռ Թուրքիայի վարչապետի ոչ պաշտոնական խորհրդականն էր, քանի որ նա անձեռնմխելի էր: Սակայն դառնալով Թուրքիայի արտգործնախարար` քաղաքական ոչ մի հաջողություն չի ունեցել, ներառյալ Հայաստան-Թուրքիա կարգավորումը: «Ի տարբերություն Հայաստանի, որի արտաքին քաղաքականությունը վերջերս հզորացել է, այդ թվում նաև Ցեղասպանության ճանաչման հարցում, որում մեծ առաջընթաց է նկատվել, այն ժխտելու համար Թուրքիայից ավելի մեծ ջանքեր են պահանջվում, որովհետև օրըստօրե ավելի քիչ երկրներ են աջակցում Թուրքիային այդ հարցում: Այնուամենայնիվ, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ակտիվ, դինամիկ և հաստատական է»:

Ըստ քաղաքագետի` Թուրքիային այլևս  հաճելի չէ լինել ԱՄՆ-ի մարտահրավերը և չի էլ ցանկանում լինել վերջինիս «վստահված իշխանությունը»: Այդպիսով, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը նոր դեմք է ընդունում` կատարելով «նեոօսմանական» դեր: Սակայն այդ կերպ Թուրքիան հեշտությամբ չի ընդունվում որպես իսլամական պետություն, և Եվրամիության հետ Թուրքիայի ռազմավարությունն այլևս նույնը չէ: Թուրքական  կառավարության պաշտոնյաների կարծիքով` Թուրքիան դեռ պարտավորված է միանալ ԵՄ-ին, և նրանց պնդմամբ` Եվրամիությունը Թուրքիայի կարիքն այնքան չի զգում, որքան Թուրքիան` Եվրամիության: Քաղաքագետը նշում է, որ այնուամենայնիվ կան որոշ սահմանափակումներ, որոնցից առաջինը Բաքու-Ջեյհանն է, երկրորդը` «Նաբուկոն», իսկ երրորդը` Ադրբեջանը, որը գազի հետ է «խաղում»:

Թուրքիայի հաջորդ դերը միջնորդ հանդիսանալն է: Օրինակ` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներից առաջ Թուրքիան հանգիստ  միջնորդություն էր անում Սիրիայի և Իսրայելի միջև Իրանում: «Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքականության` Հայաստանը  կարևոր դեր է խաղում, քանի որ առանց Հայաստանի` նրանք կորցնում են Կովկասը, առանց Կովկասի` Կենտրոնական Ասիան և, վերջապես, առանց Հայաստանի` կորցնում են սևծովյան ավանդույթը: Կարևոր է հասկանալ, թե թուրքերն ինչպես են դիտում այդ ամենը,  քանի որ այդ կերպ հնարավոր կլինի անհամեմատ մեծացնել տվյալ համատեքստում Հայաստանի ռազմավարական նշանակությունը», – նշում է մասնագետը:

Մեր հարցին, թե ինչ է թուրքական «մեղմ իշխանությունը` ուժը», Ռ. Կիրակոսյանը պատասխանեց, որ թուրքական տեսություններից մեկի համաձայն` «պատկերը ձևավորում է իրականությունը»: Այսինքն` «մեղմ իշխանությունը» նոր պատկերացում է, երևակայություն, որով Թուրքիան տեսնում է իրեն բառացիորեն որպես սևծովյան, մերձավորարևելյան, եվրասիական և բալկանյան իշխանություն, ինչը շատ կարևոր է Թուրքիայի ընդարձակության և  չափազանց  հավակնոտ օրակարգը հասկանալու համար: «Մեղմ իշխանությունը» նաև թուրքական համոզվածության և արտաքին գործերի նախարարությունում  թուրքական պաշտոնյաների ազդեցության մասին է: Թուրքիան, մնացած միջոցներից բացի, օգտագործում է մշակույթի, զբոսաշրջության նախարարությունները, պետական հիմնարկները, թուրքական  ավիաուղիները, մասնավոր հիմնադրամներն ու ԶԼՄ-ների ռազմավարությունը (հատկապես թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը): «Օրինակ` 2002 թ. Թուրքիայում կային 36 արտասահմանցի լրագրողներ, իսկ 2009 թ. այդ թիվը հասավ 255-ի: Սակայն ինչքա՞ն օտարազգի լրագրող կա Հայաստանում: Ոչ մի: Թիֆլիսում Հայաստանը լուսաբանող լրագրողների թիվը հասնում է 11-ի, իսկ 265-ից ավելի օտարազգի լրագրողներից մեկը հայ է», – ասում է քաղաքագետը և ապա ընդգծում, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության սահմանափակումներից առաջինը  տարածության և ժամանակի դիվանագիտական հասկացության թուլությունն է, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պայմանավորված է կարճաժամկետ ռեակցիայով` Սուդանի, Իրանի, Իսրայելի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առումով:  «Թուրքիայի իրական պահանջմունքը թերևս առաջնահերթությունն է, քանի որ Թուրքիան չունի դա և ցանկանում է լինել և ունենալ ամեն ինչ միանգամից: Սակայն այս կերպ ռազմավարության խորությունը բավարար չէ, քանի որ Թուրքիան դառնում է աշխարհագրական կենտրոնացվածությամբ չափազանց ընդլայնված, իսկ այդ ամենը, կարծում եմ, շատ է Թուրքիայի համար»: Ինչ վերաբերում է «թուրքական մոդելին», ապա այն, ըստ Ռ. Կիրակոսյանի, նոր, կայուն և չափավոր աշխարհիկ ժողովրդավարության մոդել է` ուժեղ և ազատական տնտեսությամբ:  Սակայն այդ մոդելի սահմանափակումներն ու թերություններն ավելի լուրջ են, քան դրական կողմերը: Դրանցից մեկն այդ մոդելի պատճենումն է այլ երկրներում: «Իսկ եթե դիտարկենք Թուրքիայի հարաբերությունները մյուս երկրների հետ, ապա պետք է նշեմ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում շատերը ծրագրում էին Հայաստանի և Թուրքիայի հարբերությունների կարգավորման հարցը` Սիրիայի զենքերը կիրառելու ակնկալիքով: Թուրքիան սկզբից փորձեց Իրանին ներգրավել տնտեսական և քաղաքական կապերով, այնուհետև ձեռք բերեց մեծ ազդեցություն և երկկողմանի առևտուր` տարեկան 10 միլիարդ ԱՄՆ դոլար եկամտով: Իսկ Բրազիլիան Թուրքիայի համար բանալի-երկիր է, քանի որ երկուսն էլ միմյանց տեսնում են որպես «աճող լիազորություններ», և դրանցից յուրաքանչյուրը որոնում է իշխանության պրոեկցիա»,- նշում է քաղաքագետը` ընդգծելով, որ Բրազիլիան Թուրքիայի համար նաև մուտք է դեպի Լատինական Ամերիկա: Սակայն Սիրիան Թուրքիայի համար ավելի մեծ նշանակություն ունի սահմանի, փախստականների, ապստամբներին ներգրավելու  և քրդական հարցի սպառնալիքների տեսանկյունից: Այն մի տարածք է, որն այժմ դրական անմիջական ազդեցություն ունի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների, սակայն բացասական ազդեցություն` Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վրա: Իսկ Հայաստանի համար այդ փաստը մեծ անկում է Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում, բայց դրական ազդեցություն` Իրան-Թուրքիա հարաբերություններում:

Մեզ հետաքրքրեց նաև Թուրքիայի ընթացիկ գործունեությունը:  Ռիչարդ Կիրակոսյանն այդ կապակցությամբ նշեց, որ Կիպրոս, Եգիպտոս, Սիրիա և Իրան շղթան Մերձավոր Արևելքում ամենակարևոր և դինամիկ խաղացողն է, սակայն Սիրիան ավելի մեծ ուշադրություն է պահանջում: «Գիտենք, որ Թուրքիայի ռազմական  ուժերը Սիրիայում այնքան էլ լավ չեն կատարում իրենց աշխատանքը, և, որքան էլ զարմանալի թվա, թուրքական կառավարության ներկայացուցիչների զգալի մասն ուրախ է,  որ թուրքական ռազմական ուժերը թուլացած են, որին նպաստում է նաև Սիրիան», – ասում է մասնագետը: Մեկ այլ կարևոր հանգամանք է քրդական նախաձեռնությունը Թուրքիայում: Քրդերին առաջարկվում է հրաժարվել զենքից և հեռարձակումների, հաղորդումների, թերթերի միջոցով ստեղծել  քրդական լեզուն ու քրդական քաղաքական կուսակցություն, որն այսօր  գտնվում է խորհրդարանում: Ինչ վերաբերում է Թուրքիա-Հայաստան սահմանին, ապա Թուրքիայում կարծիք կա, որ այդ  սահմանի բացումն անհրաժեշտ պայման է (Արևմտյան Հայաստան) երկրի առևտրի զարգացման և տնտեսական աճի համար: Ուստի Թուրքիան կանդրադառնա հայկական և Հայաստան-Թուրքիա կարգավորման  հիմնահարցերին ավելի վաղ, քան սպասում ենք, քանի որ այլ տարածքներ կորցնելուց բացի, Թուրքիան հայկական նորմալացման հարցը դիտում է որպես միջանկյալ հաղթանակ և կարճաժամկետ շահույթ:«Թուրքիայի սխալը թերևս հիմնականում ամբարտավանությունը և ինքնագերագնահատումն է, իսկ Հայաստանը  կրկնակի առավելություն ունի իր ռազմական մեծ նշանակության շնորհիվ»,-  կարծիք է հայտնում մասնագետը, որի համոզմամբ` Հայաստանին մնում է ընդամենը մտածել ապագայի մասին (մի բան, որը չի անում) և  հաշվի առնելով Ռուսաստանի շահերը` հասկանալ Թուրքիայի բնույթն ու լինել մի փոքր ավելի համարձակ և ստեղծարար, հատկապես երբ խոսքն արտաքին քաղաքականության մասին է:

 

 

Ելենա Չոբանյան

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply