Գուշակություններին փոխարինելու է եկել գիտությունը Աստղաբանությունն այսօր հնարավորություն է տալիս վաղօրոք կանխորոշելու մարդու ճակատագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 3, 2012 7:00

«Իրականում մարդը միայն այդ տեսանելի ֆիզիկական մարմինը չէ, իր կազմությամբ այն յոթ մարմիններից բաղկացած, շատ բարդ համակարգ է, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի յոթ ենթամարմին: Իհարկե, երկրի վրա ճիշտ ապրելու համար մեզ անհրաժեշտ է իմանալ գոնե առաջին երեքը»,- այսպես է հայ մաթեմատիկոս-աստղաբան, ակադեմիկոս Էլյա Հովհաննիսյանը ներկայացնում մարդու և տիեզերքի միջև ունեցած ամուր կապը և վստահեցնում, որ ցանկացած բանական էակ, ընդունելով իր սխալներն ու թերությունները, կարող է շտկել իր կյանքը և նույնիսկ  փոխել ճակատագիրը:

Էլյա Հովհաննիսյանը, որպես աստղագետ, հանրությանը հայտնի է

հեռուստաեթերներից և իր հեղինակած մի շարք գրքերից: Նա ծնվել է Երևանում, սովորել և ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը և ծավալել մանկավարժական գործունեություն: Մաթեմատիկա առարկան դպրոցներում դասավանդելու հետ մեկտեղ տիկին Էլյան զբաղվել է նաև աստղաբանությամբ: Մինչ օրս հրատարակել է 8  գիրք: Նրա հետ մեր զրույցը ծավալվեց այնպիսի  թեմաների շուրջ, որոնք բոլոր ժամանակներում էլ արդիական են և հետաքրքիր հասարակության բոլոր շերտերի համար:

Ի դեպ, հանրության շրջանում միշտ էլ հնչում են կարծիքներ, որ գուշակություններն ու աստղաբանությունը գրեթե նույն հասկացություններն են և մեկը մյուսին լրացնում են: Իսկ շատ մարդիկ էլ առհասարակ թերահավատ են աստղաբանության նկատմամբ: Նշենք, որ  գուշակությունները հնուց  եկած սովորույթներ են` փոխանցված սերնդեսերունդ: Հիմա էլ մեզանում լայն տարածում ունի  գուշակների կամ «բախտ նայողների»  ոչ ֆորմալ ինստիտուտը, որը եկամտաբեր բիզնես է դարձել:

Հավատալ գուշակությունների՞ն, թե՞ գիտությանը, դրանցից ո՞ր մեկին է տրված մարդու ապագան կանխորոշելու բարդ առաքելությունը: Տիկին Էլյայի մեկնաբանմամբ` այսօրվա գուշակությունը  լոկ տգիտության հետևանք է: Այն իր ժամանակին գուցե արժեք էր ներկայացնում, որովհետև աստղաբանությունը` որպես գիտություն, զարգացած չէր, և մոտավոր ենթադրությունների հիման վրա մարդկությունը կարողանում  էր գուշակել եղանակը, բնությունը, մարդու կյանքի հետ կապված շատ այլ հարցեր: Աստղաբանի վստահեցմամբ` այսօրվա աստղաբանությունը տալիս է 100-տոկոսանոց ճշգրիտ արդյունքներ:

Աստղաբանությունը հակադրվում է այն տեսակետին, թե ճակատագիրն առհասարակ մարդուն ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Էլյա Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ճակատագիր ասվածը մարդիկ սխալ են ընկալում, և եթե մարդը կարողանա ընդունել և ուղղել սեփական սխալները, ապա կկերտի գերազանց ճակատագիր: «Աստված ոչ մեկին չի ուզում նեղացնել. բոլորին նայում է հավասար աչքով և օգնում զարգանալու և հոգին լուսավորելու հարցում: Ճակատագրի քարտեզը, որը ես կազմում եմ յուրաքանչյուր մարդու համար, հոգու քարտեզն է, որտեղ նշված են այդ մարդու թերությունները, բայց ոչ ճակատագիրը,- ասում է տիկին Էլյան և շարունակում:- Այն անձը, որը գիտի աստղաբանություն, անկանխատեսելի իրավիճակներում չի հայտնվի, սակայն դա չի նշանակում, որ նրա կյանքում բարդություններ չեն ծագի: Շատ բան կարելի է հաղորդել ճակատագրի քարտեզի միջոցով` առողջական վիճակը, առօրյա կենցաղը և թերությունները: Իմ միջոցով 70 հազար նմանատիպ ճակատագիր է գծագրվել, բոլորն էլ ճշգրիտ են եղել: Այն մարդիկ չեն հավատում աստղաբանությունը, որոնք կարծում են, թե երկրի վրա, բացի իրենցից, ոչինչ գոյություն չունի: Բայց երկրագունդը գտնվում է տիեզերքի ազդեցության տակ, և նրա ազդեցությունը չզգալ անհնարին է: Դա այնքան մեծ նշանակություն ունի, որ ես ութ գիրք գրելուց հետո էլ դեռ չեմ ավարտել ասելիքս, որովհետև մեզ ղեկավարում են տիեզերքի թվերը, որոնք կապված են մոլորակների հետ: Այս ամենը պահանջում է լուրջ վերաբերմունք տիեզերքի, մոլորակների և կենդանակերպերի նկատմամբ, առանց որոնց հնարավոր չէ կյանքը պատկերացնել»:

Աստղաբանը նշում է, որ մարդը թերևս տեղյակ է մահվան գաղափարին, սակայն  չգիտի Սատուրնի ներգործության մասին. «Սատուրնը համարվում է ժամանակի աստվածը, և նրա ամեն մի պտույտի հետ մարդը վտանգի է ենթարկվում` հաշիվ չտալով իրեն,  իսկ եթե տեղեկացված լինի այդ մասին, ապա միջոցներ կձեռնարկի`ապահովագրելով իրեն սպասվող վտանգից: Սատուրնը իր մի պտույտը բոլոր կենդանակերպերի մեջ կատարում է 29,5 տարվա ընթացքում»:

Մարդու կյանքի տևղությունը 90-100 տարի է, այդ ընթացքում մարդը շատ սխալներ է թույլ տալիս, վնասում է առողջությունը, մոլուցքներն են շատանում, և եթե մարդը չապրի այնպես ինչպես իրենից պահանջվում է, ապա յուրաքանչյուր 9 տարին մեկ նրան կարող է մահվան վտանգ սպառնալ: «Օրինակ` ինչպե՞ս բացատրենք այն երեույթը, որ ինը տարեկան երեխան զոհվում է  ավտովթարից: Այստեղ մարդը մեղք չունի:  Նրա ծննդյան տվյալները, անունն ու ազգանունը, երբ հինգ թվանշանն են առաջացնում, հանգեցնում են դժբախտ պատահարների: Երբ անունը փոխվում է, փոխվում է նաև նրա ճակատագիրը» – ասում է տիկին Էլյան:

Այսօր շատ նորածիններ անվանակոչվում են տատերի և պապերի անուններով: Աստղաբանն ասում է, որ ամեն մարդ ունի իր ծածկագիրը` կոդը, որը հաշվում են մասնագետները: Շատ կանայք կարողանում են փոխել իրենց ճակատագիրն ամուսնությունից հետո, երբ կրում են ամուսնու ազգանունը: Անունը կամ ազգանունը պետք է փոխել` դարձնել այնպիսին, որ նրանց վտանգ չսպառնա: Ինչպես բացատրում է աստղաբանը, դա ոչ թե ճակատագիր է, այլ ծնողների թույլ տված սխալի հետևանք: Այսօր արդեն շատ մարդիկ նախապես հաշվարկում են նորածնին տրվելիք անունները:

Մարդու օրգանիզմում շատ կարևոր դեր ունի տարերքը, այսինքն` ջուրը, օդը, հողն ու կրակը, և կարևոր է, թե դրանցից որ նշանի տակ է ծնված մարդը: Այսինքն` եթե կրակը համընկել է ջրի հետ, ապա այն պետք է հանգցնի կրակը կամ գոլորշիանա: Այդ ներգործությունը փաստ է, և յուրաքանչյուր քայլափոխի մենք բախվում ենք այդ խնդրին: Տիկին Էլյան փաստում է, որ 1987-ից հետո ամուսնալուծությունները կրճատվել են, իսկ մինչ այդ հաճախակի բաժանությունները  եղել են անկայուն և սխալ ընտրության  հետևանքով: Այսօր անհաջող ամուսնությունները դարձյալ շարունակվում են, պարզապես հասարակության իրազեկությունն է մեծացել, և նրանցից շատերը նախապես հաշվարկում են` որքանով են միմյանց համապատասխան: «Չկա որևէ հարց մարդու կյանքում, որում աստղաբանությունը նրան չկողմնորոշի»- ասում է  նա:

Ժողովրդական այն հայտնի առածը` «լալով քնես լալով կարթնանաս», գիտականորեն ապացուցում է իր խոսքի ուժը: Տիկին Էլյան բացատրում է, որ եթե մարդը դրական լիցքերով է կյանքին նայում, ապա դա վերադառնում է իրեն, իսկ բացասական մտքերի և բառերի գործածության պարագայում տիեզերքը նրան ուղարկում է միայն լաց ու արցունք:

Այսօր մեզանում լայն տարածում է գտել և կարծես  մոդայիկ է դարձել ըստ վաղօրոք ծրագրվածի զավակ լույս աշխարհ բերելը: Բազմաթիվ զույգեր, ապավինելով հայ աստղաբանների հմտություններին, ցանկություն են հայտնում նախապես պլանավորել երեխայի սեռը, այսպես ասած` հաշվարկի դիմել: Ի դեպ, այժմ երեխայի սեռային հաշվարկ, բացի աստղաբաններից, կատարում են նաև ծննդատան բուժաշխատողներից կամ սովորական քաղաքացիներից շատերը: Այժմ առանց հաշվարկելու երեխա ունենալը նույնիսկ շատերի աչքում համարվում է հետամնացություն, քանի որ կյանքին զուգընթաց զարգանում են նաև տեխնոլոգիական և գիտական հմտությունները: Որքանո՞վ է ճշգրիտ ստացվում երեխայի սեռը նախապես պլանավորելը: Էլյա Հովհաննիսյանը այն համարում է շատ պարզ գործողություն և հավաստում, որ իր կատարած հաշվարկներից բոլորը գերազանց արդյունք են ցույց տվել, սխալներն այս պարագայում հասնում են զրոյի: Բացի հաշվարկ անելու գործընթացից, գիտությունն այսօր թույլ է տալիս նաև երջանիկ ապագայով երեխա  լույս աշխարհ բերել, որի պարագայում բացառվում է նրանց անհաջողակ կամ չար մարդ լինելը: «Կան օրեր, երբ տիեզերքը ուղարկում է վատ ճակատագրով երեխաներ, այսինքն` նրանցից կարող են լինել և հանցագործներ, և մարդասպաններ, կամ  անհաջողակներ և անկարողունակներ: Ուստի լավ ճակատագրով զավակներ, օրինակ` հենց գիտնականներ լույս աշխարհ բերելու համար ծնողները պետք է նախապես պլանավորեն և ճշգրիտ հաշվարկի դիմեն»,- նշում է տիկին Էլյան:

Հասարակության մի ստվար զանգված կա, որը իսկապես հավատում է այս գիտության հրաշքներին, յուրաքանչյուր օրը կապում այս կամ այն լուսնային օրվա հետ և ըստ համապատասխան օրացույցի` կազմակերպում իր կյանքի ընթացքը: Ամեն դեպքում, յուրաքանչյուր բանական էակ ինքը պետք է գիտակցի, թե որքանով է այդ ամենն օգնում կամ խոչընդոտում  ճիշտ ապրելուն:

Լ.Ն

Դիտվել է 6549 անգամ:
Print Friendly

Leave a Reply