Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 1, 2012 7:00

Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է  արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից  մաշվում է  արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ տեխնածին  քիմիական արտանետումների պատճառով:

Այդպես էլ մեր հոգին ու հոգեկանը, մարդու էությունն ամեն աստծու օր դիմադրում է տհաճ իրադարձություններին, ապրումներին, ցավին ու սթրեսին: Մեր կյանքն է  այդպիսին` շերտավոր, ալիքանման:

Իսկ ինչի՞ց է, որ ոմանք, գլուխը բարձր պահած, կարողանում են անցնել խնդիրների կողքով, իսկ ոմանք էլ ընկնում ու խորասուզվում են անհաջողությունների մեջ, որոնք ներսից սկսում են մաշել, ինչպես քայքայվում է  փտած արմատներ ու բուն ունեցող ծառը:

Մարդը հին ժամանակներից վախ ունի հոգեկան հիվանդությունների նկատմամբ, որոնք թերևս ամենաանհասկանալին են բոլոր ախտերից: Դրա առաջացման պատճառները լիովին հայտնի չեն: Հոգեկան հիվանդությունների ուսումնասիրությունը սկսել է Հիպոկրատը:

Ներքին փոխկապվածություն

Ձերդ գերազանցություն ուղեղը ղեկավարում է  մեր օրգաններն ու համակարգերը, հրամաններ ու հրահանգներ տալիս, ստիպում մշակել քիմիական տարբեր նյութեր: Օրգանիզմը ժամացույցի մեխանիզմ է: Ու երբ կոտրվում է այդ  մեխանիզմի մեկ պտուտակը, ժամացույցը կա՛մ կանգ է առնում, կա՛մ սխալ ժամ  ցույց տալիս:

Առողջ մարդ, կարելի է ասել, դժվար է գտնել: Իսկ հիշյալ պտուտակը վաղ թե ուշ մի օր կանգ  է առնում  կամ զգացնել տալիս` կախված գենետիկ նախատրամադրվածությունից: Ոմանք թույլ սիրտ ունեն, ոմանց թոքերը կարգին վիճակում չեն, ոմանց էլ հոգեկանն է անհավասարակշիռ վիճակում:

Որտեղ շղթան բարակեց` այնտեղ կկտրվի: Իսկ  հոգեկանը տուժում է միշտ, սակայն տարբեր ուժգնության ու աստիճանի: Այստեղից էլ առաջացել են հոգեսոմատիկ և սոմատոհոգեկան հիվանդություններ եզրույթները: Այսինքն` ներքին հիվանդություններն ազդում են հոգեկան վիճակի վրա: Օրինակ` կաթվածը կամ ինֆարկտը կարող են հանգեցնել անձի` հիվանդության նկատմամբ ռեակցիայի, որոնք իրենց հերթին, կախված մարդու խառնվածքից, լինում են մի քանի տեսակ:

Օրինակ` տագնապ ու ընկճախտ է առաջանում վատատեսների, մելանխոլիկների մոտ: Իսկ, օրինակ, խոլերիկները կամ լավատեսները նման վիճակներում չեն հայտնվում, բացառում են իրենց  հիվանդության գոյությունը:

Հոգեկան պրոցեսների անհավասարակշռությունը, ինչը նույնպես գենետիկորեն է տրված, իր հերթին վատթարացնում է մարդու սոմատիկ վիճակը, ֆիզիոլոգիական պրոցեսները (հոգեսոմատիկ խանգարումներ):

Նյարդային ապրումների կամ դեպրեսիաների հետևանքով  կարող են առաջանալ ցավեր կամ կարող են սրվել արդեն գոյություն ունեցող ասթման, խոցային հիվանդությունները:

Արտաքին սպառնալիքներ

Յուրաքանչյուր մարդ էլ կյանքում անհաջողություններ ունենում է. դրանք կարող են լինել մանր ու խոշոր, քրոնիկ կամ հանկարծակի:

Իսկ ինչից է պատռվում «օզոնային շերտը» (հոգեկան հավասարակշռությունը). հարվածի ուժից

Հայտնի է, որ վիշտը, թախիծն ու տխրությունը  մաշում են մարդուն, մենք նույնիսկ այդ   վիճակը բնորոշող  խոսք ունենք` հոգեմաշ: Մշտական խնդիրներին հոգին հարմարվում է: Այս դեպքերում հիվանդությունն անմիջապես չի դրսևորվում ողջ սրությամբ, սակայն կարող է վերածվել քրոնիկականի:

Եթե արտաքին հարվածն ուժեղ է ու  հանկարծակի (մտերիմ մարդու կորուստ, մահ, գանգուղեղային վնասվածք, ինսուլտ, ուղեղի բորբոքում, ապա առաջանում է «օզոնային անցք», նյարդային բջիջների մեռուկացում: Այս դեպքում դժվար է հավասարակշռություն պահպանել: Հիվանդությունը սուր բնույթ ու ընթացք է ունենում:

Մեկի դեպքում բավական է մի չնչին թվացող անհաջողությունը, որ սկսի հիվանդությունը զարգանալ, իսկ մյուսի մոտ միայն ուժեղ ցնցումը, սթրեսը կարող է նման երևույթների պատճառ դառնալ: Ամուր հոգեկանով մարդը արագ  և լիարժեք ապաքինվում է:

Հոգեկան հիվանդությունից ոչ ոք երաշխավորված չէ: Ասվածն ամենևին չի հետապնդում սարսափեցնելու միտում, այլ սա մեկ անգամ հիշեցում է, որ հոգեկանը պետք է պահպանել, թե՛ արտաքին ազդակներից և թե՛ ներքինից:

Ի՞նչ տեսք ունի հոգեպես առողջ մարդը

Գուցե դժվար լինի պատկերացնել առողջ հոգեկան ունեցող մարդուն, սակայն հնարավոր է, եթե չշփոթենք հոգեկան առողջությունը հոգեբանականի հետ: Մինչև վերջերս հոգեբանությունը հոգեկան առողջության բաղկացուցիչն էր համարվում, որը կապ ունի հոգեկան պրոցեսների ու մեխանիզմների, ավելի ստույգ` հիշողության, զգացման, ուշադրության, ընկալման, մտածողության և այլնի հետ: Հոգեբանական առողջությունը կապ ունի մարդու հետ` ամբողությամբ: Դա  հոգեկան հատկությունների մշտապես զարգացող ամբողջությունն է, որը ներդաշնակություն  է ապահովում  անհատի ու հասարակության պահանջմունքների միջև: Ընդ որում, հոգեբանական շեղումներն ավելի հեշտ է ուղղել, քան հոգեկանը:Հոգեբաններն առանձնացրել են մի քանի որակներ, որոնցով բնորոշվում է մարդու հոգեբանական առողջությունը:

Առաջին` հոգեբանորեն առողջ մարդը իրատես է: Բոլորին է հասկանալի, որ պետք է ուշադրություն դարձնել իրողությանը, իրավիճակը սթափ գնահատել ու ինչ-որ կերպ մասնակցել այդ կյանքին, հակառակ դեպքում այն կանցնի ձեր կողքով:

Երկրորդ` հոգեբանորեն առողջ մարդն իրեն ու շրջապատին ընդունում է այնպիսին, ինչպիսին որ են: Դա իսկապես դժվար է, չէ՞ որ մենք միշտ ցանկանում ենք, որ մարդիկ երբեմն տեսնեն իրենց հիմարություններն ու մեր մեջ լավը նկատեն:

Երրորդ` ինքնաբուխ լինելը: Բացատրական բառարանում այն մեկնաբանվում է որպես ներքին պատճառների հետևանքով առաջացած, առանց  արտաքին ազդակների անմիջական ազդեցության, ինքնակամ, երբ անում  ենք այն, ինչ ցանկանում ենք: Հնարավոր է, որ դա չի համապատասխանում վարքականոնի օրենքների մասին ինչ-որ մեկի պատկերացումներին: Սակայն, առանց այդ կարևոր որակների, մենք նման կլինեինք մեկս մյուսին: Չէ՞ որ վարքականոններին ճշգրիտ հետևելն անհնար է: Ամեն մարդ ինքը պետք է հստակ իմանա, թե առաջին հերթին իրեն ինչ է հարկավոր, որ իր կյանքը ստացվի, որ ապրելու ցանկություն ունենա:

Չորրորդ, երբ խնդիրներ են առաջանում հոգեբանորեն առողջ մարդու մոտ, ապա նա ինքն իրեն չի սկսում կեղեքել, մեղադրել տհաճությունների մեջ հայտնվելու համար, այլ սկսում է մտքի մանրադիտակով զննել խնդիրը, վերլուծել ու հնարավորության դեպքում օպտիմալ լուծումներ գտնել:

Հինգերորդ` որքան էլ տարօրինակ է, հոգեբանորեն առողջ մարդը մենակության կարիք է ունենում: Անընդհատ հասարակության մեջ գտնվել ուղղակի անհնար է: Պարզապես այդպես կարելի է կորցնել հոգեբանական առողջությունը: Իսկ միայնությունը հնարավորություն է ընձեռում ոչ միայն աղմուկից հանգստանալու, այլև մեզ ու մեր սիրելիների վրա կենտրոնանալու համար:

Հոգեբանորեն առողջ մարդն ինքնաբավ է ու անկախ: Ավելի պարզ` ազատ: Նա իր արարքների համար մշտական հավանության կարիք չունի: Որոշումներ է կայացնում առանց ավելորդ  հավանության ու խրախուսանքների: Նա մարդկանց կարծրատիպերով ընկալելու հակում չունի:

Հոգևորություն: Այս կարգը կարելի է մի քանի տեսանկյունով դիտարկել, որոնցից առաջինը հոգեբանական է: Այն ենթադրում է  աշխարհի հետ  ներդաշնակ փոխազդեցություն ու մարդուն ուղղորդում է այն մտքին, կենսական խնդրի կատարմանը, առանց որի անհնար է հոգեկան հանգստություն ու անձնական երջանկություն ունենալ:

Հոգեբանորեն առողջ մարդն ընդունակ է այլ մարդկանց հետ մտերիմ հարաբերությունների: Եվ, վերջապես, հոգեբանորեն առողջ է համարվում հումորի զգացում, ստեղծագործելու բարձր ունակություն ունեցող մարդը, ընդ որում, հումորն այս դեպքում  ագրեսիվ բնույթ չի ունենում:

Ահա, այսպիսին է հոգեբանորեն առողջ մարդը:

Դիտվել է 4494 անգամ:
Print Friendly

Leave a Reply