Ինչպես են խաբել, ապա պատժել մերոնց

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 30, 2012 7:00

Հայաստանի Ուշուի ֆեդերացիան, որի պատվավոր նախագահն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որակազրկվել է երկու  տարով և չի մասնակցի հին աշխարհամասի ստուգատեսներին: Այսպիսի վճիռ է կայացրել այս մարզաձևի Եվրոպայի ուշուի ֆեդերացիան: Պարզելու համար, թե ինչն է դրա պատճառը, դիմեցինք Հայաստանի  ուշուի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Տիգրան Չոբանյանին:

– 2010-ին  Թուրքիայում և 2012-ի մարտին Էստոնիայում կայացած ուշուի  Եվրոպայի առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչների դեմ  նպատակային խարդախություններ էին կատարվել: Թուրքիայում ամեն ինչ արվել էր, որպեսզի ի պատիվ մեր մարզիկների հաջողության չհնչի Հայաստանի օրհներգը, չբարձրացվի եռագույնը: Կողմնակալ վերաբերմունք դրսևորվեց նաև Տալլինում: Բանը հասավ նրան, որ վերջին ստուգատեսի ժամանակ ինքս ցուցադրաբար դադարեցրի մրցավարական աշխատանքը, իսկ Հայաստանի ուշուի ֆեդերացիան պաշտոնական բողոք ներկայացրեց, որում մասնավորապես ասվում էր այն մասին, որ առաջնության գլխավոր մրցավար, Ղազախստանում բնակվող, սակայն, չգիտես ինչու, Գերմանիայի ֆեդերացիան ներկայացնող Ալեքսանդր Ռադունցևը հեռացվի զբաղեցրած պաշտոնից:  Պահանջ ներկայացվեց, որ նրան այլևս չվստահվեն գլխավոր մրցավարի պարտականություններ: Ընդ որում, հստակ  շեշտվեց, որ Հայաստանի ներկայացուցիչները հետագայում չեն մասնակցի եվրոպական այն ստուգատեսներին, որոնցում գլխավոր մրցավար կլինի Ռադունցևը: Բողոք – նամակն ուղարկվեց նաև տարբեր երկրների ուշուի ֆեդերացիաներին: Ի դեպ, Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Պատրիկ Կոպենհաուտը (Բելգիա), այդ կազմակերպության գործկոմի անդամներ Պետրու Գրինդեանուն (Ռումինիա) և Հենկ Վերչուն (Հոլանդիա) խոստացել էին այդ պայքարում  աջակցել, մեր երկրի ներկայացուցիչներին մենակ չթողնել, սակայն նրանք ոչ միայն խաբեցին, իրենց  ասածի տերը չեղան, այլև մեր դեմ որոշման կայացման օգտին քվեարկեցին: Փաստորեն, Եվրոպայի ուշուի ֆեդերացիան, Ռադունցևին պատժելու փոխարեն, մինչև 2014-ը որակազրկել է Հայաստանի ֆեդերացիային: Ընդ որում, նշված է, որ Ռադունցևի հարցը նույնպես քննարկվել է: Փաստորեն, ամեն ինչ խորամանկորեն է ձևակերպվել: Ստացվում է, որ ոչ թե մենք ենք բոյկոտելու եվրոպական այն ստուգատեսները, որոնցում Ռադունցևը կրկին գլխավոր մրցավար կնշանակվի, այլ մեր երկրի ներկայացուցիչներին են արգելել մասնակցել մրցումներին:

 Ի՞նչն էր մրցավայրում` Տալլինում, առաջացած իրարանցման շարժառիթը:

–  Ինչպես հայտնեցի, ամեն ինչ իր նախապատմությունն ունի և սկսվել է դեռ 2010-ին: Բանն այն է, որ մեկ հանդիպում Հայաստանի ֆեդերացիան բողոքարկել էր: Հանձնաժողովը վերանայել էր Թուրքայի ներկայացուցչի հետ մրցամարտի արդյունքը և հաղթանակը շնորհել էր մեր մարզիկին, սակայն երեկոյան, կանոնակարգի խախտում կատարելով, հաղթող էր ճանաչել թուրք ուշուիստին: Մեր պատվիրակությունն անմիջապես արձագանքեց` հայտարարելով, որ եթե արդարությունը չվերականգնվի, չենք մասնակցելու առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Եվ մեզ վստահեցրին, որ տեխնիկական հանձնաժողովը որոշումը կվերանայի, քանի որ անօրինական քայլ է կատարվել: Եվ երկրորդ անգամ մեզ խաբեցին, վճիռն էլ մնաց անփոփոխ: Ստիպված էի դիմել Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռայմոնդ Սմիթին ( Մեծ Բրիտանիա): Նա հայտնեց, որ խայտառակություն է տեղի ունեցել, և պետք է որոշումն անպայման փոխվի, սակայն նա էլ իր խոսքի տերը չեղավ: Եվ  քանի որ 2011-ի  աշխարհի առաջնությունը նույնպես Թուրքայում էր անցկացվելու, նախապես մամուլի ասուլիս հրավիրելով,  մեր լրատվամիջոցներին հայտնեցի, որ թեև այդ ստուգատեսին մասնակցելու ենք, կարծում ենք, որ մրցավարության ընթացքում հնարավոր են անարդարություններ: Հայտարարությունն արագորեն տարածվեց նաև արտասահմանում: Թերևս այդ էր պատճառը, որ աշխարհի առաջնությունում, մրցավարության հետ կապված, որևէ խնդիր չունեցանք: Դեր խաղաց  նաև այն, որ 2010-ի Եվրոպայի առաջնության օրերին հրապարակավ մեղադրանքներ էի հնչեցրել, և Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի  էթիկայի հանձնաժողովն անդրադարձել էր դրանց: Կարողացել էի ապացուցել, որ ասվածը ճիշտ է: Իսկ 2012-ի մարտին Տալլինում կատարվածն այդ ամենի պատժիչ պատասխանն էր: Ինքս մրցավարական խմբի կազմում էի և անձամբ էի տեսնում, թե ինչ է կատարվում: Փորձեցի պայքարել, երբ զգացի, որ անիմաստ է որևէ բան փոխելը, մեր մարզիկներից երեքի մրցամարտերը մրցավարները պարզապես ձախողել էին, որոշեցի դադարեցնել մրցավարական աշխատանքը: Դա աննկատ չմնաց, ինձ մոտեցան տարբեր երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ և հայտնեցին, որ կաջակցեն, ասացին, որ չպետք է այդ ամենն այդպես թողնել: Նրանց թվում էր Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Պետրու Գրադիանուն (Ռումինիա): Նա նաև բողաքարկման հանձնաժողովի անդամ էր: Բողոքակվել էր 4 հանդիպում: Ընդ որում, մեկում Ռուսաստանի ներակայացուցիչները բողոք էին ներկայացրել Հայաստանի մարզիկի դեմ: Այդ բողոքի պատասխանը տրվեց, և այն չանցավ, բայց մեր մարզիկների դեմ գործողությունները շարունակվեցին: Ընդ որում, տուժողներն այն մարզիկներն էին, որոնք շատ ուժեղ էին: Նրանք մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելություն էին դրսևորել, բայց հաղթողներ չէին դարձել: Վերադարձից հետո ես նամակ գրեցի և հայտնեցի, որ իմ արարքը բխել է Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի ղեկավարության վերաբերմունքից, նրա անտարբերությունից: Պահանջ ներկայացվեց, որ բողոքը գրվի ֆեդերացիայի բլանկի վրա: Դա էլ արվեց: Եվ ահա մայիսի 18-ին մակագրված պատասխանը ստացել ենք սեպտեմբերի 7-ին: Տեղյակ է պահվում, որ իմ վարքագիծն անընդունելի է եղել:

 Ինչո՞ւ ոչ թե Ձեզ ,այլ Հայաստանի ֆեդերացիան են որակազրկել:

– Այդ մասին պատասխան նամակում եմ հայտնել, նաև նշել եմ, որ անհավատալի է, որ Ռադունցևի դեմ որևէ քայլ է ձեռնարկվել, և դա կասկածելի է, քանի որ որոշակի  ոչ մի բան չի հայտնվում: Արդարությունը վերականգնելու համար մտադիր ենք դիմել տարբեր ատյանների, նաև Ուշուի միջազգային ֆեդերացիային, ՄՕԿ-ին: Քիչ հավանական է, որ որևէ արդյունքի կհասնենք, սակայն այդ ամենից հետո Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի ղեկավարներն ավելի կզգաստանան:

 Ի՞նչ հարաբերությունների մեջ են Ուշուի Եվրոպայի  ու միջազգային ֆեդերացիաները: Այդ որակազրկումը պատճառ կարո՞ղ է դառնալ, որ  Հայաստանի ներկայացուցիչները չմասնակցեն աշխարհի առաջնություններին:

– 2011-ից սկսած` երկու կազմակերպությունների միջև սուր հակամարտություն կա: Միջազգային ֆեդերացիայի նախագահ Լյու Յան Ցզին Չինաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահն է, նա  նաև ՄՕԿ-ի նախագահի տեղակալն է: 2011-ին Եվրոպայի ֆեդերացիայի նախագահն առաջադրվեց, որ ընտրվի միջազգային ֆեդերացիայի նախագահ, և հակամարտությունն էլ ավելի սաստակացավ: Աշխարհի առաջնությունները կայանում են կենտ տարիներին, և 2013-ին Հայաստանը մասնակցելու է  Մալայզիայում կայանալիք ստուգատեսին:

 Ինչո՞ւ է Հայաստանի ֆեդերացիան այս հակամարտությունում միայնակ, առանց աջակիցների մնացել:

– Եվրոպայի առաջնությունում մերոնք 12 մեդալի են տիրացել ( 2 ոսկե, 2 արծաթե, 8 բրոնզե): Թերևս մեր հակառակորդները կարծում են, որ առանց Հայաստանի ներկայացուցիչների ավելի հեշտ կլինի, հաջորդ ստուգատեսում այդ ավարից իրենց մասնաբաժին կհասնի: Եվրոպայի վերջին առաջնությունում Հայաստանն ուներ 14 մարզիկ: Մինչդեռ Ֆրանսիայի հավաքականը, որի կազմում 24 մարզիկ կար, ընդամենը մեկ բրոնզե մեդալի տիրացավ: Ի դեպ, մրցավարական սխալների պատճառով այդ երկրի առնվազն երկու ներկայացուցիչ ևս կարող էր պարգևի արժանանալ, սակայն նրանք չբողոքեցին, ոչ էլ սատարեցին մեզ: Ի դեպ, Տալլինում, երբ բողոքարկեցինք  երիտասարդական առաջնությունում հանդես եկած 65 կգ քաշային Նարեկ Կրպեյանի ռուսաստանցի մրցակցի հետ անցկացրած հանդիպումը, և հաղթանակը շնորհվեց մեր մարզիկին, որը հետագայում դարձավ  չեմպիոն: Դա գլխավոր մրցավարի և Ռուսաստանի ներկայացուցիչների սրտովը չէր: Ի դեպ, գլխավոր մրցավարը ժողով հրավիրեց և հանդիմանեց մրցավարներին, որ նրանք վատ են վարել հանդիպումը, իսկ որոշման կայացումից հետո  զայրացավ  հանձնաժողովի ներկայացուցիչների վրա, որ վճիռը փոխել են` համարելով, որ դա անօրինական է: Նա նշեց նաև, որ Հայաստանի դժգոհ ներկայացուցիչը մրցավար է և չպետք է բողոքեր, և այլն: Փաստորեն, բոլորին մեր դեմ տրամադրելու փորձ արվեց: Ընդ որում, Ռադունցևին ես հայտնեցի, որ նա ստում է, քանի որ ինքն էլ դժգոհել է մրցավարությունից, նաև այն բանի համար, որ բողոքը ոչ թե ես եմ ներկայացրել, այլ Հայաստանի ուշուի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

 Ի՞նչ է նախատեսվում առաջիկայում կազմակերպել Հայաստանում:

-Հայաստանի ուշուի ֆեդերացիան 20 տարեկան է: Այդ կապակցությամբ սեպտեմբերի 29-ին Երևանի «Միկա» մարզասրահում կկազմակերպվի հանդիսավոր արարողություն, կցուցադրվի նաև տեսաֆիլմ, որը կծանոթացնի ֆեդերացիայի անցած ուղուն:

 

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply