Որքանո՞վ է հիմնավորված գազի նոր սակագինը
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Հայկուհի Բարսեղյան | February 25, 2010 16:57
Ձախից՝ Սպառողների միություն ՀԿ նախագահ Արմեն Պողոսյան և Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյան
Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կհրապարակի գազի վերջնական սակագինը` 2010-ի ապրիլի 1-ից մինչև 2011-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Շարքային սպառողների համար վերջնական սակագին կսահմանվի 132 դրամը:
«Հայռուսգազարդը» գազի սակագինը վերանայելու հայտ էր ներկայացրել հունվարի 22-ին: «Գազպրոմ էքսպորտը» Հայաստան ներկրվող գազի համար նոր սակագին է սահմանել. 1000 խմ-ի համար 180 դոլար` նախկին 154 դոլարի փոխարեն:
«Հայռուսգազարդը» գազի սակագնի վերանայման հայտում առաջարկում էր մինչև 10 հազար խմ սպառողների համար նոր սակագին սահմանել 136 հազար դրամ` նախկին 96 հազարի փոխարեն, իսկ 10 հազար խմ-ից ավելի գազ օգտագործողների համար` 98 921 դրամ կամ 256 դոլար` նախկին 215-ի փոխարեն:
«Հայռուսգազարդն» իր առաջարկած սակագինը հիմնավորում է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով բնական գազի գնման գնի 17% բարձրացումը, 2009 թ. ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքի զգալի աճը,համակարգում 2009 թ. կատարված շուրջ 11.2 մլրդ. դրամի ներդրումները և դրանցով պայմանավորված շահագործման ու սպասարկման որոշ ծախսային հոդվածների փոփոխությունները` ընկերության ֆինանսական կայունության պահպանման և համակարգի շարունակական գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել բնական գազի վաճառքի գործող սակագները»:
Ընկերությունը 2010-ի համար գործող սակագնի հաշվարկներում ԱՄՆ դոլարի փոխարժեք է առաջարկում 386.41 դրամը` նախկին 303.69-ի փոխարեն:
«Սպառողների միության» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ ողջ աշխարհում ընդունված գործելակերպ է, որ թանկացումներն ավելի զգալի լինեն խոշոր տնտեսվարող սուբյեկտների համար և ավելի քիչ զգալի` շարքային սպառողների համար: Հայաստանում, սակայն, կիրառվում է ճիշտ հակառակ մոտեցումը. սովորական սպառողների համար նախատեսվում է 37% թանկացում, իսկ խոշոր տնտեսվարող սուբյեկտների համար՝ 13 %: «Նման մոտեցումը բացատրվում է այն իրողությամբ, որ տնտեսվարող սուբյեկտների համար գազի գնի քիչ բարձրացումը սպառողական ապրանքների և ծառայությունների գնի վրա քիչ կազդի»,- ասում է Պողոսյանը՝ հավելելով, որ սակագների ձևավորման գործում գազի գինը շատ փոքր դեր ունի:
Պողոսյանը կանխատեսում է, որ գազի գնի բարձրացումը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի բարձրացման. Էներգաարտադրության մեջ գազի կիրառումը 40% է կազմում: Իսկ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կհանգեցնի մյուս սպառողական ապրանքների և ծառայությունների գների բարձրացման. «Բոլոր ապրանքների արտադրության մեջ որոշ չափով էլեկտրաէներգիա օգտագործվում է»:
«Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասում է, որ «Հայռուսգազարդի» նման մոտեցումը պայմանավորված է նաև նրանով, որ շարքային քաղաքացիների գազամատակարարումը լրացուցիչ ծախսեր է պահանջում` նոր խողովակաշարերի կառուցում, ներտնային սպասարկում, հաշվիչների տեղադրում և այլն: Ըստ նրա` գազի նոր սակագինը կազդի տնտեսության բոլոր ոլորտների վրա: Կաճի սոցիալական լարվածությունը, նաև արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը: Բացի այդ, գազի գնի բարձրացումը կհանգեցնի սպառվող գազի ծավալների կրճատման և՛ շարքային քաղաքացիների, և՛ խոշոր տնտեսվարող սուբյեկտների շրջանում:
2009-ին Հայաստանում գազի իրացման ծավալը կրճատվել է 20%-ով, որից 4%-ը` բնակիչների շրջանում, այն դեպքում, երբ 2009-ին «Հայռուսգազարդը» բաժանորդների թիվը ավելացրել է 50 հազարով:
«Հայռուսգազարդը» հաստատում է, որ նոր սակագինը յուրաքանչյուր ընտանիքի վրա կավելացնի 2000 դրամի նոր բեռ:
Վ. Սաֆարյանը հաշվում է. թոշակառուները, որ ստանում են 20-30 հազար դրամ թոշակ, ստիպված կլինեն գազի համար լրացուցիչ ծախսել իրենց թոշակի 8-10%-ը, ինչը զգալի բեռ է նման խոցելի սոցիալական խմբի համար:
Նա համոզված է, որ կբարձրանա նաև արդյունաբերական ապրանքների գինը: Օրինակ` ցեմենտի ինքնարժեքը գործարանում 76 դոլար է, եթե գազի գինն ավելանա, իսկ հիմա գազի և էլեկտրաէներգիայի մասնաբաժինը ցեմենտի գնի մեջ կազմում է 55%, կբարձրանա նաև ցեմենտի գինը: «Ցեմենտի ինքնարժեքի բարձրացման դեպքում կբարձրանա նաև շինարարության գինը, բացի այդ, մեր ցեմենտն ավելի դժվար կլինի արտահանել ու վաճառել դրսում»: Կաուչուկի ինքնարժեքի 72%-ը կազմում են էներգակիրները, և գազի գնի բարձրացումը կհանգեցնի նրան, որ էներգակիրների մասնաբաժինը կաուչուկի ինքնարժեքի մեջ կբարձրանա մինչև 78%: «Այս դեպքում մեր կաուչուկը դրսի շուկաներում մրցունակ չի լինի, մինչդեռ կաուչուկի գործարանում աշխատում է 2800 մարդ»,- ասում է Սաֆարյանը:
«Հասարակական պաշտպանների միության» նախագահ Արամ Գիրգորյանն էլ ասում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կոչված է հավասարակշռություն ապահովելու սպառողների և տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչն այսօր հնարավոր չէ իրականացնել. «Ապահովվում է միայն ֆորմալ հավասարակշռություն: Իմիտացիա ստեղծելու համար քննարկումներ են կազմակերպում հասարակական կառույցների հետ»: Նա ասում է, որ ՀԿ-ների կարծիքը կամ ներկայացրած առաջարկությունները ՀԾԿՀ-ն կարող է և՛ հաշվի առնել, և՛ անուշադրության մատնել, և նրանք բողոքարկելու որևէ իրավական հիմք չունեն: «Հասարակական կառույցները պետք է սեփական վերլուծություններ անելու և առաջարկություններ ներկայացնելու համար իրավական և նյութական հիմք ունենան»,- ասում է Գրիգորյանը,հիշեցնելով, որ միջազգային պրակտիկայում առանց հանրության կարծիքը հաշվի առնելու , որևէ սակագին չեն բարձրացնում:
Փաստորեն, ինչպես նկատում է նաև Ա. Պողոսյանը, ներկայումս սակագների հաստատման գործընթացում ընդգրկված է երկու կողմ՝ սակագինը հաստատելու մասին հայտ ներկայացնող ընկերությունը և ՀԾԿՀ-ն, որն էլ միաձայն որոշումներ է կայացնում՝ առանց հաշվի առնելու հասարակական սեկտորի կարծիքը:
Սաֆարյանը նույնպես պնդում է, որ գազի սակագնի խնդիրը պետք է դիտարկվեր համապարփակ. ի՞նչ ազդեցություն կունենա այն տնտեսության վրա, ժողովրդի սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական վիճակի վրա: Սա է խնդիրը:
Սակայն, ըստ Սաֆարյանի, ՀԾԿՀ-ն չի կարող իրականացնել այս ամենը, քանի որ ֆինանսավորվում է իր կողմից կարգավորվող ձեռնարկությունների հատկացումներով («Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքը սահմանում է.«Կարգավորվող անձինք օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե են մուծում կարգավորման պարտադիր վճարներ»):
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Սաֆարյանի խոսքով, շտապողականություն է դրսևորում` օր առաջ հրապարակելով գազի վերջնական սակագինը. «Մինչև ապրիլի 1-ը դեռ բավական ժամանակ կա, և կարելի էր ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել»: Նրա կարծիքով` սխալ է նաև բնական գազի տեխնիկական կորուստները (5,37 %) ներառել շահագործման ծախսերի մեջ. «Եթե կորուստները ներառվեին շահույթի մեջ, ապա «Հայռուսգազարդը» քայլեր կձեռնարկեր, որպեսզի կորուստները հետզհետե նվազեն: Իսկ եթե գիտի, որ կորուստները, միևնույն է, հաշվառվելու են շահագործման ծախսերի մեջ և հատուցվելու են սպառողների հաշվին, բնական է, որ չի մտածի այդ ուղղությամբ»:







Facebook
Tweet This
Email This Post
