Մի քանի մլրդ դրամ` եկամտային հարկին անցնելու դեպքում աշխատակիցների վճարման խնդիրներից խուսափելու համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 27, 2012 15:00

Այսօր կառավարության նիստից հետո հայտարարություն է արել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նա տեղեկացրել է, որ 2013 թ. պետբյուջեում մի քանի միլիարդ դրամ է նախատեսվել, որպեսզի եկամտային հարկին անցնելու դեպքում աշխատակիցների վճարման որևէ խնդիր չառաջանա։ Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ աշխատ անքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համակարգվող ծրագրի համաձայն բոլոր նախարարություններն իրենց ենթակա ՊՈԱԿ-ների համար, ինչպես նաև մարզերում կատարեն համապատասխան հաշվարկները։

Պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին` նախարարը նշել է, որ այս գործում ռիսկային կարող են լինել հիմնականում փոքր ՊՈԱԿ-ները և ՀՈԱԿ-ները, որոնց հաշվապահներն ուսուցում պետք է անցնեն ըստ հաստատված միջոցառումների ծրագրի։

«Մեզ համար ռիսկային կարող են լինել փոքր սուբյեկտները, – ասել է վարչապետը։ – Անհրաժեշտ է, որպեսզի դրանց հաշվապահները ճշգրիտ ձևակերպումներ տան։ Դա վերաբերում է նաև համայնքներին, մանավանդ փոքր համայնքներին, և այս ամիսների ընթացքում բոլորին պետք է վերապատրաստենք։

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս խնդիրը, որպեսզի հունվարի 1-ից աշխատավարձերի ստացման հետ մենք որևիցե խնդիր չունենանք։ Բոլոր սուբյեկտների համար համապատասխան ֆինանսական միջոցները բյուջեում նախատեսված են, այսինքն` ֆինանսական միջոցների պրոբլեմ մենք չունենք, ուղղակի ճիշտ կազմակերպման խնդիր կա»։

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply