Նախադաշտանային սինդրոմ. ամսեկան մի քանի օր` դժոխքում կանանց 80 տոկոսը տանջվում է այս ախտանիշից

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 25, 2010 16:44

13 տարեկան էի, երբ առաջին անգամ ինչ-որ կանացի ամսագրում կարդացի PMS-ի (premenstrual syndrome – նախադաշտանային սինդրոմ) մասին: Այն ժամանակ այս թեման դեռ քիչ էր արծարծվում, իսկ եղած տվյալներն էլ հակասական էին ու երբեմն սխալ: PMS անվանումն  առաջին անգամ էի լսում, բայց ախտանիշների նկարագրումը շատ ծանոթ էր ինձ, քանի որ դեռ այն տարիքից տառապում էի այս…«երեւույթով», որը ճիշտ է, հիվանդություն չես անվանի, բայց  պակաս անհանգստություններ  չի պատճառում:

Այն հոդվածում ես՝ դեռ բոլորովին երեխա լինելով հանդերձ, մի շարք սխալներ հայտնաբերեցի եւ որոշեցի, որ երբ մեծանամ, անպայման ավելի ճշգրիտ հոդված կգրեմ PMS-ի մասին: Ճիշտ է, այն ժամանակ, որ լրագող կդառնամ. ուզում էի բժիշկ դառնալ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում PMS-ը կամ նախադաշտանային սինդրոմը: Հարկ է ասել, որ նույնիսկ հիմա այս թեման դեռ բավականին ուսումնասիրված չի, բայց որոշ գիտելիքներ նրա մասին, իհարկե, արդեն կան:

Ըստ Վիքիպեդիայի՝ PMS-ը դաշտանին նախորդող օրերին գլուխ բարձրացնող մի շարք բացասական  ախտանշանների բարդ համալիրն է:

«Սովորաբար PMS-ը սկսվում է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում՝ հաջորդ դաշտանի սկսելուց 7-10 օր առաջ», – պատմում է գինեկոլոգ Սուրեն Կանայանը:

Նա ասում է, որ PMS-ը ուղեկցվում է մի շարք նյարդային եւ ֆիզիկական ախտանշաններով: Դրանց թվում են տրամադրության տատանումներն ու անկումը, դեպրեսիան, անքնությունը: Հաճախ նկատվում է նաեւ անպատճառ ագրեսիա, լալկանություն, ջղայինություն:

Ֆիզիկական  ախտանշաններից են գլխացավերը (հաճախ՝ շատ ուժեղ) փորի եւ կրծքագեղձերի ուռչելը ու  ցավը, սրտխառնոցներն ու փսխումները, քրտնարտադրության ուժեղացումը, մաշկի քորը, քաշի ավելացումը եւ այլն: Ավելի հազվադեպ հանդիպում են արյան ճնշման տատանումներ, սրտի ռիթմի արագացում կամ խախտում, սրտի ցավեր և շնչառության դժվարություններ: PMS-ի ժամանակ նկատվում է նաեւ հոգնածություն և աշխատունակության անկում:

Պատկերն ավելի լավ հասկանալու համար փորձենք պատկերացնել, թե ինչպիսին է PMS-ով տառապող միջին, սովորական կինը: Ցիկլի առաջին կեսի ընթացքում նա հանգիստ, հավասարակշռված կին է: Դաշտանի սկսելուց մի քանի օր առաջ նա ասես մի ուրիշ մարդ  է դառնում է .տրամադրությունը տարօրինակ թռիչքներ է կատարում, էմոցիաներն ասես դառնում են անկառավարելի, շուրջն ամեն ինչը սկսում է նյարդայնացնել եւ զայրացնել նրան, և  մի փոքրիկ պատճառը կամ սխալ խոսքը բավական է, որ կինը բռնկվի, սկսի գոռալ և  կռվել բոլորի հետ: Կամ էլ լացել՝ առանց որևէ պատճառի: Նա զգում է նաեւ ֆիզիկական թուլություն, քնկոտություն, չի ուզում աշխատել, չի ուզում ոչ ոքի հետ շփվել… և  կյանքն ամեն ամիս այդ 7-10 օրերին դառնում է ասես դժոխք: Ամենից հաճախ նա գիտակցում է, որ իր հետ ինչ-որ բան է կատարվում, որ սովորաբար նա այսպիսին չի և չպիտի այսպիսին լինի: Սակայն  ոչ մի կերպ չի կարողանում իրեն կառավարել: Իսկ մի քանի օր անց, երբ սկսում է դաշտանը, կինը  կրկին դառնում է հանգիստ եւ հավասարակշռված:

PMS-ով տառապում է ողջ աշխարհի կանանց մոտ 80%-ը, բայց նրանց բոլորի մոտ այն արտահայտվում է տարբեր ձեւերով: Ոմանք գրեթե ոչինչ չեն զգում, միայն մի քիչ ավելի նյարդային են դառնում, ոմանք էլ (յուրաքանչյուր տասներորդը) գրեթե անաշխատունակ են դառնում այդ օրերին: Առաջին հայացքից՝ այնքան էլ վախենալու բան չի PMS-ը, չէ՞ որ մի քանի օրվա ընթացքում վատ զգալուց հետո, միեւնույն է, կազդուրվում ես: Սակայն ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում PMS-ը հանցագործությունների (նույնիսկ շատ ծանր հանցագործությունների, ինչպիսին է սպանությունը) դեպքում մեղմացնող հանգամանք է համարվում: Վիճակագրական տվյալների համաձայն, կանանց կողմից կատարված հանցագործությունների 27%-ը կատարվել է PMS-ի ժամանակ:

Գինեկոլոգ Կանայանն ասում է, որ Հայաստանում PMS-ով տառապող ների թիվը նույնպես բավականին մեծ է, բայց գիտելիքներ այս խնդրի մասին գրեթե չկան, ինչի հետեւանքով, կանայք՝ PMS-ի ֆիզիկական կամ նյարդային խնդիրների առաջ կանգնելով, դիմում են ոչ թե գինեկոլոգի, այլ, ասենք, նյարդաբանի կամ այլ մասնագետի: Եթե մասնագետները չեն հասկանում, որ կնոջ վատ զգալու պատճառը PMS-ն է, նրանք կարող են նշանակել բուժում, որը օգնելու փոխարեն  կարող է նույնիսկ վնասել:

Ըստ Կանայանի, PMS-ը այլ առողջական խնդիրներից տարբերելու համար բժիշկները խորհուրդ են տալիս կանանց վարել օրագիր  և  3-4 ամսվա ընթացքում գրել այնտեղ ինքնազգացողության եւ բոլոր անհանգստացնող ախտանշաններ մասին: Եթե ամեն ամիս դրանք կրկնվում են՝ մոտավորապես նույն օրերին սկսվելով և  նույն օրերին ավարտվելով, ապա դա, ըստ երեւույթին, PMS է:

Որոնք են PMS-ի պատճառները:

Կանայանն  ասում է, որ PMS-ի առաջացման մասին կան շատ տարբեր տեսություններ: Որոշ մասնագետներ կապում են այն գենետիկայի հետ, ոմանք համարում են PMS-ը  այլ հիվանդությունների ախտանիշ, երրորդներն ասում են, որ PMS-ի հիմնական պատճառը սխալ ընտրված հորմոնալ կոնտրացեպցիան է: Մեկ այլ տեսության համաձայն, PMS-ի պատճառը կնոջ օրգանիզմում էստրոգեն եւ պրոգեստերոն հորմոնների հավասարակշռության  խախտումն է: Այլ մասնագետներ կապում են PMS-ը վիտամինների պակասի հետ: Շատ գինեկոլոգներ էլ կարծում են, որ PMS-ը ունի ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառներ, ընդ որում , տարբեր կանանց մոտ այդ պատճառները տարբեր են:

«Երբ մի հարցի վերաբերյալ կան այսքան շատ տեսություններ, նշանակում է միայն մի բան. հարցը մինչեւ վերջ դեռ ուսումնասիրված չէ», – ասում է Կանայանը:

PMS-ը հաղթահարելի խնդիր է, և բուժումը կախված է նրա պատճառներից եւ ախտանիշներից: Երբեմն օգնում է սիմպտոմատիկ բուժումը (հանգստացնող դեղերը՝ եթե կինը շատ նյարդային է դառնում), երբեմն պետք է լինում հորմոնալ բուժում (մանավանդ եթե խնդրի պատճառը հորմոններն են):

Սակայն հաճախ PMS-ը կարելի է ինքնուրույն՝ եթե ոչ հաղթահարել, ապա թուլացնել, որպեսզի այն չխանգարի առօրյա կյանքին: Դրա համար բավական է մի քիչ փոխել ապրելակերպը եւ մասնագետների տված հետեւյալ խորհուրդներին հետեւել.

1. Աշխատեք ուտել հաճախ, բայց քիչ-քիչ: Ցանկալի է սնվել ածխաջրերով հարուստ(մեղր, խաղող, խնձոր, բրինձ և այլն) եւ սպիտակուցներով աղքատ կերակուրներով(քչացնել միսը, կաթնեղենը): Անպայման ընդգրկեք ձեր կերակրի մեջ ձկան յուղ, քանի որ այն օգնում է կարգավորել տրամադրության թռիչքները: Աշխատեք հեռու մնալ աղի կերակուրներից, շաքարավազից, կոֆեինից եւ ալկոհոլից, մանավանդ դաշտանային ցիկլի երկրորդ կեսին, քանի որ այդ մթերքներն ավելի են ծանրացնում PMS-ի թե ֆիզիկական, թե նյարդային վիճակը:

2. Կալցիումը, մագնեզիումը եւ վիտամինները նույնպես լավ օգնական կլինեն ձեզ՝ PMS-ի դեմ պայքարի գործում:

3. Հնարավորինս  ակտիվ եղեք, շատ շարժվեք եւ մարմնավարժություններով զբաղվեք: Լողը, վազքը, շեյպինգը եւ այլ սպորտաձեւերը ոչ միայն կօգնեն ձեզ լավ տեսք ունենալ եւ լավ զգալ, այլ նաեւ նկատելիորեն կնվազեցնել PMS-ի ախտանշանները:

Եթե դուք հետեւում եք բոլոր այս խորհուրդներին, բայց շարունակում եք տառապել ծանր PMS-ով, արժե դիմել բժիշկ-գինեկոլոգի եւ ստանալ համապատասխան բուժում:

Դիտվել է 8018 անգամ:
Print Friendly

Leave a Reply