Արկածախնդրությունը և տրամաբանությունը թուրք-ազերի սրբագրմամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | September 27, 2012 12:45
Երբ Իլհամ Ալիևը Ռամիլ Սաֆարովի ազատման և պարգևատրման անդրկուլիսյան նախապատրաստություններից հետո անցավ իրավական նիհիլիզմին ու բարոյական բոլոր չափանիշների ոտնհարմանը, անշուշտ, հաշվի առել էր Ադրբեջանից դուրս գտնվող աշխարհի առկայությունը: Թեև Ադրբեջանի նախագահը ցույց է տալիս անհեռատեսության ակնհայտ ախտանիշեր, այնուամենայնիվ նրա գործողություններում կա որոշակի ներքին տրամաբանություն: Եվ դա անտեսելը կնշանակեր թերագնահատել գրեթե մենիշխանության հասած այդ ավտորիտար ղեկավարի իրական հնարավորությունների այն կողմը, որը լիարժեք բացահայտվեց 2012թ. օգոստոսի 31-ից այս կողմ:
Այսպես, հայտնի է, որ Սաֆարովն իր ոճիրը քննության սկզբում հիմնավորել է ազգությամբ հայ մարդկանց նկատմամբ ունեցած ատելությամբ: Սակայն այդ բացահայտ այլատյացությունը կամ ռասիզմը Ադրբեջանի կառավարությունը հրահանգեց փոխել: Դրանից հետո մարդասպանն իր քայլի մոտիվացումը կապեց Գուրգեն Մարգարյանի կողմից իր հասցեին հնչեցված ինչ-որ ռեպլիկների հետ: Դատարանը չհավատաց ոճրագործի փաստարկներին և պաշտոնական Բաքուն հանցագործի ցմահ դատավճռի տեսքով ստացավ շատ ազդեցիկ բարոյական ապտակ:
Դրանից հետո Ադրբեջանի հնարավորությունները թվում է՝ հավասարվել էին զրոյի: Ժողովրդավարության և մարդու իրավունքների ԵՄ համակարգը թվում է՝ արարքի և պատասխանատվության փոխհարաբերության վրա կառուցված իր իրավական փիլիսոփայությամբ, ելուզակին փրկելու փորձերը պիտի ի չիք դարձներ: Սակայն գործեց արևելյան բռնապետության՝ դարերով մշակված և փորձարկված մեխանիզմը: Տնտեսական անմխիթար իրավիճակում գտնվող Հունգարական կառավարությունը հանձնվեց Բաքվից ուղղորդվող կոռուպցիայի դրսևորման մի եղանակի, որը ոչ այլ ինչ էր, քան եվրոպական արդարադատության երեսին նետված մարտահրավեր: ԵՄ-ի պես հսկայածավալ քաղաքական կառույցի իրավական համակարգն ստացավ հանցանքի և պատժի համարժեքությունը ոտնահարելու նախադեպի առաջարկ:
Այդ աննախադեպ հակաիրավական և հակաբարոյական արարքի դիտարկման մակարդակի հստակեցումը, ի հակակշիռ միջազգային, պետական, հասարակական կազմակերպությունների հնչեցրած դատապարտող հայտարարությունների, Ալիևը հեշտությամբ իջեցրեց նվազագույն մակարդակի՝ Ադրբեջան ժամանած Թուրքիայի վարչապետի հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում` խոսելով ամեն ինչի մասին, բայց ոչ Սաֆարովի:
Այդ եղանակով, սկզբնական շրջանում միջազգային մեծ աղմուկ բարձրացնելու ներուժ ցուցաբերած «Սաֆարովի սինդրոմը», դեռևս թարմ և զարգացումների անորոշությունը շատ ավելի պարզ ցուցաբերելու փուլում, Էրդողան-Ալիև հանդիպման շնորհիվ, ուղղակի դուրս մղվեց միջպետական հարաբերությունների հարց լինելու մակարդակից: Գաբալայի աշխատանքային հանդիպման ժամանակ ավագ և կրտսեր թուրք-ազերի եղբայրները ոչ մի բառով այդ թեմային չանդրադարձան, դա հաղորդագրություն էր այլ երկրներում Ալիևի հետ հանդիպումների ցուցակում այդ հարցի գրաված առաջնային տեղը համեմատաբար ետ մղելու համար:
Իսկ դրանից հետո կայացավ նախագահ Ալիևի այցը Ֆրանսիա: Ըստ էության այստեղ ոչ մի ցնցող կամ աշխատանքային այցի բարոյական նկարագիրը քաղաքական ենթատեքստում ներկայացնելու դարակազմիկ իրավիճակներ չառաջացան: Ֆրանսահայերը ցույց արեցին ու բողոքի կարգախոսներ բարձրացրին Փարիզի ադրբեջանական դեսպանատան առաջ: Թուրքերն ու ազերիներն իրենց փոքրաքանակ բողոքի գործողությունը ներկայացրին Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող հայկական դեսպանատան առջև: Նույնիսկ Ֆրանսիայի նախագահի հետ Ալիևի հանդիպումից առաջ ԶԼՄ-ներում խոսվեց, որ. «Նման նախաձեռնությունը զարմանք է հարուցում այն տեսակետից, որ Ֆրանսիան ներկա պահին պայքարում է Բաշար Ասադի դեմ հանուն բռնապետերին տապալելու բարձր բարոյական քաղաքականության: Իսկ մինչ այդ Իլհամ Ալիևը, ցինիկորեն և ցանկացած տեսակի բարոյականության դեմ մեծ ատելությամբ, ներում է շնորհում Ռամիլ Սաֆարովին»:
Այնուհետև Ֆրանսիայում Ալիևն ունեցավ այլ աշխատանքային հանդիպումներ: Եվ այդ հանդիպումների ընթացքում այդպես էլ ի հայտ չեկավ Եվրոպական իրավական համակարգի մոտեցման կամ արհամարհանքի այն դրսևորման «արկածախնդրություն»-ը, որը պիտի երևար, բայց… չերևաց, կամ եթե երևաց, ապա շատ թույլ շեշտադրմամբ, որպես հերթապահ պարտականություն:
Հ.Գ. Ի դեպ, Էրդողան-Ալիև հանդիպումը որոշ լրատվամիջոցներում ինչ-ինչ պոչերի մասին ակնարկներ անելու առիթ ձևավորեց: Բանն այն է, որ, օրինակ՝ տարածվեց տեղեկություն, որ Էրդողանի ժամանելուց հետո, ցմահ դատապարտված, բայց Ադրբեջանի նախագահի կողմից ռեաբիլիտացված Ռամիլ Սաֆարովը, հիմա հայտնվել է Թուրքիայում:
Սամվել Մարտիրոսյան
«ՓԱՍՏԻՆՖՈ»






Facebook
Tweet This
Email This Post
