Կանադան ապամոնտաժել է Ալիեւների կիսանդրիները` համարելով դրանք վնաս սեփական հեղինակությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2012 10:33

Կանադայում ապամոնտաժվել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եւ այդ երկրի ներկայիս առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի կիսանդրիները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Ազադլըգ» թերթին հայտնել է կանադական կառավարության Հանրային պալատի անդամ Հասան Սավթարովը:

Այդ քայլը նախաձեռնել են Նիագարա օն զե Լեյք քաղաքի իշխանությունները, որոնք որոշել են, որ դրանք «դիկտատուրայի հուշարձաններ են»: Քաղաքի իշխանությունների այդ որոշմանը նպաստել է ադրբեջանական ընդդիմության կողմից դեռեւս մարտից սկսված արշավը, որը համապատասխան դիմումներ է հղել քաղաքապետարան եւ քաղաքի պատասխանատու կազմակերպություններ:

Դիմումներից մեկում, մասնավորապես, ասվել է, թե «այսօր աշխարհը պայքար է հայտարարել դիկտատուրային, եւ Կանադայում` աշխարհի ամենադեմոկրատարական երկրներից մեկում, այնպիսի դիկտատորի կիսանդրու տեղադրումը, ինչպիսին Հեյդար Ալիեւն է, լուրջ վնաս է հասցնում Կանադայի հեղինակությանը»:

«Ալիեւը ոչնչով չի տարբերվում Սադամից, Մուբարաքից, Բին Ալիից, Քադաֆիից եւ Ասադից: Այդ պատճառով կանադական կառավարության Հանրային պալատի անդամների եւ Կանադայում բնակվող ադրբեջանցիների անունից խնդրում ենք ապամոնտաժել եւ ադրբեջանական իշխանություններին վերադարձնել Հեյդար Ալիեւի եւ նրա հարսի` Մեհրիբան Ալիեւայի կիսանդրիները», -նշվել էր դիմումում:

Ալիեւների կիսանդրիները տեղադրվել էին անցյալ տարվա սեպտեմբերին:

Դիտվել է 685 անգամ:
Print Friendly

Leave a Reply