Նոր պետության պահանջ Հարավային Կովկասում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2010 17:17

Գեորգի Վանյան«Այլընտրանքային մեկնարկ» հարավկովկասյան ձևաչափի քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկան Հարավային Կովկասի քաղաքացիական Հանրապետության ստեղծման գաղափար-առաջարկով:

«Մենք առաջարկում ենք Հարավային Կովկասի պետությունների սահմանագծին, միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, մի տարածք հատկացնել և ապահովել Հարավային Կովկասի քաղաքացիական Հանրապետության հիմնադրման հնարավորությունը: Այնտեղ առանց մեծ դժվարությունների, խուսափելով վիզային ռեժիմից` կարող են մարդիկ ժամանել  ողջ Հարավային Կովկասից»: Ըստ նախաձեռնության անդամների՝ սա կնպաստի հարավկովկասյան յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր ընտանիքում խաղաղության ապահովման պահանջի բավարարմանը:

Հիմնադրվելով 2006-ին ՝ «Այլընտրանքային մեկնարկը» մեկ տարի անց եռակողմ ձևաչափից վերածվեց վեցակողմ միավորման, երբ հիմնադիրներ Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին միացան նաև ԼՂ-ի, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները: Անցած օրերին կազմակերպությունը 2008 թ. քննարկումներ է իրականացրել Երևանում`  վրաց-օսական պատերազմին հաջորդած նոր իրողությունների պայմաններում համաձայնեցնելու հեռանկարային գործողությունների ծրագիրը: Մասնակիցների փոխանցմամբ՝ համատեղ գործունեության ուղղությունների առանցքում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն են: Իսկ գործունեության հիմնական ոլորտը մշակութային միջոցառումներն են լինելու, փառատոնների կազմակերպումը, որպեսզի օտարված մարդը թիրախից վերածվի նպատակի ու մասնակցի այդ գործընթացներին:
Աբխազ գրող Դաուր Նաչկեբիանիի խոսքերով, այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում Հարավային Կովկասի ժողովուրդներին ոչ միայն ցույց տալու, որ խաղաղություն են ցանկանում, այլև՝ նպաստելու այդ խաղաղությանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում նախաձեռնության մասնակիցները հարավկովկասյան հանրապետության գոյությունը, երբ այսօր Հարավային Կովկասում, օրինակ, Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունները ատելության մթնոլորտում են ապրում, «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գեորգի Վանյանը ասաց, որ իսկապես հասարակություններում ատելություն կա: Սակայն այդ ատելությունը  վերարտադրվում է քաղաքական գործիչների շուրթերով, լրագրողների միջոցով: Մինչդեռ իր ադրբեջանցի գործընկեր, գրող- հրապարակախոս Սեյմուր Բայջանը բազմիցս շրջագայել է Հայաստանում և շփվել շատ ու շատ մարդկանց հետ:
Սեյմուր Բայջանն ու ԼՂ ներկայացուցիչ, իրավապաշտպան Ալբերտ Ոսկանյանն, ի դեպ, ըստ նախօրոք տարածված մամլո հաղորդագրության, պիտի ներկա գտնվեին լրագրողների հետ հանդիպմանը: Բայց, ինչպես հաղորդեց Գեորգի Վանյանը, Բայջանը հայտարարել է, որ ասելիք այլևս չունի:

Ասուլիսի հյուրերն էին «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ նախագահ Գեորգի Վանյանը, Էմիլ ԱդելխանովըՎրաստանից, Պատերազմի վետերանների միության նախագահ, «21-րդ դար» թերթի գլխավոր խմբագիր Թիմուր Ցխովբատին Հարավային Օսեթիայից, աբխազ գրող-հրապարակախոս Դաուր Նակչեբիան և Մարինա Նովշելդիշվիլին` Վրաստանից:

Դիտվել է 2580 անգամ:
Print Friendly

Leave a Reply