Փոքրիկ փրկարարներն ԱԻ նախարարությունում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 26, 2012 20:21
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հյուր էին եկել ԱԻՆ մանկապատանեկան փրկարարական թիմի անդամները, որոնք վերջերս են վերադարձել Բելառուսի «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքից։ Երեխաներին ընդունեցին ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Վ. Գաբրիելյանը և Ն. Գրիգորյանը։
Ողջունելով պատանի փրկարարներին` փոխնախարարն ասաց.
-Փրկարարների կամավորական շարժման զարգացումն ԱԻ նախարարության գերակա ուղղություններից մեկն է, և ձեր թիմը պիտի դառնա դրա հիմնաքարերից մեկը։ Շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում, որ Բելառուսում բարձր եք պահել մեր երկրի պատիվը։
Ջերմ անմիջական հանդիպման ընթացքում պատանիները ոգևորված պատմում էին միջազգային հավաքում իրենց առօրյայի, մրցումների ու հաջողությունների մասին։ Պատանեկան թիմի անդամներից 16-ամյա Սոսե Մինասյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարությանը, իրենց պատվիրակության ղեկավարներին և ծնողներին, որոնք աջակցել են թիմի կազմավորման ու նախապատրաստական աշխատանքներին։
-Մենք այնտեղ իմացանք, որ մյուս երկրների թիմերն արդեն մի քանի տարի է մասնակցում են այդ հավաքին, որ իրենց մոտ արդեն վաղուց գործում են պատանի փրկարարների խմբեր, որոնք պարբերաբար մարզվում են ու մասնակցում տարբեր միջոցառումների։ Շատ կուզենայինք, որ մեզ մոտ էլ նման հնարավորություն ստեղծվի, մենք էլ լավ պատրաստվենք, ավելի լավ տիրապետենք փրկարարական հմտություններին ու հաջորդ անգամ ավելի լավ ներկայացնենք մեր երկիրը,- ասաց Սոսեն։
Ի դեպ, սովորաբար նորեկ թիմերը «Զուբրյոնոկ» միջազգային հավաքին առաջին անգամ մասնակցում են դիտորդի կարգավիճակով, որպեսզի ծանոթանան մրցույթներին ու փորձ ձեռք բերեն, իսկ ՀՀ ԱԻՆ թիմը միանգամից լիարժեք մասնակցություն էր ունեցել բոլոր միջոցառումներին և արժանացել «Տասնամյակի լավագույն դեբյուտ» մրցանակի։
-Փրկարարի համազգեստը մեզ ոգևորում էր, որ ավելի լավ հանդես գանք հավաքին։ Շատ լավ ընկերներ ձեռք բերեցինք տարբեր երկրներից, որոնց հետ անպայման կաշխատենք կապ պահպանել ու շարունակել ընկերությունը,- ասաց 16-ամյա Աննա Բաղդասարյանը։
16-ամյա Դավիթ Եղիազարյանն ընդգծեց Բելառուս կազմակերպիչների ուշադրությունն ու հոգատարությունը հավաքի մասնակիցների հանդեպ.
-Անկախ նրանից, թե որ երկրից էր տվյալ թիմը, մեր բոլորի հանդեպ շատ ջերմ էին և ուշադիր` Բելառուսի ԱԻ նախարարից սկսած մինչև կենտրոնի աշխատակիցներ։ «Զուբրյոնոկ» կենտրոնում էլ ստեղծված էին բոլոր պայմանները` տարբեր մարզական, մշակութային մրցույթներ ու դասեր անցկացնելու համար։
17-ամյա Րաֆֆի Միրզախանյանը շեշտեց, որ իրենց թիմի համար մեծ պատիվ էր արտերկրում ներկայացնել Հայաստանն ու ԱԻ նախարարությունը։
12-ամյա Լևոն Մովսիսյանը, որ թիմի ամենակրտսեր անդամն էր, դաշտային վարժանքին մասնակցության համար արժանացել բրոնզե մեդալի։ Նույն վարժանքին աչքի ընկած 16-ամյա Գրիշա Աղասյանը պարգևատրվել էր արծաթե մեդալով։
«Լավագույն թերթ» մրցանակը ստանալ օգնել էր 16-ամյա Մուշեղ Գևորգյանի նկարչական շնորհքը։
Հանդիպման ավարտին պատանիներին նվիրեցին արտակարգ իրավիճակների և անվտանգության վարքականոնների մասին գրքեր, իսկ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչները խոստացան, որ կարվի ամեն հնարավորը Հայաստանում մանկապատանեկան փրկարարական շարժումը զարգացնելու և ավելի մեծ թվով երեխաներ ընդգրկելու համար։






Facebook
Tweet This
Email This Post
