Այսօր Ստեփանակերտում կազմակերպվեց Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված և Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման դեմ ուղղված քայլերթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 26, 2012 18:18

Այսօր Ստեփանակերտում կազմակերպվեց Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված և Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման դեմ ուղղված քայլերթ, որը կազմակերպել էին «Կամք» հասարակական կազմակերպությունը, «Արցախակերտում» նախաձեռնությունը մի շարք այլ երիտասարդական ու ուսանողական կառույցների հետ համատեղ: Երթին մասնակցում էին շուրջ 3000 հոգի: Ակցիան սկսվեց սբ. Հակոբ եկեղեցում կատարված ծիսակատարությամբ՝ նվիրված Գուրգեն Մարգարյանի հիշատակին. Այնուհետև մասնակիցները, կտրելով Ստեփանակերտի կենտրոնական փողոցները, քայլեցին դեպի եղբայրական գերեզման, որտեղ ոգեկոչվեց Գուրգեն Մարգարյանի հիշատակը և ծաղիկներ դրվեցին հուշակոթողին: Վերջում «Կամք» ՀԿ նախագահ և «Արցախակերտում» նախաձեռնության նախաձեռնող անդամ Արտակ Բեգլարյանը հանդես եկավ ելույթով, որի հիմնական բովանդակությունը ներկայացված է ստորև:

«Հարգելի՛ ընկերներ, այսօր կբոլորեր Գուրգեն Մարգարյանի 34-րդ տարին, եթե մի հասարակության ատելության ողջ ներուժը խտացրած վամպիրային հակումներով «ռամիլ սաֆարով» կենդանու կացնային բնազդները չարթնանային: Այնուամենայնիվ, Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է, մեր հոգիներում, ոչ այնքան այն պատճառով, որ խորհրդանշում է հայերիս՝ զոհ լինելու հանգամանքը, այլ ավելի շատ քանի որ իր մեջ խտացնում է հայ զինվորականության հզորությունը: Այո՛, ռամիլն իր քստմնելի արարքով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը և իր նմանները ունակ և կարող են գլխատել հայ զինվորին միայն խաղաղ պայմաններում և այն էլ քնած ժամանակ: Սակայն դա միակ հանցագործությունը չէր ուղղված հայ ազգին, ոչ պակաս մեծ հանցանք կատարեցին ադրբեջանական իշխանություններն ու հասարակությունը՝ տարիներ շարունակ գարշելի կերպով հերոսացնելով հակահերոսական արարքը: Հատկանշական է, որ այսօր մեր ազգի դեմ գազանային ոտնձգության մեկ այլ զոհի ծննդյան օրն էլ է՝ Մեծն Կոմիտասի, ով նույնպես դարձավ հայ ազգի դեմ խտացված թյուրքական ատելության զոհը: Ակամայից հիշում ես Թումանյանի հանճարեղ խոսքերը՝ «մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կմնա»:

Որքան Գուրգեն Մարգարյանի մահը, ոչ պակաս չափով և սաֆարով գազանի արտահանձնումն ու հերոսացումը հարուցեցին մեր ցասումը: Ի լուր աշխարհի՝ իլհամը, իր խամաճիկներն ու ադրբեջանական հասարակության մի ստվար հատված ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց ֆաշիստական դեմքերը՝ ոտնատակ տալով մարդկային բանականության և բարոյականության բոլոր սահմանները: Այնուամենայնիվ, քանի որ մեզ համար նորություն չէր նրանց բնույթը, հետևաբար, այս դեպքը ավելի մեծ դաս պետք է լինի միջազգային հանրության համար, քանզի ըստ նրանց՝ իրենք խաղաղություն են ցանկանում: Իհարկե, նրանք ոչ թե անհանգստանում են մարդկային կյանքերի, այլ իրենց նավթադոլարների և այլ նյութական շահերի համար: Նրանք պետք է հասկանան, որ սաֆարովյան կացինը կարող է ճոճվել նաև իրենց նավթադոլարների կույտերի վրա: Իհարկե, մենք միանշանակորեն ջարդելու ենք կացինը, բայց միգուցե ուշ լինի նրանց նավթադոլարների փրկության համար: Հետևաբար, կոչ ենք անում Ադրբեջանի ֆաշիստական վարքագիծը խոսքերով դատապարտող երկրներին և միջազգային կառույցներին ոչ միայն դադարեցնել հարաբերությունները ադրբեջանական այն կառույցների ու գործիչների հետ, որոնք հերոսացնում են սաֆարովին, այլ նաև հստակ պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ՝ ընդհուպ մինչև միջազգային քրեական պատասխանատվություն: Կոչ ենք անում ու պահանջում նաև Ադրբեջանին զենք վաճառող երկրներից դադարեցնել զենքի մատակարարումները ֆաշիստական այդ երկրին, քանզի յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Ադրբեջանին վաճառված զենքն ուղղված է տարածաշրջանում խաղաղության դեմ: Էթնիկ հողի վրա կատարած սպանությունը հերոսացնող երկրին զենք վաճառելը համարժեք հանցագործություն է:

Հարգելի՛ ընկերներ, ինչպես ՀՀ նախագահն է իրավացիորեն նշել, «Մենք չենք ուզում պատերազմ, բայց այն մեզ պարտադրելու դեպքում կռվելու ենք և հաղթելու»: Այո՛, մենք չենք ուզում պատերազմ, քանի որ գազանային մոլուցքներով չենք ապրում և գնահատում ենք յուրաքանչյուր մարդկային կյանք, այդ թվում և մեր թշնամու: Իսկ որ ևս մեկ անգամ հաղթելու ենք մեզ պարտադրված պատերազմում, վկայում են մի քանի քայլ այն կողմ հանգչող հերոսներն ու Գուրգենի հիշատակը ոգեկոչող մեր շարքերը: Այնպես որ փա՛ռք մեր զոհերին, փա՛ռք հայ զինվորին, փա՛ռք Գուրգենին:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply