Հեղինակավոր «Տեֆի» մրցանակը «Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» ֆիլմի հաջողությունների սկիզբն էր

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 26, 2012 13:17

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմն արժանացել է «Ռուսական հեռուստասեսության ակադեմիայի» «Տեֆի» մրցանակի` լավագույն փաստավավերագրական ֆիլմ անվանակարգում` այսպիսով մեկնարկելով իր հաջողությունների «քայլերթը»: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Օրդյանը նշեց, որ Աստանայում` սեպտեմբերի 14-17 անցկացված «ТЭФИ-Содружество» փառատոնից հետո լիամետրաժ ֆիլմը մասնակցելու է այլ հեղինակավոր միջազգային փառատոնների, ցուցադրվելու ռուսական առաջատար հեռուստաընկերություններով:

Լեգենդար հայ միկրոքանդակագործության հիմնադրի մասին պատմող ֆիլմը նախապատմություն ունի

«Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի օպերատոր Հարություն Տոլանյանը, ով «Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» ֆիլմի հեղինակը եւ օպերատորն է, անձամբ ճանաչել է վարպետին եւ շուրջ չորս տարի պարբերաբար նկարահանել նրան:

«Մենք ֆինանսներ չէինք կարողանում գտնել, որովհետեւ փաստավավերագրական ֆիլմերն այնքան էլ մեծ պահանջարկ չունեն Հայաստանում, սակայն տեղեկանալով ֆիմի մասին` ես ասացի, որ մենք մեր ուժերով կիրականացնենք այն, առանց ֆինանսական աջակցության»,- պատմեց Օրդյանը: Նրա խոսքով` սա այն դեպքն էր, երբ հայ միկրոքանդակագործության հիմնադրի մասին ֆիլմ նկարահանելը կարեւոր էր առաջին հերթին սերունդների համար: Չհաշված խորհրդային տարիների մի քանի փոքրամասշտաբ նկարահանումները` փաստավավերագրական ֆիլմը մեծանուն լեգենդի մասին պատմող միակ եւ վերջին վկայությունն է:

 

 

Ֆիլմի ցուցադրման ավարտը ուղեկցվեց չդադարող ծափահարություններով

«Չկարողացա ներկա գտնվել ֆիլմի ցուցադրմանը փառատոնի ընթացքում, որովհետեւ հասկացա, որ ամեն մի շշուկ, ամեն մի արձագանք ինձ վրա խորապես ազդեցություն է գործում: Ցուցադրման ավարտից հետո սրահում լսեցի, որ ծափերը չեն դադարում»,- շարունակում է Օրդյանը: Արդեն մասնագիտական շրջանակներում քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ հանդիսատեսին գրավել է ոչ միայն  ֆիլմի հետաքրքրական կերպարը, այլեւ մատուցման ձեւը:

«Մենք հանճարեղ կամ  տաղանդավոր բան չենք արել, դա պարզապես մեր աշխատանքն էր, ես անձամբ իմ գործերում միշտ տեսնում եմ բազմաթիվ թերություններ»,-ասաց ռեժիսորը:

Նա շեշտեց, որ  փառատոնին հայկական պատվիրակությունը ներկայացրել է ոչ թե իրենց կամ միայն ֆիլմը, այլ հենց Հայաստանը:

«Անգամ վերջին օրը, երբ հաղթողների անունները հայտարարելիս լսեցի «Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» ռեժիսոր Հայկ Օրդյան»  ես դեռ չէի գիտակցում, որ մեր մասին է խոսքը, միայն «Արմենիա» բառը լսելուց հետո հասկացա, որ պետք է բեմ բարձրանամ»,- ավելացրեց Օրդյանը: Նրա գնահատմամբ` փառատոնին մասնակից փորձագետները հաշվի են առել ֆիլմի յուրաքանչյուր դետալ` սկսած օպերատորական աշխատանքից վերջացրած երաժշտությամբ, որը հատուկ ֆիլմի համար գրել է Դավիթ Դավթյանը:

«Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» ֆիլմը հեռարձակման իրավունք ձեռք բերելու համար ցանկություն են հայտնել ռուսական «Կուլտուրա» եւ TBC հեռուստաընկերությունները:

Ֆիլմի հայկական պրեմիերան տեղի էր ունեցել 2012 թվականի մայիսին, Էդուարդ Ղազարյանի մահից կարճ ժամանակ անց:

Քսանվեց րոպե տեւողությամբ փաստավավերագրական ֆիլմը նոյեմբերին կմասնակցի Բանկոնգում կայանալիք միջազգային փառատոնի, ինչպես նաեւ 2013 թվականին` Կաննի կինոփառատոնին:

Ռեժիսորը պետք է ներկայացնի իր ձեռագիրը

«Ասք հայոց գինու մասին»  «Այգեձոր», «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա», «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» ,  «Լրատվության հայ-թուրքական սահմանը» այլ փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր Օրդյանն առաջիկայում մեծ ցանկություն ունի ֆիլմ նկարահանել համաշխարհային մեծության ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի մասին, դրանով նպաստելով, որպեսզի հայ երիտասարդությունը կարողանա ճանաչել  20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական եւ կինոռեժիսորներից մեկին:

«Սովորաբար հանճարեղ մարդկանց մասին ինչ-որ բան նկարահանելը, այն էլ նրանց կեդանության օրոք, բավականին դժվար է, հռչակավոր ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, ով երբեք խոսքեր չի շռայլում` իր մասին պատմող ֆիլմի մասին ասաց «գրագետ» աշխատանք է»,- նշեց ռեժիսորը: Օրդյանի համոզմամբ` ռեժիսորը պետք է ունենա իր ձեռագիրը, ինչպես, օրինակ, Էմիր Կուստուրիցան, սակայն այդ ընդգծված ձեռագիրն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի  ներկայացվի ֆիլմի բուն բովադակությունը, ոչ թե ռեժիոսրի կերպարը:

«Օրդֆիլմ» կինոընկերության տնօրենը հավելեց, որ «Տեֆին» եւս մեկ անգամ փաստեց, որ արտասահմանցի հանդիսատեսին հետաքրքիր է հայ ռեժիսորի հայկական մոտեցումը, սեփական  ակունքներից եւ բնությունից չհեռանալը:

«Ռուսական հեռուստատեսային ակադեմիայի» բարձրագույն հեռուստատեսային մրցանակը`«Տեֆին», տրվում է հեռուստատեսության ոլորտում բարձրագույն նվաճումների համար: Հայաստանի կինոկենսագրության մեջ այն առաջինն էր: «Տեֆին» ամերիկյան «Էմմի» հեղինակավոր մրցանակի ռուսական տարբերակն է:

 

Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply