Հիշողություն Օսմանյան կայսրության մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 26, 2012 12:34
«Anadolu» գործակալությունը մի հետաքրքիր հոդված է հրապարակել այն մասին, որ Եգիպտոսում բեդվինական ցեղի կանայք իրենց գլխաշորերը զարդարում են ոսկե դրամներով, որոնք պահպանվել են դեռևս Օսմանյան կայսրության ժամանակներից, որը կառավարում էր Եգիպտոսը գրեթե չորս դար:
Սինա թերակղզում բնակվող աղքատ բնակչության շրջանում մինչև օրս կարելի է տեսնել այնպիսի դրամներ, որոնց վրայի գրությունները վկայում են, որ դրանք հատված են Կոստանդնուպոլսում 1223 թվականին`մուսուլմանական Հիջրայի օրացույցով:Կանայք իրենց գլխաշորերը զարդարում են այդ դրամներով և խնամքով պահում են դրանք`փոխանցելով սերնդե սերունդ:
Սինա թերակղզում ապրող Սալիմա Իդ Սինան, ում գլխաշորը բավականին շատ դրամներով է զարդարված, պատմել է, որ այդ շրջանի բնակիչներից շատերը նման դրամներ ունեն: Նրա խոսքերով`դա մի յուրատեսակ հպարտություն է: Սալիման օսմանյան դրամները ստացել է իր տատից և մտադիր է դրանք փոխանցել իր դուստրերին:
Բեդվինական ազգային տարազների և արծաթե դրամների վաճառական Համիդ Սալիհը պատմել է, որ դրամները կանանց գլխաշորի անբաժան մասն են կազմում: Վաճառականի խոսքերով`կանայք սկսել են նոր զարդերը հաճախակի փոխարինել հներով:
Բացի օսմանյան ժամանակաշրջանի դրամներից, բեդվինները իրենց հագուստները զարդարում են նաև Հռոմեական կայսրության և Հին Եգիպտոսի դարաշրջանից մնացած դրամներով:






Facebook
Tweet This
Email This Post
