«Հայ-թուրքական հարաբերությունները ասիմետրիկ բնույթ են կրում»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 25, 2010 15:03

Հարցազրույց քաղաքագետ

Երվանդ ԲՈԶՈՅԱՆի հետ

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը` երկու նախագահների ուղերձների, ինչպես նաեւ` Սերժ Սարգսյանի  լոնդոնյան  ելույթի համատեքստում:

– Ֆուտբոլային քաղաքականությունը հասել է փակուղու, և երկու կողմերն էլ փորձում են հիմնական մեղքը բարդել մյուսի վրա: ՀՀ նախագահի լոնդոնյան ելույթը փորձ էր հիմնավորել թուրքական կողմի մեղքը:

Իսկ այս փակուղին ոչ միայն չի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, այլ` ավելի կվատթարացնի իրավիճակը: Ընդ որում, պետք է նշել, որ ֆուտբոլային քաղաքականությունն ու հայ-թուրքական հարաբերությունները ասիմետրիկ բնույթ են կրում. Հայաստանի կողմից նախաձեռնող կողմը նախագահ Սարգսյանն էր, իսկ Թուրքիայում` Գյուլլը, մինչդեռ այնտեղ կարևորագույն պաշտոնն ու դերակատարությունը վարչապետինն է: Թուրքական կողմն, իմ կարծիքով, միտումնավոր էր նման համակարգով հանդես եկել, որպեսզի ցանկացած պահի ցանկացած պայման փոխի: Այլ բան է, որ հայկական կողմը պետք է այդ տարրական խնդիրները գիտակցեր ու մինչ գործընթացի մեկնարկը հաշվարկեր, թե այն ի՞նչ հետևանքներ  է ունենալու Հայաստանի համար:

– Ձեր նշած փակուղային վիճակում ի՞նչ ռեալ գործընթացներ կարելի է կանխատեսել, մանավանդ որ արձանագրություններն արդեն ԱԺ-ում են, իսկ կառավարությունն էլ հավանություն է տվել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որը հնարավորություն է տալիս հետ կանչել ստորագրությունը մինչ ստորագրած պայմանագրի ուժի մեջ  մտնելը:

– Այդ գործընթացների ժանրը բոլորիս համար արդեն ակնհայտ է. Թուրքիան չի գնալու արձանագրությունների վավերացմանը: Նրա փաստարկումները հասկանալի են` «մենք պատրաստ ենք բացել սահմանը, սակայն միաժամանակ պիտի արձանագրվի առաջընթաց ԼՂ հարցում, որպեսզի Հայաստանը միակողմանի օգուտներ չունենա բացման արդյունքում»:

Թուրքիան տեսել է Հայաստանի թուլությունը. վերջին շրջանում մի արշավ սկսվեց, որ առանց սահմանի բացման մենք չենք կարող զարգանալ: Ու դա, բնականաբար, իր արձագանքը գտավ Թուրքիայում` փոխելով մթնոլորտը քաղաքական ու հասարակական միջավայրում: Եվ եթե 3-4 տարի առաջ ԼՂ խնդիրը թուրքերի համար ամենեւին էլ առաջնային չէր, ապա այսօր` տխրահռչակ ու անմեղսունակ ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով դարձել է թիվ 1 խնդիրը: Հայաստանի կողմից մանկամտություն էր երազելը, թե հնարավոր է սահմանը բացել առանց ԼՂ հարցում զիջումների:

Հայկական կողմը հույս ուներ, որ ապրիլի 24-ի «բոբոյով» ԱՄՆ-ն պիտի վախեցնի թուրքերին: Բայց ԱՄՆ-ն, ի տարբերություն հայերի, հասկանում է, որ Թուրքիան ֆունդամենտալ` արեւմուտքի ու մահմեդական աշխարհի միջեւ կամրջի ֆունկցիա ունի, ու հարաբերությունների սրման չեն գնա: Ապրիլի 24-ից հետո հայ քաղաքական շրջանակներում ֆրուստրացիաներ կառաջանան ու բոլորը կհասկանան, որ ամերիկյան «բոբոյի» գործոնն էլ չի աշխատում: Ստեղծված փակուղին ակնհայտ կլինի, կավելանան ճնշումները ԼՂ հարցում: Այստեղ առաջխաղացման համար երկկողմանի զիջումներ են անհրաժեշտ:

Կարծում եմ` մեր իշխանությունները կոմպրոմիսի չեն գնա, քանի որ այլևս դրա համար տեղ չկա: Կապիտուլյացիայի մասին ևս խոսք լինել չի կարող,  քանի որ կապիտուլյացիայի գնում են պարտվելու դեպքում, այլ ոչ թե հաղթանակի: Ադրբեջանը չի գնում զիջումների` հայտարարելով, որ իր համար արդեն իսկ զիջում է պատերազմ չսկսելը: Նման դեստրուկտիվ դիրքորոշում ունեցող երկրի հետ մոտալուտ շրջանում լուրջ խաղաղության հաստատման մասին խոսելն անգամ անմեղսունակություն է:

Ընդհանրապես, այսպիսի խնդիրները պրակտիկորեն չլուծվող են` ինչպես, օրինակ, Կաշմիրի, կիպրոսյան խնդիրները: Բայց սրանցից ամենավտանգավորն ու դժվարինը Ղարաբաղյանն է, քանի որ այստեղ ոչ միայն տարածքի հարց է, այլև` անվտանգության. կորցնելով Լեռնային Ղարաբաղը` մենք կկորցնենք նաև Զանգեզուրը, ուրեմն` մեր պետականությունը: Մենք այսօր ծիծաղելի վիճակում ենք հայտնվել: Ադրբեջանն այնպիսի դեստրուկտիվ դիրքորոշումներ ունի, որ դրանից մենք օգտվում ենք: Եթե հանկարծ Ադրբեջանը որոշակի զիջումների գնա, ապա միջազգային հանրությունն ուղղակի չի հասկանա մեր դիրքորոշումը:  Փոխանակ ինքներս կոնստրուկտիվ քաղաքականություն կառուցենք, զբաղված ենք սիտուացիոն քաղաքականությամբ, չունենք ռազմավարական ստրատեգիա ու սա մեր ողբերգությունն է:

Իսկ ստեղծված փակուղային վիճակի համար պետք չէ որպես քավության նոխազ ընտրել միայն գործող իշխանություններին: Մեր քաղաքական դաշտի, ընդդիմության դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասով ըստ էության նույնն են: Հայաստանյան քաղաքական դաշտը հիվանդ է, ու չի պատկերացնում իրական պետական շահերը: 18 տարվա գզվռտոցի փորձ ունի միայն:

– 18-ամյա պետության հիմնական շահն այսօր անվտանգությո՞ւնն է:

– Միանշանակ: Կենտրոնական խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանը կարողանա իր նորմալ հարաբերությունները վերականգնի Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի հետ, ամեն ինչ անի` ԼՂ հարցը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումից տարանջատելու համար եւ ի վերջո` բարելավի հարաբերությունները Թուրքիայի հետ:

– ԼՂ հարցը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումից տարանջատելու ու նրա հետ հարաբերություններ բարելավելու ճանապարհը ո՞րն է:

– Այստեղ տեղին է հիշել արաբա-իսրայելյան կոնֆլիկտի պատմությունը: 4 պատերազմ եղավ, որից հետո միայն արաբական աշխարհն Իսրայելին լեգիտիմ ճանաչեց, իսկ մինչ այդ պատերազմներն էլ Իսրայելը գոյատևման պայքար էր մղում: Ընդ որում, աշխարհաքաղաքական կենտրոնները նույնպես չէին զորակցում Իսրայելին: Այսինքն` ժողովուրդը պիտի տոկուն լինի ու պայքարի իր իրավունքների համար: Իսկ եթե ժողովուրդը չի պայքարում, ոչ մեկն այդ ժողովրդին չի աջակցելու: Մեր դեպքում, ըստ էության, ոչ թե Ղարաբաղի խնդիրն է, այլ`հայ ժողովրդի գոյատևելու, անվտանգության հարցը:

– Այս փակուղային վիճակում աշխարհաքաղաքական կենտրոնների ինչպիսի՞ ազդեցություն ու դերակատարություն եք կանխատեսում. ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունուց:

-Աշխարհաքաղաքական կենտրոններից շատ բան է կախված, բայց որոշիչ ֆունկցիան մերն է: Ի վերջո, նույն արաբա-իսրայելական կոնֆլիկտի այն ժամանակվա «Մեդվեդեւն, Օբաման ու Սարկոզին» նույնպես դեմ էին իսրայելական պետության ստեղծմանը: Բայց հրեա ժողովուրդն ինքը որոշեց, որ պիտի կայանա: Նույնկերպ` 1988թ. Մոսկվան դեմ էր Շարժմանը, ճնշում էր, բայց չկարողացավ: Աշխարհաքաղաքական կենտրոնները բարի ցանկություններով են լցված` խնդիրները լուծելու, սակայն այդ լուծումները տալ չեն կարողանում:

– Իսկ փակ սահմանների առկայության պարագայում Հայաստանի զարգացման հեռանկար տեսնո՞ւմ եք:

– Բնականաբար, բաց սահմանների պարագայում երկիրը շատ ավելի լավ կզարգանա: Բայց եթե փակ սահմաններով Հայաստանն ապագա չունենա, դրանք երբեք չեն բացվի: Թուրքիան իր համար այդպիսի «նվեր» չի ստեղծի, ու անկախ ԼՂ հարցի լուծումից` ամեն ինչ կանի, որ սահմանները չբացվեն:

– Կարելի՞ է արդյոք այս 2 հիմնական հարցերի վերաբերյալ խոսել հասարակական ձևավորված կարծիքի մասին:

– Ես կարծում եմ, որ հասարակական կարծիք Հայաստանում չկա: Հասարակությունն իր կարծիքը ձևավորում է քաղաքական շրջանակների, մտավորականության ու լրատվամիջոցների ազդեցության տակ: Մեր քաղաքական շրջանակներն այս խնդիրների մասին պատկերացումներ չունեն, փոխարենը` ունեն իրար հետ գզվռտվելու ու վերացական արտահայտություններ անելու հարուստ փորձ: Լրատվամիջոցներն ու նրանց մատուցած ինֆորմացիան անդեմ ու անսեռ են, իսկ մտավորականները ավելի շուտ իրենց գործի վարպետ են, բայց չունեն աշխարհայացք և ուրույն մտածելակերպ: Նրանք գործում ու խոսում են որոշակի ստերեոտիպների սահմաններում միայն:

– Այդ դեպքում, երկու հարցերի  ցանկացած լուծում արդյո՞ք ընդունելի ու ընկալելի կլինի հասարակության համար:

– Մեր հասարակությունը որևէ պատկերացում չունի այս խնդիրների մասին ու այդ իմաստով իշխանություններն ունակ են ցանկացած վոլյունտարիստական որոշում կայացնել: Այլ խնդիր է, որ իշխանություններն, այնուամենայնիվ, չեն կարող գնալ զիջումների ԼՂ հարցում: Այստեղ իր տեսակետն ունեն բանակն ու ԼՂ իշխանությունները, ու նրանք կարող են կոնսոլիդացված դեմ դուրս գալ նախագահի կողմից նախընտրելի որոշումներին, ինչպես 1998թվին եղավ ու ինչը բերեց նախագահի հրաժարականին:

Դիտվել է 2165 անգամ:
Print Friendly

Leave a Reply