Ձախորդ օրեր Վանկուվերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 25, 2010 15:04

Կանադայի Վանկուվեր քաղաքում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերում կրկին ձախողվեց Հայաստանի ներկայացուցիչը: Հսկա ոլորավայրէջքում վերջնագիծ չհասավ լեռնադահուկորդուհի Անի Մաթիլդա Սերեբրակյանը: Ի դեպ, այս մրցաձևում մեկնարկած 86 մարզուհիներից 16-ը չկարողացան հաղթահարել մրցատարածությունը: Ցավոք, անհաջողակների թվում էր նաև Սերեբրակյանը: Այս մարզուհին բնակվում է ԱՄՆ-ում  և այնտեղից է միացել մեր պատվիրակներին, այսինքն, անգամ Հայաստան չի եկել: Ինքնին հարց է առաջանում` արժեր արդյո՟ք թիմում ընդրգրկել մի մարզուհու, որին մեր մարզիչները չէին էլ ճանաչում, տեսած չկային: Թերևս, նպատակահարմար կլիներ, որ մեր երկրում բնակվող որևէ լեռնադահուկորդուհի օլիմպիական խաղերի մայրաքաղաք մեկներ, խոշորամասշտաբ մրցումների մասնակցեր  և միջազգային մրցափորձ ձեռք բերեր: Ինչպես հայտնի է, Հայաստանից բոլոր` չորս մարզիկներն էլ հրավերով են մասնակցում օլիմպիական խաղերին: Քանի որ Հայաստանի ներկայացուցիչները ուղեգրեր չէին նվաճել, պարզապես ընդառաջել էին:  Հավելենք, որ ավելի վաղ այս մրցաձևում մրցատարածությունը կիսատ էր թողել ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը: Ինչեւէ, Սերեբրակյանին ևս մեկ մրցելույթ է սպասում: Փետրվարի 26-ին նա ուժերը կչափի ոլորավայրէջքում: Իսկ Ներսիսյանը փետրվարի 27-ին հանդես կգա նույն մրցաձևում:

Դիտվել է 2285 անգամ:
Print Friendly

Leave a Reply