Նիկոլ Փաշինյան. “Մարզեր այցելելու համար մեզ վիզա պետք չէ”. Բյուջեի կատարողականի հաշվետվությունն անցավ ակտիվ բանավեճի պայմաններում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2012 18:13

Այսօր Ազգային ժողովում 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ներկայացումն ու դրա վերաբերյալ քննարկումն անցավ բավականին զավեշտալի և բանավիճային մթնոլորտում:

Մարզպետներից յուրաքանչյուրը հերթով ներկայացնում էր, թե ինչպես են տնօրինել 2011 թվականին պետական բյուջեից իրենց մարզին տրամադրված գումարները: Ներկաներից թերևս միակ հարց տվողը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, ով կազմել էր նույն բնույթի հարցերի շարք, որոնք ուղղում էր մարզպետերից յուրաքանչյուրին:

Փաշինյանը մարզպետերից խնդրում էր վիճակագրություն ներկայացնել, թե ինչպիսին է եղել վիճակը նախորդ տարի իրենց մարզում և ինչպիսին է այսօր` այդ գումարները ծախսելուց հետո:

“Ես չեմ կասկածում, որ բոլոր գումարները մինչև վերջին կոպեկը ծախսել եք: Թե չէ գալիս են բոլոր մարզպետերն ու ասում. “Ծախսել ենք, ծախսել ենք, մի’ անհանգստացեք”: Մենք չենք անհանգստանում, որ ծախսել եք, մենք անհանգստանում ենք, թե ոնց եք ծախսել և ինչ եք ստացել այդ կատարած ծախսերի արդյունքում: Իմ հարցի մեջ ոչ մի անտրամաբանական բան չկա, որ չեք կարողանում պատասխանել”,- մարզպետերի ելույթներինյ ի պատասխան զայրացած հակադարձեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքին որպես լրացում` իր համաձայնությունը հայտնեց նաև ՀՀ ֆինանսների  նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ  Ա. Ջանջուղազյանը` մարզպետերին ևս մեկ անգամ կոչ անելով ավելի բովանդակային ներկայացնել իրենց կատարած աշխատանքները:

Սակայն սա ևս չօգնեց, որպեսզի մեր մարզպետերը բացի իրենց առջև դրված թվերից կարողանան հստակ հաշվետվություն ներկայացնեն նաև վիճակագրության և կոնկրետ օրինակների տեսքով:

Մարզպետներից ոմանք նշեցին, որ իրենք չեն կարող հատ-հատ հիշել վիճակագրական տվյալները, սակայն բերեցին մի քանի ընդհանուր օրինակներ դպրոցաշինության, ճանապարհաշինության, ջրագծերի և կոյուղագծերի անցկացման վերաբերյալ, ինչը, սակայն, այդպես էլ չբավարարեց քննարկման միակ հարց տվողին` Նիկոլ Փաշինյանին:

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ, ի պատասխան Փաշինյանի հարցադրմանը, ասաց, որ նա սիրով հրավիրում է իր մարզ այցելության թե’ Փաշինյանին, և թե’ բոլոր լրագրողներին ու պատգամավորներին` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: Գրիգորյանը վստահորեն հայտնեց, որ իրենք տիրապետում են բոլոր թվերին ու վիճակագրական տվյալներին, ու թեև իր պաշտոնավարման 100 օրը դեռ չի լրացել, սակայն նա արդեն իսկ կարող է վստահ մամլո ասուլիս հրավիրել և այդ ամենը մանրամասն ներկայացնել:

Փաշինյանն էլ, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, հակադարձեց, որ ՀՀ մարզեր իրենք առանց հրավերի էլ կարող են գնալ և դրա համար հատուկ հրավեր կամ վիզա պետք չէ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply