Հարաբերվե’ք էլեկտրոնային կայքերի միջոցով: Կովալը խորհուրդ է տալիս, Նիկոլը` զայրանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2012 17:56

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը խորհուրդ է տալիս հարաբերվել էլեկտրոնային կայքերի միջոցով, քանի որ տեխնիկան զարգացել է: այսպես արտահայտվեց այսօր Կովալը Ազգային ժողովում 2011 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցին ի պատասխան:

Իսկ Փաշինյանը, ինչպես Շահգալդյանից, այնպես էլ մյուս մարզպետերից պահանջում էր առարկայական ձևով ներկայացնել, թե ինչի վրա են ծախսել կառավարության կողմից իրենց հատկացված գումարները` խնդրելով նշել օրինակներ, որոնք ցույց կտան, թե ինչպիսի խնդիրներ են լուծվել տվյալ մարզում այդ գումարներով:

“Այստեղ ընդամենը քննարկվում է 2011 թվականին մարզերին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործումը: Իսկ կոնկրետ հարցերի պատասխանը կարող եք ստանալ մեր մարզի պաշտոնական կայքից”,-փորձեց իրադրությունից իրեն և իր գործընկերներին դուրս բերել Կոտայքի մարզպետը` նշելով, որ մարզպետերը պարտադիր չէ` անգիր իմանան, թե որ համայնքում ինչ ծրագրեր են իրականցվել. “Դրա համար կան էլեկտրոնային հարաբերությունների հնարավորություն: Հարաբերվե’ք էլեկտրոնային կայքերի միջոցով”:

Սրան ի պատասխան` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չդիմացավ և, չզսպելով իր զայրույթը, բավականին ծավալուն կերպով պատասխան տվեց Կովալենկո Շահգալդյանի արած ժամանակակից «հարաբերությունների» կոչին` շնորհակալություն հայտնելով, որ նա, ամեն դեպքում, ներկա է այս քննարկմանը:

“Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Շահգալդյանին, որ ստեղծված իրավիճակում բարեհաճել է ժամանել և խորհուրդ չի տվել «սկայպով» իր հաշվետվությունը ներկայացնել”,-հեգնանքով նկատեց Փաշինյանը` ավելացնելով, որ պետք չէ իրենց անընդհատ խորհուրդներ տալ` այցելել կայքեր, քանի որ  իրենք այդ կայքերի տեղը շատ լավ գիտեն. “Վերահսկիչ պալատի նախագահից ու իրենց կայքից պրծանք, հիմա էլ հերթը մարզպետերինն է: Շատ մարզպետեր ինտերնետից տեղյակ չէին, որ մենք գիտեինք, թե կայքն ինչ է: Մեզ կայք ցույց մի’ տվեք, այլ Ազգային ժողովին հաշվետու եղեք: Չհասկացա, մարզպետը բա չիմանա՞` իր ղեկավարած մարզում քանի դպրոցական կա կամ քանի առաջին դասարանցի»:

Ի վերջո, անդրադառնալով Կոտայքի մարզում կատարված աշխատանքներին` Կ. Շահգալդյանն ասաց, որ մյուս տարիների համեմատ 2011 թվականը ֆինանսական միջոցներով ավելի արդյունավետ էր, քանի որ բյուջեի պահուստային ֆոնդից կոնկրետ իրենց մարզին հատկացվել է 2,600,000 դրամ գումար, որի միջոցով 34 համայնքներում հնարավորություն է ստեղծվել 66 հրատապ խնդիրներ լուծել:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply