Հարկայինը տուգանել է 78-ամյա կնոջը և պահում է կենսաթոշակի մի մասը (վիդեո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 25, 2012 12:10

Ռայա Պռազյանն արդեն 2 ամիս է՝ կուշտ փորով անկողին չի մտնում, քանի որ հարկային մարմինները նրա 31 հազար դրամ թոշակից 10 հազար դրամը պահում են՝ որպես վարչական տուգանք: 78-ամյա Ռայա տատն ապրում է Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղում: Նրան հանդիպեցինք գյուղի միակ խանութում, որտեղ էլ իր ժամանակի մեծ մասն է անցկացնում: Սվետա Գեւորգյանի խանութը ծեր կնոջ համար միակ ապաստանն է, քանի որ գյուղում ոչ բարեկամ ունի, ոչ էլ արյունակից ազգական:

Ռայա Պռազյանը պատմեց, որ մինչեւ 2006 թվականը գյուղի դպրոցի մոտ փոքր կրպակ է ունեցել եւ դպրոցականների համար փքաբլիթներ ու մաստակ է վաճառել: Ըստ տիկնոջ՝ մինչեւ նշված թվականը ինքը պարտաճանաչ վճարել է բոլոր հարկերը, սակայն իր կրպակը թալանել են ու դրանից հետո դադարեցրել է գործունեությունը: Դրանից հետո կրպակը տեղափոխվել է հարեւանի բակ, որտեղ այժմ աղավնիներ են պահում:

Ռ. Պռազյանն ասում է, որ իրեն ոչ ոք չի տեղեկացրել, ինքն էլ չի իմացել, որ հարկային մարմնում պետք է գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում գրի: Եվ ահա այս տարվա առաջին կեսին 78-ամյա կինը Վարդենիսի հարկային մարմնից գրություն է ստացել, որ իրեն տուգանել են 500 հազար դրամով: Ամեն ամիս Ռայա տատի թոշակից պետք է 10.000-ական դրամ պահվի մինչեւ 500.000 դրամ տուգանքը զրոյանա:

«Որ իմ թոշակը պահեն, բա ես ի՞նչ ուտեմ, ամիսը 31 օր ա, իմ թոշակն էլ 31.000 դրամ ա, որ 10.000 դրամն էլ պահում են, սկի օրը 1000 դրամ էլ չի գալիս: Բա ես 20.000 դրամով ո՞նց ապրեմ, ինչո՞վ ապրեմ, գնամ փայ հավաքե՞մ»,-հուզված պատմում էր Ռայա տատը:

Նա դժվարությամբ էր տեղաշարժվում, քանի որ ոտքերն այտուցված էին: Ասում է, որ մեկ աղջիկ ունի, նա էլ Ռուսաստանում է բնակվում եւ ինքը լրիվ միայնակ է:

Զավեշտն այն է, որ կառավարությունը ծեր կնոջ կենսաթոշակի մի մասը պահում է, որպես չկատարած պարտավորություն, սակայն մոռանում է կատարել նույն տիկնոջ առջեւ ունեցած պարտավորությունը: 2008 թվականին Կախագն գյուղում ուժեղ քամիները վնասել են մի քանի տներ, այդ թվում Ռայա Պռազյանի տունը: Տիկնոջ ասելով՝ վնասվել է տան տանիքը եւ այնտեղ ապրելն անհնար է: Համագյուղացիներից մեկը իր տունը ժամանակավոր բնակության համար հատկացրել է Ռայա Պռազյանին: 78-ամյա կինն էլ, իր բնորոշմամբ՝ «պահակություն է անում այդ տանը»:

Հարեւանները հաստատեցին Ռայա Պռազյանի խոսքերը, ասելով, որ բոլոր պետական ատյաններին օգնության համար դիմել են, սակայն ապարդյուն: Նույնիսկ տանիքը վերանորոգելու համար գումար չեն հատկացրել ու չեն էլ հետաքրքրվել, թե բնական աղետից տուժած ծեր կինը որտեղ եւ ինչ պայմաններում է ապրում:

Կախակնի համայնքապետ Գագիկ Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Ռայա Պռազյանին հարկային մարմինը վարչական տուգանքի է ենթարկել, սակայն մանրամասներին չէր տիրապետում: Հարցին՝ երբեւէ համայնքապետարանը օգնե՞լ է թոշակառու կնոջը, համայնքապետը պատասխանեց. «Ոչ, մեկը լինի համայնքապետարանին օգնի, մենք էլ ենք կարիքի մեջ, նախկին աշխատավարձերի մասով համայնքի բյուջեն կալանքի տակ է: Իսկ եթե Ռայա Պռազյանը բողոքում է, ճիշտ է անում, իր վիճակն էլ այն չի, թոշակառու կին է»:

Գրիշա Բալասանյան

 Hetq.am

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply