ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում Տեղի ունեցավ հայ-ֆրանսիական առևտրատնտեսական համաժողով
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 24, 2012 22:55
Երկու կարևոր խնդիր կա փոքր և միջին ձեռնարկությունների համար, ովքեր ուզում են իրենց ներդրումները կատարել Հայաստանում. Առաջին խնդիրն այն է, թե ինչպես կարող են Հայաստան եկող ընկերությունները ծանոթանալ ներդրումների մասին, և երկրորդը տրանսպորտի խնդիրն է: Այս մասին այսօր Էկոնոմիկայի նախարարությունում կայացած հայ-ֆրանսիական գործարարների համատեղ տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարեց Մարսելի Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) առաջին փոխնախագահ Արթուր Հաթեմյանը:
Մարսելի ԱԱՊ նախագահ Բեռնար Հոլասյանն էլ իր խոսքում նշեց, որ պետք է համբերություն ունենալ, քանի որ ճանապարհը շատ երկար է, սակայն այդ համբերատարության հետ պետք է ունենալ նաև հավատ. “Ասեմ, որ Իսրայել պետությանը 20 տարի պահանջվեց, որ կարողանա տեղ զբաղեցնել ֆրանսիական շուկայում”:
Ի պատասխան ֆրանսիացի գործարարների այս դիտարկումներին` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն ասաց, որ, ճիշտ է, կան ինչպես տրանսպորտի, այնպես էլ լոգիստիկ և այլ բնույթի խնդիրներ, սակայն այս և մյուս խնդիրների լուծմանը և հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների բարելավմանը մեծ չափով կնպաստի ընթացքում գտնվող Ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը, որի արդյունքում Հայաստանը Եվրամիության երկրների հետ կունենա ազատ առևտրի համաձայնագիր իր բոլոր հետևանքներով:
Համաժողովին ներկա ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանն էլ իր խոսքում նշեց, որ Հայաստանում արտահանման ընդհանուր ծավալների շուրջ 20%-ն ապահովվում է փոքր ու միջին բիզնեսի միջոցով:
Կարեն Գևորգյանը հույս հայտնեց, որ մի քանի տարում մենք կկարողանանք կրկնապատկել այս ցուցանիշները:
Նա նաև կոչ արեց բոլոր հետաքրքվողներին, ովքեր ցանկանում են զբաղվել փոքր ու միջին բիզնեսով, անպայման դիմել իրենց և ստանալ համապտասխան խորհրդատվություն և աջակցություն:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
