Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Իսպանիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2012 21:52

Սեպտեմբերի 21-ին Բարսելոնայի Սանտա Կոլոմե շրջանի թաղապետարանի դահլիճում Իսպանիայում ՀՀ դեսպանության և Կատալոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա գտնվեցին տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պատվո հյուպատոսներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կատալոնիայում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս Խուան Սանմարտին Խիլը, շնորհավորական ուղերձով ներկաներին դիմեց Իսպանիայի Թագավորությունում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Բարսելոնայի հայաշատ Սանտա Կոլոմա շրջանի քաղաքապետ տկն. Նուրիա Պարլոնն իր խորին հարգանքն ու ջերմ վերաբերմունքն արտահայտեց Հայաստանի և հայ ազգի նկատմամբ` ընդգծելով Բարսելոնայում բնակություն հաստատած հայերի աշխատասիրությունն ու օրինապահ կեցվածքը: Պաշտոնական ելույթներին հետևեց հայկական երաժշտության համերգ:
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Մադրիդում` Սանտա Կարմելիտաս եկեղեցու սրահում: Միջոցառումը կազմակերպվել էր համատեղորեն` Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի հայկական եկեղեցու ծխական խորհրդի կողմից: Հրավիրյալները ներկա գտնվեցին սուրբ պատարագին, որը կատարեց Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը, այնուհետև հրավիրյալների ուշադրությանը մատուցվեց փոքրիկ համերգ, որին հայկական և եվրոպական դասական երաժշտության կատարումներով հանդես եկավ «Կատարինա Գուրցկա» երաժշտական կենտրոնի դասախոս, ջութակահար Արամ Ասատրյանը և դաշնակահարուհի Տատյանա Ստուդյոնովան: Համերգին հանդես եկան նաև Մադրիդի կիրակնօրյա դպրոցի սաները` հայկական երգերի և բանաստեղծությունների կատարմամբ:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply